Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի շենքում է ժամանակավորապես տեղավորվել ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը։
Սեպտեմբերի 27-ին էլ այդ դատարանում (նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան, դատավորներ՝ Լ. Սոսյան, Ե. Սողոմոնյան) «գրանցվեց» դատական հերթական սենսացիան։ Մինչ «բուն սենսացիային անցնելը»՝ տեղեկացնեմ, որ դատարանը քննության էր առել «Նարգիզ» ՍՊԸ նախագահ Գոռ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը «Հայ գործարարների ընկերություն» ԲԲԸ-ի հետ ունեցած վեճի առթիվ։ Վեճի առարկան, որին անդրադարձել է եւ «Առավոտը», հետեւյալն է. 1995 թ. հունիսին կնքված գրավի պայմանագրով «Նարգիզի» նախագահը ՀԳԸ-ից ստացել է 15 հազար ԱՄՆ դոլար գումարի վարկ (ամսական 4% տոկոսադրույքով)։ Իբրեւ վարկի վերադարձման երաշխիք տրամադրել էր կողմին 1087,8 քմ անշարժ գույք՝ շինություններ։ Սակայն իր հերթին Հայ գործարարների ընկերությունը գտնում է, որ Գ. Մարտիրոսյանը գրավ է դրել նաեւ իր 15 հազար քմ հողատարածքը։ Վեճը տեղափոխվել է դատական ատյաններ եւ վերաքննիչ բողոք բերելով՝ «Նարգիզ» ՍՊԸ-ի նախագահն ու փաստաբանը խնդրում էին վերաքննել Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի 20.05.99 թ. վճիռը, կատարել նոր քննություն։ Սակայն անդրադառնանք սենսացիային։
Դատական նիստում առաջինը հանդես եկան ՀԳԸ ներկայացուցիչները, որոնց ելույթը, ինչպես բնութագրեց փաստաբան Ս. Մարտիրոսյանը, ավելի շատ նման էր «թատերական վատ ներկայացման»։
Գ. Մարտիրոսյանն ու նրա փաստաբանը պահանջեցին հրապարակել վերաքննիչ դատարանում քննարկվող վճիռը, որին նախագահող դատավոր Ա. Սարգսյանը պատասխանեց. «վճիռը կհրապարակվի, երբ անհրաժեշտ կգտնի»։ Այստեղ կարելի է ասել… ռումբ պայթեց (ոչ ուղղակի իմաստով), փաստաբան Ս. Մարտիրոսյանը հայտարարեց, որ քաղգործում առկա են միեւնույն՝ Նաիրիի շրջանի դատարանի կողմից լսած, դատավոր Մանուշակ Պետրոսյանի կողմից տրված (01.11.96 թ.) գործով երկու տարբեր վճիռներ, կայացված նույն օրը։ Ընդ որում, երկուսն էլ ժամանակին օրինական ուժ են ստացել։ Փաստաբանը միջնորդեց պահանջել «մայր գործը» եւ անհրաժեշտության դեպքում կատարված կեղծիքը բացահայտելու համար նշանակել համապատասխան փորձաքննություն։ Դատարանը հարգեց Ս. Մարտիրոսյանի միջնորդությունը, որից հետո դատական նիստը հետաձգվեց մինչեւ մայր գործը ներկայացվի վերաքննիչ դատարան։ Նիստի ավարտից հետո դիմեցի Ս. Մարտիրոսյանին՝ գնահատելու աննախադեպ վիճակը։ Նա ասաց. «Միայն այն փաստը, որ դեռեւս առաջին դատական քննությունը ծնել է «երկվորյակ» վճիռներ, արդեն իսկ խոսում է ամեն ինչի մասին։ Չորս հատորանոց քաղգործը ծայրեծայր համեմված է կեղծիքներով։ Եվ եթե օբյեկտիվ քննություն կատարվի, շատ հավանական է, որ քաղգործը, ի վերջո, վերածվի քրեական գործի»։
Կարդացեք նաև
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ