Հավաքվել էին կովկասյան դեմքով մարդիկ
ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, խորհրդարանական խմբակցության ղեկավար Սերգեյ Բադալյանը Նալչիկ կատարած ուղեւորությունից հետո հավաքեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Նալչիկում տեղի էր ունեցել Կովկասի ժողովուրդների առաջին համագումարը։
Հայաստանից այդ համագումարին մասնակցում էին կոմունիստները, իսկ ընդհանրապես՝ կովկասյան երկրների ձախ ուժերը։
Ընկեր Բադալյանը գոհունակությամբ շեշտեց, որ Նալչիկի համագումարի մասնակիցներն ընդունեցին, որ միայն ձախ այլընտրանքային կողմնորոշման դեպքում է հնարավոր Կովկասի ժողովուրդների համախմբումը։ Որոշվել է ստեղծել Կովկասի ավագների խորհուրդ։ Ընկեր Բադալյանը ժխտեց լրագրողներից մեկի այն պնդումը, որ համագումարը Ռուսաստանի նախագահական ընտրությունների շեմին՝ նախագահի թեկնածուներից մեկի գովազդի նպատակ է հետապնդում, նաեւ՝ կարմիր գծի վերականգնման առաջին քայլն է արվում։ Իր ժխտումը ընկեր Բադալյանը փորձեց ապացուցել այն իրողությամբ, որ ընկեր Զյուգանովն անձամբ չէր մասնակցում համագումարին։
Կարդացեք նաև
«Կովկասյան մեծ պատերազմի վտանգի» նախաշեմին ընկեր կոմունիստները կարեւորեցին համագումարը։ Ի դեպ, համագումարին հրավիրված չեչենական պատվիրակությունը ելույթ չի ունեցել։
Կարմիրի բոցկլտումներ, այնուամենայնիվ, զգացվում էին, հատկապես այն պահին, երբ Սերգեյ Բադալյանը պատմում էր Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի կոմունիստների միջեւ կնքված պայմանավորվածության մասին։ Կովկասի երեք պետությունների կոմունիստները որոշել են վերականգնել խորհրդային տարիների «կարմիր կամրջի» խորհուրդը։ Այն պատմական կամուրջի մոտ, որով կարմիր բանակը մտավ եւ կարմրացրեց նաեւ Կովկասի այս երեսը, որոշվել է «բարի ավանդույթը» վերականգնել եւ կոմունիստներով հանդիպել ու կոմունիստական տոն սարքել։
Կովկասի ժողովուրդների առաջին համագումարի մասնակիցները դիմում են հղել Կովկասի ժողովուրդներին, տարածաշրջանի կուսակցություններին, շարժումներին, պետություններին եւ այլոց։ Որքան էլ ընկեր Բադալյանը ժխտում էր նախկին ԽՍՀՄ-ի փոքրիկ կառույց ստեղծելու նպատակները, դիմումի մեջ բոլոր «գյուղերին, աուլներին, ստանիցաներին» եւ այլնին ուղղված է հետեւյալ կոչը. «Ակտիվորեն օգտագործել ռուսաստանյան պետության եւ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միության կազմում Կովկասի ժողովուրդների համակեցության եւ համագործակցության բազմադարյա փորձը, խստորեն պահպանել բոլոր ժողովուրդների ներկայացուցչությունը պետական իշխանության մարմիններում»։
Մ. ԵՍԱՅԱՆ