Լրահոս
Օրվա լրահոսը

18 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ 8 ՄԼՆ 250 ՀԱԶԱՐ

Հոկտեմբեր 01,1999 00:00
byuje

Բայց, այնուամենայնիվ, կառավարությունը շահեց գոնե OTE-ի մասով։ Առայժմ։

Առաջիկա 21 օրվա ընթացքում Հայաստանի ճեղքված բյուջեն կհամալրվի 3 մլն 250 հազար ԱՄՆ դոլարով, իսկ հետագայում՝ եւս 5 մլն-ով։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի երեկ կայացրած վճռից հետո OTE-ն պարտավորվել է այդ գումարը վճարել Հայաստանի կառավարությանը։ Հիշեցնենք, որ TWT-ն «ԱրմենՏել» ընկերության իր 49% բաժնեմասը OTE-ին վաճառել էր 64 մլն դոլարով եւ ստացել 52 մլն-ի շահույթ, որը պետք է հարկվեր 15%-ով, այսինքն՝ TWT-ից գանձվելիք գումարը մոտ 8 մլն դոլար է։ Պետական եկամուտների նախարարությունը դատարան դիմելով նաեւ պահանջել էր հարկը չվճարելու համար կուտակված տույժերը եւ տուգանքները վճարել՝ եւս մոտ 10 մլն դոլար։ Հայտնի է նաեւ, որ TWT-ն հրաժարվում է վճարել այդ գումարը։

Երեկ մինչեւ կառավարության եւ OTE-ի միջեւ համաձայնության բովանդակության հրապարակելը՝ հունական ընկերության ներկայացուցիչը դատարանին եւս մեկ անգամ ներկայացրել է իրենց հիմնական առարկությունը, թե կառավարությունը չէր զգուշացրել, որ ըստ Հայաստանի օրենսդրության՝ վաճառքի գործարքը կնքելիս OTE-ն TWT-ից պիտի գանձեր այդ հարկը եւ փոխանցեր պետբյուջե։ Իսկ քանի որ չի գանձել՝ ըստ շահութահարկի մասին օրենքի, պարտավոր է այժմ ինքը վճարել։ Այս առիթով կառավարությունը վկա հրավիրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Էդվարդ Մուրադյանին, որը մասնակցել էր պայմանագրի կնքմանը։ Նա նշեց, թե Հայաստանի կառավարությունը, որ հանդես էր գալիս որպես կողմ, պարտավոր էլ չէր զգուշացնել հարկային պարտավորությունների մասին։

Եվ չնայած OTE-ն չի ընդունում հայցով իրեն առաջադրված պահանջները՝ հաշտության պայմանագիր կնքեց եւ պարտավորվեց առաջիկա 3 շաբաթվա ընթացքում պահանջել TWT-ից վճարել շահութահարկի մայր գումարը։ Իսկ եթե չհաջողվի համոզել՝ OTE-ն ինքը կվճարի՝ փուլ առ փուլ։ TWT-ին համոզելու համար OTE-ն մի շատ լուրջ կռվան ունի՝ ամբողջությամբ չի վճարել վաճառքի 64 մլն դոլարը, կառավարության պահանջով սառեցրել է փոխանցվելիք 12 մլն դոլարի հաշիվը (այս առիթով էլ TWT-ն է հայց ներկայացրել Լոնդոնի արբիտրաժային դատարան)։ Ըստ ամենայնի, OTE-ն 8 մլն դոլարը կառավարությանը վճարելու է հենց այդ գումարից։

Պետական եկամուտների նախարարության շահերը ներկայացնող Նիկոլայ Հակոբյանը պնդել է. «TWT-ն եղել, մնում եւ համարվում է հարկ վճարող»։

Կառավարությունը, ըստ ամենայնի, հազիվ թե հետամուտ լինի TWT-ից տույժերի եւ տուգանքների շուրջ 10 մլն դոլարը ստանալուն։

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի հաղորդման՝ պատրաստեց

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031