Եւ չի այրի կամուրջները
Մամուլում հրապարակվեց, որ ԱԻՄ-ի փոքր վեհաժողովը որոշել է նամակով Ռոբերտ Քոչարյանին հիշեցնել իր այն խոստումների մասին, թե ընտրվելուց մեկ տարի անց խորհրդարան պիտի ներկայացվեին եւ քննարկվեին Սահմանադրության բարեփոխումների որոշ դրույթներ, իսկ բարեփոխումների գործընթացը պիտի կազմակերպվեր ԱԻՄ-ի գլխավորությամբ («Հայոց աշխարհ», 29-ը սեպտեմբերի)։ Պարույր Հայրիկյանը վեհաժողովում հայտարարել էր, թե նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովն այժմ ոչինչ չի անում, եւ Ռոբերտ Քոչարյանը չի կատարում իր խոստումը։
Դիմելով նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին՝ փորձեցինք պարզել Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքն այս բոլոր մեղադրանքների նկատմամբ։ «Ճշմարիտ է, ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում կա սահմանադրական փոփոխություններ իրականացնելու խոստում,- ասաց պրն Գաբրիելյանը։- Այդ նպատակով նախագահի հրամանագրով ստեղծված է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողով եւ գործադրվելու են անհրաժեշտ ջանքեր, որպեսզի առաջարկվող բարեփոխումների փաթեթը մինչեւ 1999 թ. վերջը, ինչպես եւ խոստացված էր, ներկայացվի Ազգային ժողով։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «բարեփոխումները ԻՄ-ի գլխավորությամբ կամ ղեկավարությամբ անցկացնելուն», եթե դա, իհարկե, ԻՄ-ի վեհաժողովում հնչած մտքերի ճիշտ վերարտադրություն է մամուլի կողմից, ապա բնական է, որ նման խոստում չէր կարող լինել։ Պարույր Հայրիկյանի՝ խորհրդարանում ներկայացված կուսակցության ղեկավարի հետ եղել է նշյալ հանձնաժողովը գլխավորելու մասնավոր պայմանավորվածություն։
Իր գործունեության սկզբնական փուլում, սակայն, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը կուսակցականացված էր եւ ավելի շուտ առաջնորդվում էր քաղաքական շարժառիթներով։ Հանձնաժողովի աշխատանքը, որի արդյունավետությունը չէր բավարարում ՀՀ նախագահին, անհարկի դանդաղում էր, որովհետեւ նիստերն անց էին կացվում ոչ աշխատանքային մթնոլորտում, բազմաթիվ լրագրողների ներկայությամբ։ Ասենք, այդ մասին լավատեղյակ է հենց ինքը՝ պրն Հայրիկյանը, որ երկար ժամանակ գլխավորում էր հանձնաժողովի աշխատանքները։ Ինչպես նախօրոք հայտարարված, այնպես էլ այս պատճառներով հանձնաժողովի կազմը փոխվեց եւ այն այժմ զուտ մասնագետներից կազմված մարմին է, որն արդյունավետ կերպով գործում է համապատասխան աշխատանքային մթնոլորտում»։
Ա. Ի.