Ցավոք, «Առավոտի» այս համարում չենք կարող ներկայացնել նախապես հայտարարված բացառիկ հարցազրույցը ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Վանո Սիրադեղյանի հետ, քանի որ վերջինս, չնայած նախնական պայմանավորվածություններին, առժամանակ հետաձգեց այն։
Այնուամենայնիվ, կարճ զրույցի ընթացքում պրն Սիրադեղյանը պատասխանեց այն հարցին, թե ինչպես է վերաբերվում դատավարության ձգձգման առնչությամբ այլ ամբաստանյալների բողոքներին։ Նրա տեսակետն էր, թե այդ զինվորականներին թերեւս վստահեցրել են, որ պատասխանատվություն չեն կրելու. «Եվ սպասում են, թե շատ արագ ու հանգիստ դուրս են գալու եւ իրենց տները գնալու։ Այնինչ նման բան ոչ միայն չի եղել, այլեւ հնարավոր չէր, որ լինի։ Նրանք ուղղակի պիտի գիտակցեն դա։ Նրանցից կեղծ ցուցմունքներ են կորզել առաջին հերթին իրե՛նց դեմ։ Իսկ իրենք մտածում են, թե սպաներ են, հրաման են կատարել եւ իրենց այդպես են պահում»։
Միայն այս հարցին անդրադառնալուց հետո, Վանո Սիրադեղյանը մեզ նաեւ տրամադրեց մի գրություն, որում արտահայտված մտքերը նախապես մտադիր է եղել օգտագործել հարցազրույցում։ Դրան ծանոթությունը ակամա զուգահեռ առաջացրեց՝ հիշեցինք սեպտեմբերի 28-ին խորհրդարանում Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի ելույթի այս հատվածը. «… Մեր մովսեսները կուշտ էին եւ լույս էլ ունեին, եւ նրանց երեխաները մթից չէին տառապում, որովհետեւ Ժնեւում էին սովորում, իսկ այնտեղ ՀՀՇ-ն իշխող չէր։ Արդյունքում հրեաները ստացան Ավետյաց երկիր, մենք՝ ավերակ, եւ հիմա նոր փորձում ենք ինչ-որ բան խելքի բերել»։
Եվ այսպես, Վանո Սիրադեղյանի անուղղակի պատասխանը. «Այսինքն՝ թող երկրի ղեկավարը մթան մեջ աստիճաններից պատահաբար, այո, պատահաբար ընկնի-մեռնի։ Ինչպես առաջին հանրապետության առաջին ղեկավար Արամ Մանուկյանը տիֆից, պատահաբար, մեռավ, մեր երկրի համար ամենաճակատագրական պահին։ Եթե երկրում սով, գաղթականություն ու տիֆ է, թող տիֆից ազգի ղեկավարը մեռնի։ Եթե երկրում մութ է ու պատերազմ, թող երկրի ղեկավարն էլ լույս չունենա, որ քարտեզ չնայի, որ գերագույն հրամանատարը գլխավոր շտաբի հետ հեռախոսային կապ ունենա հովհարային անջատումների արանքներում։ Որ ցրտից անքուն մնա, անլվա պառլամենտ գնա ու դիվանագետներ ընդունի՝ անթրաշ։ Հենց այդպես։ Եթե դեմոկրատիա է, ինչ ղեկավար։
Կարդացեք նաև
Հենց այդպես, որովհետեւ մեր ղեկավարը պիտի հայ չլինի, այլ քրդի բեկ եւ թուրք բեկ։ Նաեւ ռուս չինովնիկ։ Եթե հայ է, ինչ ղեկավար։ Մենք հասարակ թուրք, հասարակ ռուս, հասարակ պարսիկ ազգ չենք, այլ բացառիկ, իսկ երկրով՝ ծովից ծով, իսկ ճակատագրով՝ սրի քաշված»։
Ըստ որոշ տեղեկությունների, ժամանակին հենց Վանո Սիրադեղյանն էր կարգավորել այն խնդիրը, որ Քանաքեռի ՀԷԿ-ից մշտական հոսանք տրամադրվեր Հրազդանի կիրճում գտնվող պետական առանձնատներին, որտեղ բնակվում էին երկրի ղեկավարները։ Թերեւս վերոշարադրյալ որոշ անհրաժեշտությունների գիտակցումն էր պատճառը։ Սակայն պետական ամառանոցներում նաեւ դժբախտ դեպք էր եղել հովհարային անջատումների հետեւանքով։ Ցավալի է հիշեցնել, բայց Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի մոր մահվան պատճառը դա էր։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Ի դեպ, Հայաստանում այժմ էլ ժողովրդի մեծամասնության եւ ղեկավարների ապրելակերպի միջեւ մի հսկայական վիհ կա, բայց Վահան Հովհաննիսյանի քննադատական մոլուցքը միայն նախկին իշխանությունների վրա է տարածվում։ Եվ ինքն էլ, մեղմ ասած, սովածի տպավորություն չի թողնում՝ ի հակադրություն նաեւ այսօր մի կտոր հացի բազմաթիվ կարոտյալների։