«Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը երեկ դարձյալ հեռախոսազրույց է ունեցել Վաշինգթոնում գտնվող կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Հակոբյանի հետ։ Ի շարս այլ հարցերի, թղթակիցը հետաքրքրվել է՝ Վազգեն Սարգսյանը դեռ տարեսկզբին հրապարակավ հայտարարել էր, որ այս տարի ամուսնանալու է, հնարավո՞ր է, որ առաջին հեռավոր ճամփորդության արդյունքում վարչապետն Արեւմուտքից հարսնացու բերի։ «Այս պատվիրակության անդամներով եւս մի եզրակացության եկանք, որ եթե հայ տղամարդն ուզում է գեղեցիկ հարսնացու գտնել, ապա դրա միակ վայրը Հայաստանն է եւ որոշակիորեն Երեւանը,- ի պատասխան ասել է Տիգրան Հակոբյանը։- Այսինքն, ես չեմ կարծում, որ բացի Երեւանից ու Հայաստանից՝ վարչապետն այլ տեղ նույնիսկ եթե փնտրի՝ իրեն համապատասխան հարսնացու կգտնի»։
ԿԱՌՈՒՑԵՆՔ ԵՎ «ԲՈՒԺԵՆՔ»
Սեփական աշխատասենյակի վերանորոգման տենչն արթնացել է ոչ միայն դատախազ Աղվան Հովսեփյանի սրտում։ Նույն ցավով է տառապում նաեւ Բժշկական պետական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը։ Բուհի ուսանողները ապրիլից կրթաթոշակ չեն ստացել։ Թե ինչպես է համատեղվում այս տխուր իրողությունը ռեկտորի աշխատասենյակի եւ հանգստի սենյակի շքեղ «եվրոռեմոնտի» հետ, պրն Հակոբյանը բացատրում է հետեւյալ կերպ. «Թոշակների գումարը թող կառավարությունը տա, իսկ իմ աշխատասենյակը վերանորոգվում է վճարովի ուսանողների ուսման վարձից»։
Կարդացեք նաև
ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՓՈԽՈ՞ՒՄ ԵՆ
Ըստ չճշտված լուրերի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին կարող են տեղափոխել նախկին նախարարների մշտական «աքսորավայրը»՝ նախագահի խորհրդականի պաշտոնին։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնին հնարավոր հավակնորդների թվում նշվում է Խոսրով Հարությունյանի անունը։
ԳԵՂԱՄՅԱՆԸ, ՉՈՒԳՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՅՈԼԸ
Հոկտեմբերի 6-ին վերաքննիչ դատարանում լսվելու է «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարցը։ Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը լրագրողին թերթի հրապարակումների համար դատապարտել է մեկ տարի ազատազրկման։