Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԵԼՈՔԻՆ՝ ՄԵԿ, ԱՆԽԵԼՔԻՆ՝ ՀԱԶԱՐՈՒՄԵԿ»

Օգոստոս 31,1999 00:00
lrutyun

Հայաստանի Հանրապետության եւ «Անդրե գրուպի» միջեւ համագործակցելու ցանկությունը դարձյալ բորբոքվել է։ Դեռեւս 90-ականների սկզբին դրվեց համագործակցության հիմքը, սակայն, եթե հիշում եք, առաջին հանդիպումը երջանիկ ավարտ չունեցավ։ Այն ժամանակ ՀՀ արտաքին տնտեսական հարցերով նախարար Եսայի Տեր-Ստեփանյանը երեք միլիոն դոլարի չափ գումար փոխանցեց Շվեյցարիա։ Հրանտ Բագրատյանի տվյալներով, որն 91 թվականին մի կարճ ժամանակ հանրապետության վարչապետի պաշտոնակատար էր, իրեն հաջողվել է այդ հաշիվը գրանցել ՀՀ կառավարության անունով։ Այդ երեք միլիոն դոլարը մեկ տարի մեջտեղներում այդպես էլ չերեւաց։

Բագրատյանը հանրապետության երբեմնի գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին հանձնարարել էր պարզել՝ ինչն ինչոց է, սակայն դատախազությունը հանցակազմ չէր գտել։ Եսայի Տեր-Ստեփանյանն, ամեն դեպքում, աշխատանքից ազատվեց։

98-ի հուլիսին ՀՀ-ի եւ «Անդրե գրուպի» միջեւ համագործակցության նոր պայմանագիր է կնքվել։ Խոսքը 6,2 մլն դոլարին համարժեք վարկային ծրագրի մասին է՝ «Պահածոների գործարանների վերակառուցման ծրագիր» պայմանական անունով։ Այդ ծրագրով (որից մասնաբաժին ունեն Համաշխարհային բանկը, ԱՄՆ-ի գյուղնախարարությունը, Լինսի հիմնադրամը, Հայաստանը, «Անդրե գրուպը» եւ այլն) նոր արտադրամասեր են բացվելու Հայաստանի պահածոների չորս գործարաններում։ Կարտադրվի լոլիկի մածուկ, ծիրանի եւ դեղձի խտազանգված։ Ըստ լրագրողներիս բաժանված տեղեկանքների՝ «Անդրե գրուպը» ներդրել է տեխնոլոգիաներ, երաշխավորում է նաեւ արտադրանքի սպառումը։ Երեկ հագեցած ծրագրով Հայաստան եկավ «Անդրե գրուպի» շվեյցարական ընկերության տնօրեն Ռայմոնդ Կրետինին՝ իր պատվիրակության հետ։ Իրեն չկաշկանդելով պաշտոնական հանդերձով՝ կոստյում, փողկապ եւ այլն, բավարարվելով կարճացած տաբատով ու սպորտային մաշիկներով, նա ողջագուրվեց ՀՀ արդյունաբերության փոխնախարար Մովսես Զավարյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ «այլ պաշտոնական անձանց» հետ։ Պրն Կրետինիի կարճ ու անորոշ մտքերից պարզ դարձավ, որ այստեղ գալուց առաջ պարզել է, թե Հայաստանում սպառվող սուրճի մոտ 80 տոկոսն առաքվում է իր ընկերության կողմից։

90-ականների սկզբին Հայաստանի եւ «Անդրե գրուպի» կնքած պայմանագրի մասին հիշողություններ պրն Կրետինիի մտքում չարթնացան։ Օդանավակայանում «դիմավորվելուց» հետո շվեյցարական պատվիրակությանը սպասում էր հանգիստ, ապա եւ պաշտոնական ճաշկերույթ՝ ՀՀ նախագահի անունից։ Այսօր «Անդրե գրուպի» ներկայացուցիչները կպտտվեն Հայաստանի մի քանի մարզերում, հանրապետության նախագահի հետ համատեղ կմասնակցեն «Մափ» գյուղատնտեսական մթերքների վերամշակման գործարանի հանդիսավոր բացմանը։ Մյուս օրն արդեն նրանց սպասվում է մեր ավանդական Էջմիածինն ու Գառնի-Գեղարդը։ Մասիս սարը նրանք դեռ օդանավակայանում հասցրին տեսնել։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031