Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացի մարդի, ունեցա որդի…»

Օգոստոս 31,1999 00:00

Էջմիածնից ԱԺ պատգամավոր դարձած Հակոբ Հակոբյանը, նույն ինքը՝ Ճոյտը, առիթը բաց չի թողնում հայտարարել, թե ինքն էնքա՜ն մարդու է լավություն արել։ Որպես հերթական լավ գործ, առաջարկել ենք, որ պրն Ճոյտը (նույն ինքը՝ ԱԺ երեք Հակոբ Հակոբյաններից մեկը) սրտանց օգնի Զվարթնոցի փախստականներին եւ դեպի քոթեջներ ջրագիծ անցկացնի։

«Կիկոսի մահը» մանկությանս ամենավախենալու հեքիաթն էր։ Հենց որ սկսում էին պատմել, ձենս գլուխս գցած լաց էի լինում։ Հենց այս ամենավախենալու հեքիաթի մոտիվներով մի պահ պատկերացնենք, թե ինչ կլինի, եթե էս երկրի իշխանավորները ստիպված փախստական դառնան, էն էլ՝ օր ծերության։ Հայտնվեն Հայաստանի անջուր, հետեւաբար անծառ ու անծաղիկ արձակ քարերի մեջ կառուցված քոթեջներում։ Հաստատ նրանք էլ ձենները գլուխները գցած ստիպված կլինեն լաց լինել։ Կհիշեն իրենց ապրած լավ օրերը ու շատ կափսոսեն, որ ժամանակին փախստականների հարցերով մի կարգին չեն զբաղվել, ծերերի հոգսերը թեթեւացնելու ուղղությամբ ոչինչ չեն արել։ Հեքիաթների աշխարհից վերադառնանք։ Էջմիածնի մայրուղու վրա «Զվարթնոց» թաղամասն է, սրանից դուրս, դաշտի ամայության մեջ ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը 1995-ին մի քանի իսկապես հարմարավետ քոթեջներ կառուցեց։ Բայց, ինչպես լինում է սովորաբար, միջազգային կազմակերպությունն իր գործն արեց, իսկ ՀՀ կառավարությունը չկարողացավ ջրի եւ ճանապարհների հարցը լուծել։ Անջուր ու անխանութ, Էջմիածնից ու աշխարհից աքսորվածի պես ապրում են փախստականները։ Քոթեջներից մեկն էլ հարմարեցված է այն փախստականների համար, ովքեր միայնակ են եւ ծեր։ Ծերը երեխայից էլ դյուրազգաց է, մի բան էլ ավելի։ Եթե երեխային մի հարց տալիս ես, նա լսում է ու հետո է սկսում լաց լինել, իսկ ծերերը՝ առանց հարցը լսելու արդեն պատրաստ են լաց լինելու։ Փախստական ծերերը նույնիսկ լաց լինելու հավես չունեն։

Ելիզավետա Եփրեմովնա Հակոբովան Բաքվում անգլերենի ուսուցչուհի է աշխատել 30 տարի։ Հիմա 70 տարեկան է, 1989-ից՝ անտուն, անաշխատանք եւ անհույս։ Բաքվից իր հետ գրքեր է բերել, գրողների գիպսե արձանիկներ եւ հիշողություն։ Մտավորականի կին է, թատրոնի, կինոյի մարդկանց հետ շփումների կարոտ։ Վերջերս գյուղում միայնակներից մեկը մահամերձ էր։ Ոչ ոք նրան չէր մոտենում, միայն Ելիզավետա Եփրեմովնան էր մահամերձի մահճակալի մոտ։ Ինքը ընտանիք չունի, երեխաներ չի ունեցել։ Գյուղի երեխաներին անվճար անգլերեն է սովորեցնում, օգնում է հարեւաններին։ Երազում է Երեւանում ապրել ոչ թե՝ որ մայրաքաղաքաբնակ կոչվի, այլ, որ թատրոն ու կինո գնալու հնարավորություն ունենա, ծորակը բացի եւ ջուրը հոսի։ Օգնում է բոլորին, որ երբ մեռնի, ասեն՝ բարի մարդ էր։ Իր անօգնականության համար ոչ մեկին չի մեղադրում։

Ալլա Խաչիկովնա Կարագյոզովան Կիրովաբադից Հայաստան է եկել 1988-ին, երկրաշարժի օրը։ Ապրել է Վայոց ձորի մարզում, հետո՝ Էջմիածնում, հիմա՝ Զվարթնոցի քոթեջում։ Թաղել է չորս զավակներին, իսկ այստեղ՝ մորը։ Թաղման հարցերով ոչ ոք չի օգնել, դիմել է, որ բնակավայրին ավելի մոտ գերեզմանատանը թաղելու թույլտվություն ստանա, «դոլար ուզեցին»։ Հիմա մենակ է ապրում, բուլղարական պղպեղ է աճեցնում ու մի կերպ գլորվելով ջուր է բերում նաեւ ծաղիկների համար։ Եթե ժամանակ առ ժամանակ գալիս են ծերերին այցելության, ապա՝ ներկա-բացակայի համար։ Այսինքն՝ ո՞վ մեռավ, ո՞վ դեռ չի մեռել։ Ծերերի հանդեպ բացարձակ անտարբերություն է։ Միակ լուսավոր կետը «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունն է։ Կազմակերպության բժիշկն ու աշխատողները հաճախակի այցելում են ծերերին:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031