Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՆԽՌՈՎ ՉԻ ԵՂԵԼ, ՉԻ ԵՂԵԼ ԿՅԱՆՔԸ ՔՈ»

Օգոստոս 31,1999 00:00
Robert Qocharyan

Ծնունդդ շնորհավոր

45 տարի առաջ վարպետ Սեդրակին աչքալուսանք տվողներից ո՞ւմ մտքով կանցներ, որ ոչ թե սովորական արու զավակ, այլ թագավոր-տղա է ծնվել։ Երեւի նույնիսկ ինքը՝ վարպետ Սեդրակն էլ չէր պատկերացնում, թե որդին մեծանա՝ նախագահ է դառնալու։ Մտքներում այդ երազանքը փայփայվել է թե ոչ, չգիտենք, փաստը մնում է փաստ, որ վարպետ Սեդրակի որդի Ռոբերտ Քոչարյանը բավականին ժամանակ է արդեն Հայաստանի Հանրապետության նախագահն է եւ այսօր իր 45-ամյա հոբելյանը տոնում է նախագահական բարձունքից։ Պետությունների ղեկավարները սովորական մահկանացուներիցս տարբերվում են նաեւ ծննդյան տարեդարձները տոնելու առումով։ Բնականաբար, նրանց շնորհավորողների ցանկն էլ չափազանց ներկայացուցչական է լինում (այլ երկրների նախագահներ, հայտնի քաղաքական գործիչներ, արվեստի տիտղոսավոր դեմքեր)։ Որոշ երկրներում նախագահի տարեդարձի տոնելու առիթով հատուկ արարողակարգ է գործում։ Էլ չեմ խոսում Անգլիայի թագուհու տարեդարձի մասին, որն ամեն տարի վերածվում է համաժողովրդական տոնակատարության։ Ինչ խոսք, Անգլիայի հետ «ոտք մեկնելու» ցանկություն չունենք, բայց մենք էլ «մեր վերմակի չափով» պետք է չէ՞, որ նշենք մեր պետության նախագահի տարեդարձը։ Այ, այդ չափն էլ պարզելու համար նախ դիմեցի նախագահի լրատվական ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանին։ Նա բառացիորեն հաղորդեց նախագահի խոսքերը. նախագահը նախընտրում է նեղ ընտանեկան միջավայրը։

Որքան էլ նախագահը նախընտրի ընտանեկան ջերմությունը, այդուհանդերձ, մտածում էի՝ չի կարող «խուսափել» քաղաքական, հասարակական կազմակերպությունների շնորհավորանքների տարափից։ Դիմածս գրեթե բոլոր կուսակցություններն անգամ տեղյակ չէին, որ այսօր նախագահի ծննդյան օրն է եւ հատուկ շնորհակալություն հայտնեցին այդ կարեւոր տեղեկությունը հայտնելու համար։ (Այնպես որ, կուսակցություններից ստացված նվերների 10 %-ն արդարացիորեն մեզ է հասնում)։

ԻՄ գրասենյակում, երբ իմացան նախագահի ծննդյան առիթով եմ զանգահարում՝ գրեթե 30 րոպե պահանջվեց, որպեսզի լսափողը վերցնի ԻՄ դիվանի փոխխոսնակ Նորայր Խանզադյանը։ Ես մտածեցի, որ այդ ընթացքում նրանք հասցրեցին դիվանի մինի նիստ անցկացնել։ «Այո, մենք տեղյակ ենք, որ վաղը (այսօր- Լ. Մ.) նախագահի ծննդյան օրն է եւ պատրաստվում ենք շնորհավորել նրան։ Ցանկանում ենք նախագահին հաջողություններ՝ ի փառս հայ ժողովրդի եւ Հայաստանի բարօրության»,- լսափողում հնչեց Խանզադյանի պաթետիկ ձայնը։

ՀՅԴ ԳՄ գրասենյակում, իրենց խոսքերով ասված, պատասխանատու անդամներից ոչ ոք չկար, ուստի խորհուրդ (նաեւ՝ հեռախոսահամարը) տվեցին դիմել Արմեն Ռուստամյանին։ Նա տեղեկացրեց, որ կուսակցությունը շնորհավորում է նախագահին, բայց թե ինչպես, կամ ինչ պետք է նախատեսել, ինքը տեղյակ չէ։

Նվերի հարցում ամենաօրիգինալը ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանն էր. «Ես տեղյակ չեմ, որ նախագահի ծնունդն է։ Քանի՞ տարեկան է դառնում (տեղեկանալով, որ 45-ամյակն է- Լ. Մ.), նախ այդքան էլ հոբելյանական չի։ Ամենայն հավանականությամբ կուսակցությունից շատերը տեղյակ չեն, վարչությունն այդ հարցը չի քննարկել, բայց երեւի կշնորհավորենք եւ պարտադիր չէ, որ դա ձեր թերթի միջոցով արվի։ Նվերներն ամենամոտիկներին են տալիս (երեխաներին, բան)։ Այս պայմաններում ես չեմ պատկերացնում, թե Արշակ Սադոյանն ինչ կարող է նվիրել Ռոբերտ Քոչարյանին»,- հարցերիցս գրեթե բարկացած ասաց Արշակ Սադոյանը։

Նախագահին շնորհավորելու հարցում ավելի խիստ էր ՀԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը. «Անտեղի հարցեր եք տալիս, այդպես էլ գրեք»։

ՀՀՇ-ում էլ, պարզվեց տեղյակ չեն նախագահի տարեդարձի մասին, իսկ շնորհավորելու կապակցությամբ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը նշեց. «Նախագահին շնորհավորելու սովորություն չունենք»։ «Նախկին նախագահին չէի՞ք շնորհավորում» հարցիս՝ պրն Հովակիմյանը պատասխանեց. «Նախկին նախագահը մեզ հետ էր նշում»։ Պարոն Հովակիմյանն անգամ չցանկացավ որեւէ մաղթանք հղել ներկայիս նախագահին։ «Շնորհակալ եմ, որ հայտնեցիք, քանի որ տեղյակ չէինք։

Անպայման մաղթանքներ կհղենք նախագահին, իսկ նվերներն ընդունված չեն»,- ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։

Գրեթե նույն կերպ պատասխանեց նաեւ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը. «Նախ շնորհակալություն կարեւոր լուրը հայտնելու համար, երկրորդն էլ, վաղը խորհրդի նիստ ունենք՝ կքննարկենք, երեւի կշնորհավորենք»։

Համոզված ենք, որ այսօր ընտանեկան ջերմ միջավայրում հոբելյանական սեղանի շուրջ հավաքված մարդիկ նախագահին կհղեն իսկապես անկեղծ մաղթանքներ։

Ուստի, մենք էլ շնորհավորելով նախագահին՝ ցանկանում ենք, որ նրա օրոք արդեն Հայաստան պետությունն այնպիսի զարգացում ապրի, որ նախագահի տարեդարձը տոն լինի ոչ միայն իր ընտանիքի անդամների, այլ նաեւ ՀՀ քաղաքացիների համար, ինչպես Անգլիայում։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031