Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ

Օգոստոս 31,1999 00:00
arevtur

Եթե Երեւանի քաղաքապետի որոշումը փողոցային առեւտուրը արգելելու մասին անցավ միայն փոքրիկ հանրահավաքներով, ապա Լոռու մարզում նույնացվող որոշումը ավելի հետաքրքիր արձագանքներ ունեցավ։

Մարզպետ Հենրիկ Քոչինյանը իր այս որոշումը պատճառաբանել էր հետեւյալ կերպ. փողոցում առեւտուր անող կանայք իրենց բնական կարիքները հոգալու համար զուգարան չգտնելով՝ գնալու են շենքերի մուտքերը, ապա ձեռքերը իրենց շրջազգեստներով մաքրելով, շարունակելու են առեւտուրը։ Փողոցային առեւտրի արգելման որոշման մասին այդ կանայք տեղեկացել են շենքերի մուտքերում, ապա ձեռքները շրջազգեստներով մաքրելով շարժվել են քաղաքապետարան։ Այնտեղ նրանց բացատրել են, որ քաղաքապետարանն այդ որոշման հետ որեւէ առնչություն չունի եւ անհրաժեշտ է դիմել մարզպետարան։

Մոտ 30 զայրացած կանայք ներխուժում են մարզպետ Հենրիկ Քոչինյանի աշխատասենյակ։ Վերջինս, ըստ ականատես կանանց, ընդունում է պաշտպանվող բռնցքամարտիկի կեցվածք եւ պահանջում, որ ոստիկաններ գան իր անձի անձեռնմխելիությունն ապահովելու համար։ Ի վերջո, հենց այդպես էլ լինում է։ Կանանց ոստիկանական միջոցներով դուրս են հանում մարզպետի խիստ հիգիենիկ առանձնասենյակից։ Բայց կանանցից մեկը հայտարարում է, որ մարզպետն իրեն հարվածել է։ Սույն կինն իրեն պահում էր ճիշտ մարզպետի կողմից ծեծվածի նման. ոտքերը թուլանում էին, սիրտը սկսում էր արագ աշխատել։ Նրան էլ օգնում է շտապօգնությունը։ Իրեն մարզպետի կողմից ծեծված համարվողը դիմում է դատական բժշկի, դատարան, սակայն մերժվում է, քանի որ հարցը վերաբերվում է մարզպետին, այսինքն՝ մեր անկախ ազատականության հիմքերին։ Վստահորեն ասել, թե մարզպետը որեւէ մեկին հարվածել է՝ մենք չենք կարող, մանավանդ որ, նման դեպքում այն անպատասխան չէր մնա։

Վանաձորում ենթադրում են, որ փողոցային առեւտրով զբաղվողները պետք է տեղափոխվեն թիվ 6 դպրոցի բակում կառուցվող նոր շուկայի շենքը։ Սա, թերեւս, ավելի հիգիենիկ է, երբ դպրոցն ու շուկան միաձուլվում են մեկ ընդհանուր համալիրում։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031