Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆԿԵՂԾ ԷՐ

Օգոստոս 31,1999 00:00
Vazgen sargsyan

Այն պարզ պատճառով, որ վարչապետ Վազգեն Սարգսյանի ելույթը խորհրդարանում եզրափակիչ բնույթ ուներ, քննարկման չարժանացավ, սակայն, մեր կարծիքով, նրանում կային մտքեր, որոնք արժանի են ուշադրության։ Ի՞նչ են սրա մասին մտածում երկրի կարեւոր քաղաքական ուժերը։

Այս հարցի պատասխանը փորձել ենք պարզել նրանցից մի քանիսի հետ զրուցելով։

Մեր առաջին զրուցակիցն է Հայկոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը։ Նրա վերաբերմունքը, իր իսկ խոսքերով ասենք, ելույթի նկատմամբ պոզիտիվ է. «Վարչապետը ոճ ունի, որը մինչ այդ չենք տեսել՝ ազնվություն, նաեւ՝ սրտացավություն, ինչը չի կարող չգնահատվել։ Վազգեն Սարգսյանը ի ցույց դրեց վիճակի բոլոր պատճառները։ Անկեղծ էր ելույթը»,- շարունակեց Սերգեյ Բադալյանը։

«Կարեւոր եմ համարում նաեւ, որ վարչապետը նկատել տվեց պետության կարգավորիչ դերի բարձրացման անհրաժեշտությունը»։ Ընկեր Բադալյանի ընկալմամբ, վարչապետի ելույթում նոր էր եւ այն, որ ի ցույց դրվեցին պետական կառավարման կառուցվածքի արատավոր երեւույթները, «որոնք պարզորոշ երեւում էին բոլորին, բայց, որոնք պարզ չէին մեր երկրի ղեկավարներին։

Հայկոմկուսն այս ամենը գնահատում է՝ միաժամանակ փաստելով, որ երկիրն հիմա կանգնած է լուրջ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջեւ՝ նոր լրջագույն բյուջե եւ կառավարության ծրագիր ստեղծելու նախաշեմին, եւ առիթը պիտի օգտագործվեր բեկումնային մոտեցումներ դրսեւորելու համար։ Մենք դա չզգացինք»։

Սերգեյ Բադալյանի կարծիքով, բեկումը պետք է լիներ առաջին հերթին արտասահմանյան վարկատուների հետ բանակցություններում, որոնց մեղքով եւ, ըստ կոմունիստների առաջնորդի, ստեղծվել է այս սոսկալի վիճակը. «Դա բացահայտորեն պիտի ասվի։ Ինչու ենք մենք ստորանում նրանց առջեւ։ Ինչու ենք մենք նրանց կամակատարները դարձել։ Լուրջ փոփոխություններ են հարկավոր։ Արտաքին քաղաքականության ուղղվածությունը պիտի փոխվի։ Բոլոր նախադրյալները կան, որպեսզի վարչապետը հասկանա՝ այսօր լուծումներ չկան այն տիրույթում, որտեղ այն որոնվում է։ Այդ տիրույթն արատավոր է։

Լուծումները միանգամայն այլ տեղ են՝ էկոնոմիկայի կարգավորման գործում, որից, ընդգծեմ, անհապաղ պետք է վերականգնվի պետության կարգավորիչ դերը։ Իհարկե, վարչապետն այսօր ծանրագույն վիճակում է։ Այն մենաշնորհները, որ կան բենզինի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների եւ հացահատիկի, մենք շատ լավ գիտենք, տարբեր խմբավորումների եւ անձանց հսկողության տակ են։ Տարբեր մարդկանց եւ չի բացառվում՝ նաեւ պետական ուսադիրներ կրողների։ Կամքը հենց այստեղ է պետք դրսեւորել։ Սա արդարացված է ե՛ւ տնտեսապես, ե՛ւ պետականորեն, որպեսզի երկրում կարգուկանոն հաստատվի»։ Այն մարդկանց մի մասը, որոնք ընդգրկված են կառավարության կազմում, Սերգեյ Բադալյանի գնահատմամբ, ծանր վիճակի մեջ են դրել Վազգեն Սարգսյանին, քանի որ ընդունակ չեն ռացիոնալ դաշտում լուծումներ որոնել։

«Մարդկային տեսակետից, իհարկե, վարչապետի ելույթն ընդունելի էր, համակրելի էր, բայց պետական-տնտեսական իմաստով, մենք սպասում ենք ավելի լուրջ մոտեցումների»։ Վարչապետն իր ելույթում ասաց նաեւ, որ եթե ամբիոնից իր կարգավիճակով Սերգեյ Բադալյանն ու Հրանտ Խաչատրյանն էլ ելույթ ունենային՝ էլի նույն բանը պիտի ասեին։

Սերգեյ Բադալյանն այս առիթով ասաց. «Ես վարչապետի հետ համաձայն չեմ։ Ամենայն հարգանք տածելով նրա նկատմամբ՝ նույն բանը չէի կարող ասել ինչ-որ տեղ, կողմնակիորեն միգուցե, Վազգեն Սարգսյանը հանդիսանում է այն գաղափարների իրականացնողը, որոնք առաջ է քաշում Հայկոմկուսը։ Մեր կարծիքով, ռուս-հայկական ռազմաքաղաքական դաշինքի գաղափարակիրն ու առաջամարտիկն ինքն է այսօր կամա, թե՝ ակամա։ Այն էվոլյուցիան, որը նրան դարձրել է պետական գործիչ, պարտադրում է, որ հաջորդ քայլերը եւս անի վարչապետը»։

Հրանտ Խաչատրյանը վարչապետի ելույթի այդ մասը դիտարկեց այլ տեսանկյունից՝ հավանաբար Վազգեն Սարգսյանը մատնանշեց Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքով ամենածայրահեղ ուժերը՝ անկախական եւ հանձնվողական՝ ընդգծելով, որ երկու տեսակետից էլ Ռուսաստանը նոր տնտեսական քաղաքականություն է վարում։

Ինչ վերաբերում է բուն Վազգեն Սարգսյանի ելույթին. «Եթե չիմանայինք, որ վարչապետն է խոսում, կիսաընդդիմադիր գործչի ելույթ էր, եւ այդ իմաստով, իհարկե, բովանդակալից»։ Վարչապետը մի քիչ կոտրված էր՝ նրա մի շարք խոստումներում նկատելի էր նախկինում ակնհայտ ոգեւորության պակաս. «Դա մասնավորապես զգացվեց, երբ նա ասաց, թե հույս ունի բյուջեում հիմնականում միջոցներ ներգրավել ստվերային տնտեսությունից, բայց պարզվեց՝ ստվերը կարճ է»։ Սա, Հրանտ Խաչատրյանի կարծիքով, ամբողջ ճշմարտությունը չէ, որովհետեւ խոսքը ոչ թե խնդիրները ստվերային գործարքներից հարկերն հավաքելու ճանապարհով լուծելու մասին է, այլ՝ նախկինում կողոպտվածը հետ բերելու։

«Վարչապետն, ըստ էության, զգացել է ՀՀ կախվածությունը միջազգային կազմակերպություններից, թեպետ ինքն էր պայքարի մունետիկն անափ լիբերալիզմի դեմ։ Այս հանգամանքը, ինչպես նաեւ 2000 թվականի բյուջեն միասնաբար մշակելու հրավերն այնքան էլ խոստումնալից հեռանկարներ չեն բացում, որովհետեւ ԱԺ-ին միասնաբար տնտեսական քաղաքականություն մշակելու կոչից հետո էլի վարչապետը միայնակ որոշեց բենզինի գների բարձրացման, բյուջեի վերաբաշխման հարցերը»։

Մեր հաջորդ զրուցակիցը ՀՅԴ պատգամավորական խմբի քարտուղար Ռուբեն Հակոբյանն էր. «Հստակ էր, որ ելույթում անկեղծություն կար եւ ցանկությունն էր նկատելի, որ ուզում է ինչ-որ բան փոխել։ Ամեն մի նոր պաշտոնյա հարկ է համարում ասել, որ ազգն անդունդի եզրին է, որպեսզի հետո գործ չանելով էլ փաստի, թե ազգն անդունդը չգլորվեց։ Դրական է, որ Վազգեն Սարգսյանը նման բան չասաց։ Ես այնպես ընկալեցի, որ ծանր վիճակի պատճառները վարչապետը տեսնում է Հայաստանում, բուն Հայաստանում։ Դա շատ կարեւոր է։ Եթե ձեռքդ հասնում է պրոբլեմի լուծման տեղին եւ եթե այն չես լուծում, ուրեմն ինքդ ես մեղավոր։ Բարոյական, հուզական հարթության վրա էր այն կոչը, թե բոլորդ կողմ քվեարկեք։ Սա, չի նշանակում, որ դեմ կամ ձեռնպահ քվեարկած խմբակցությունները համագործակցության կողմնակից չեն։ Կարելի էր ավելի արդյունավետ աշխատել քաղաքական ուժերի հետ»։ ՀՅԴ-ն, ընդգծեց Ռուբեն Հակոբյանը, թեպետ ձեռնպահ քվեարկեց, սակայն ձգտելու է երկիրը դուրս բերել այս վիճակից։

Իր գնահատմամբ, վարչապետի ոչ իրատեսական քայլերի շարքում Ռուբեն Հակոբյանը դասեց կադրային քաղաքականությունը։ Անգամ մահապարտի կեցվածք ընդունելով, այս կազմի հետ դա անհնար է, մանավանդ եթե խոսվում է, թե որոշ նախարարներ պիտի հեռանան։ Ճամպրուկային տրամադրությունն արդեն մտնում է նրանց մեջ։

ԱԺՄ վարչության անդամ Շավարշ Քոչարյանն իր մտքերը ներկայացրեց շատ կարճ. «Շատ կարեւոր խոսակցություն կա առջեւում՝ հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ։ Այդտեղ ԱԺՄ-ն իր դիրքորոշումները կհստակեցնի մինչեւ վերջ։ Եթե տեսնենք, որ առաջարկվող մոտեցումների մեխն աշխատատեղեր ստեղծելն է, ապա ամեն ինչով կսատարենք։

Իսկ եթե առաջվա պես հիմնական հարցը մի կողմ թողած, առաջ բերեն այս կամ այն խնդիրը, որը չի լուծելու տնտեսության եւ որպես ածանցյալ մյուս ոլորտների հարցերը, ապա ԱԺՄ-ի մոտեցումն էլ ադեկվատ կլինի։

Վարչապետի՝ կողմ քվեարկելու կոչին էլ ԱԺՄ-ն չարձագանքեց, որովհետեւ շատ էական է համարում տնտեսական քաղաքականության ուղղվածությունը։ Այն դեպքը չէ, երբ հարցը խնդրանքով պիտի լուծվի։

Մենք կողմ կլինենք, եթե քաղաքականությունը համընկնի մեր մոտեցումներին, նույնիսկ այն դեպքում, եթե կողքից խնդրեն դեմ քվեարկել»։

Մեր վերջին զրուցակիցը «Միասնություն» դաշինքից էր՝ Տիգրան Թորոսյանը։ Նրա գնահատմամբ, կարեւոր շեշտադրումներ եւ հարցադրումներ արեց Վազգեն Սարգսյանը՝ ցուցանելով իրավիճակի լրջությունը, բայցեւ ընդգծելով, որ անհուսալի չէ այն եւ ելքեր կան։ Տիգրան Թորոսյանը կարծում է, որ համագործակցության կոչին «ԱԺ-ն պիտի արձագանքի, քայլեր ձեռնարկի ե՛ւ իրավիճակը ճշգրտելու, ե՛ւ մութ հարցերը բացահայտելու տեսակետից»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031