Լրահոս
Օրվա լրահոսը

Հին հայկական առասպելներից ամենագայթակղիչը

Օգոստոս 31,1999 00:00
dolar

Հին հայկական առասպելներից ամենագայթակղիչը Հին հայկական ավանդապատումներից թերեւս ամենագայթակղիչը Թուրքմենստանին ունեցած մեր 34 մլն դոլար պարտքի մասին է։

Պարտքն արձանագրվեց ճիշտ այն թվին, երբ մոլորակի բնակչությունը նշում էր Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 50-ամյակը։ Հանդիսություններին մասնակցելու մեկնած ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռավոր Ամերիկայում պաշտոնական հանդիպում ունեցավ Թուրքմենստանի ցմահ նախագահ Սափարմուրատ Նիյազովի հետ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէր, թե ինչի մասին են զրուցել երկու նախագահները։ Ժողովրդական բանահյուսությունը վկայում էր, որ նորանկախ Թուրքմենիայի նախագահը Հայաստան գազ առաքելու երրորդ տարում ստուգել էր մեր վճարման փաստաթղթերը եւ դժգոհ էր մնացել։

ՀՀ-Թուրքմենստան երկկողմ պայմանագրի համաձայն, այդ տարիներին երկրների միջեւ քլիրինգային հարաբերություններ էին։ Հայկական կողմը ստացած գազի դիմաց ապրանքով էր փոխհատուցում։ Անընդհատ խոսվում էր այն մասին, որ առաջին տարին հայկական արտադրության յուրաքանչյուր տուփ ծխախոտը հաշվարկվել էր 10 կամ 15 դոլարին համարժեք գազի դիմաց։ Երկրորդ տարին հաշվարկի թիվը մի փոքր ավելի համեստ էր՝ 3-5 դոլար։ Իբր Թուրքմենբաշին պարզել էր այս ամենը եւ աշխատանքից ազատել ու բանտարկել էր մի քանի բարձրաստիճան պաշտոնատարների։ ՀՀ նախկին նախագահին մերձ շրջանակներում խոսում էին, որ Թուրքմենբաշին Տեր-Պետրոսյանից պահանջել էր դատի տալ թուրքմեն նախարարներին «կաշառող» հայ պաշտոնյաներին։

Հետո Թուրքմենստան մեկնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Ժողովրդական բանահյուսությունը վստահեցնում է, որ զայրացած Թուրքմենբաշին չէր ընդունել նրան։ Նույն մակարդակում նշվում էր՝ գլխավոր թուրքմենը հաշվարկել էր, որ Հայաստանը շատ ավելի մեծ գումար է «գցել» իր երկրից եւ առնվազն 50 մլն դոլար է գնահատում մեր պարտքը։

Որոշ ժամանակ անց, Թուրքմենբաշին ժամանեց Երեւան։ Նախագահների կողմից ստորագրվեց մի պայմանագիր, որի համաձայն, ՀՀ պարտքը համարվում էր 34 մլն դոլար։ Այն վերաձեւակերպվեց որպես վարկ՝ յոթ տարվա ընթացքում մարվելու պայմանով։ Հնարավոր է, որ այս գործում դեր ունեցավ այն փաստը, որ գլխավոր թուրքմենը Տեր-Պետրոսյանին համարում էր իր մտերիմ ընկերը։ Մյուս կողմից, մեր պաշտոնական տեղեկատվության ժլատ պատառիկներից մեկը վտահեցնում էր, որ հատուկ ուղերթով ինքնաթիռով Թուրքմենստան էին առաքվել ոսկերչական եւ թանկարժեք այլ իրեր։ Եվ հասարակական գիտակցությունը առասպելածին մակարդակ իջեցնող (կամ բարձրացնող) խթաններից մեկն էլ այն էր, որ այդ տարիներին ՀՀ վարչապետ Բագրատյանը վստահեցնում էր, թե Հայաստանը բարեխղճորեն վճարում է օգտագործած գազի դիմաց։ «Առավոտն» այս մասին գրել է 1996-ի գարնանը՝ նշելով, որ 34 մլն դոլար պարտքը որեւէ ձեւով հաշվարկված չէ մեր բոլոր վարչապետների սիրած մակրոտնտեսական ցուցանիշներում։ Համաձայնեք, որ միայն այս փաստն արդեն նորանոր լեգենդների հիմք է։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031