Դաշնակցությանն առնչվող դատավարությունները լուսաբանող լրագրողների մի կայուն խումբ էր ձեւավորվել։ Այն հիմա գրեթե նույն կազմով լուսաբանում է Արմեն Տեր-Սահակյանի դատավարությունը։ Այդ «գրեթե»-ն նաեւ ես եմ։ Եվ երբ խմբին մաս կազմող գործընկերներիցս մեկը մի օր հետաքրքրվեց, թե ինչու չեմ լուսաբանում նաեւ այս դատավարությունը, պատասխան հարց ուղղեցի. «Իսկ որ 3 տարի ամառ-ձմեռ դատական նիստերի դահլիճում անցկացրիր, հիմա կարո՞ղ ես ասել, թե ՀՅԴ-ն ի՞նչ չափով առնչություն ուներ, ասենք, «Դրո» խմբի հետ»։ Գործընկերս երկար դադարից հետո պատասխանեց. «Երեւի ուներ, չգիտեմ»։ Անկեղծ ասած, այդ հարցի պատասխանն ինքս էլ չունեմ՝ չնայած ողջ դատաքննության ընթացքը լուսաբանելուց զատ, նաեւ «Դրո» գործի բազմահատոր նյութերին եմ ծանոթացել, դրա շուրջ բազմաթիվ զրույցներ ունեցել իրազեկների հետ, լրագրողական հետաքննություն ձեռնարկել։
Այդ դատավարություններից հետո անպատասխան մնացած հարցեր, չփարատված կասկածներ միայն ես չէ, որ ունեմ։ Որպես ապացույց մեջբերեմ Հայաստանի հանրապետական կուսակցության «անպաշտոն» պաշտոնաթերթի՝ «Ժամանակ» օրաթերթի մայիսի 20-ի մի հրապարակումից. «Մինչ այսօր չկա պատասխանը. արդյոք Դաշնակցության առաջնորդները ձերբակալվել էին կատարա՞ծ հանցանքի համար։ Եթե այո, ապա նրանք պիտի շարունակեն պատժի կրումը։ Եթե ոչ, անպայման պիտի պատժվեն նրանք, ում մեղքով նրանք ամիսներ շարունակ հայտնվել են բանտում։ Այսօր չի արվում ոչ մեկը, ոչ մյուսը»։
Ընդմիջենք, հավելելու համար, որ ո՛չ «Դրո», ո՛չ «31»-ի գործով քննությունն իրականացրածներից եւ ոչ մեկն իրոք պատասխանատվության չի ենթարկվել։ Այդ գործերով մեղադրյալներից եւ ոչ մեկը նյութական կամ բարոյական փոխհատուցման հայց չի ներկայացրել։ Եվ ինչպե՞ս պիտի ներկայացնեին, եթե նրանցից եւ ոչ մեկը չի արդարացվել։ Ընդ որում, ասենք, Վահան Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործը կարճելու վճռաբեկ ատյանի որոշման մեջ նշվում էր, թե նա կատարել է իրեն մեղսագրված հանցանքները, բայց քանի որ իրադրության փոփոխման հետեւանքով դրանք այլեւս հասարակական վտանգ չեն ներկայացնում…
Սակայն շարունակենք մեջբերել «Ժամանակի» «Արհեստական հարցերը պատասխան չունեն» հրապարակումից, որ նաեւ շատ հետաքրքիր ենթավերնագիր ունի՝ «Քաղաքական իրավիճակի փոփոխությունը իրավական կատեգորիա չէ»։ «Քաղաքական իրավիճակի փոփոխություն» ձեւակերպումը կարելի է շրջանառության մեջ պահել եւս մեկ տարի, բայց հետո անպայման պիտի տրվի հստակ պատասխան։ Հակառակ դեպքում սա դառնում է նախադեպ»։
Կարդացեք նաև
Իսկ այժմ եւս մի մեջբերում՝ այս անգամ ՀՅԴ Հայաստանի ԳՄ պաշտոնաթերթ «Երկիր» օրաթերթի օգոստոսի 25-ի համարի «Ինչո՞ւ եւ ո՞ւմ են պետք դատական պրոցեսները» հրապարակումից, որի ենթավերնագիրն այդ հարցի պատասխանն է. «… որ հաջորդները չնմանվեն նախորդներին»։ «Եթե Հայաստանն իսկապես մտադրություն ունի դառնալ օրինական երկիր, Սիրադեղյանի նկատմամբ (եւ ոչ միայն նրա) դատավճիռն անհրաժեշտ է։ Գոնե նրա համար է անհրաժեշտ, որ ժողովուրդը վստահի ներկա իշխանություններին։ Ճիշտն ասած, տնտեսական հոգսը փոքր-ինչ տանելի կլինի, եթե հասարակությունը հավատա արդարությանը»։ Մի՞թե։ Սակայն ուրիշների վերաբերյալ արդարադատություն պահանջելուց առաջ հա՞րկ չէր, որ դաշնակցության առնչությամբ առկախ մնացած հարցերի հստակ պատասխանները փորձեին ստանալ։
Իհարկե, դաշնակցական լրագրողների համար իրենց առաջնորդների վերաբերյալ այս հարցերը երբեք չեն եղել։ Նրանք նույնքան համոզված էին Հրանտ Մարգարյանի, Վահան Հովհաննիսյանի եւ այլոց անմեղության մեջ, որքան պաշտոնական լրատվամիջոցներն էին համոզված քարոզում հակառակը։ Վերջիններիս գործառույթն այժմ ՀՅԴ լրատվամիջոցներն են ստանձնել՝ պատճառաբանելով, թե կան «պատվիրված սպանությունների մեղադրական եզրակացություններ, տուժողների եւ նրանց հարազատների գանգատներ»։ Իսկ մի՞թե դրանք բացակայում են դաշնակցությանն առնչվող գործերում։ Մի՞թե արդեն մոռացել են «Դրո» խմբի անդամների կողմից սպանված Գագիկ Սահակյանի, Ներսիսյան ամուսինների մասին, որոնց փոքրիկ երեխան մինչեւ առավոտ մնացել էր ծնողների դիակների մոտ։
«31»-ի գործում էլ սպանված երկու ոստիկանների մասին դրվագ կար, երկրի նախագահի եւ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի դեմ մահափորձերի ծրագրերի մասին վկայություններ։ Եվ Արսեն Արծրունին՝ «Դրո» գործում եւ «31»-ի գործով էլ որոշները նախաքննության ընթացքում պակաս չէին խոստովանել այս ամենի մեջ դաշնակցական առաջնորդների հանցակցության մասին, քան այսօր Վահան Հարությունյանը՝ Վանո Սիրադեղյանի մասին։ Այլ հարց է, թե այս ամենից ինչ մնաց դատաքննություններից հետո։ Բայց երբ ժամանակին փորձեր եղան մեկնաբանելու, թե դատարանը հերքել է «Դրոյի» կապը ՀՅԴ-ի հետ, «02» շաբաթաթերթը դատավճռից մի ամբողջ էջ մեջբերումներ հրապարակեց, որտեղ այդ կապը նշվում էր։ Իսկ «31»-ի գործով դատավարության ավարտին քաղաքական իրավիճակի փոխվելու միտումներն արդեն ակնհայտ էին։
Արդեն 1997-ի դեկտեմբերի 8-ին Փարիզի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանն իր հստակ դիրքորոշումն էր հայտնել ՀՅԴ-ին առնչվող դատավարությունների շուրջ. «Ես նույնիսկ չեմ ուզում գնահատականներ տալ, թե այդ մարդիկ այս հարցերում մեղք ունեցել են, եւ ինչ չափով. երեւի ինչ-որ բան եղել է։ Բայց ես համարում եմ, որ նման հարցերում եւ նման իրավիճակում ամենաճիշտ տարբերակը քաղաքական որոշում կայացնելն է՝ պետք է այդ ամբողջը դադարեցվի, եթե ակնհայտ երեւացող հանցագործության փաստեր չկան, ապա պիտի այս հարցը քաղաքական որոշումով փակվի, եւ ամեն ինչ իր տեղը կգա»։ Ուրեմն, ո՞վ նախադեպ ձեւավորեց, որ ստիպում է մե՜ծ վերապահումով վերաբերվել արդարադատությանը։
Ինչ վերաբերում է «ակնհայտ երեւացող հանցագործության փաստերի» բացակայությանը, գոնե «Դրո» գործում բազմաթիվ էին անգամ առանց ուսումնասիրության թողնված նյութերը։ Կասկածները փարատելու մեջ դրանց խիստ կարեւորությունն ընդգծելու համար դարձյալ հիշեցնենք, որ չուսումնասիրված՝ «սպիտակ էջ» էին մնացել Արսեն Արծրունու նամակները ոմն ընկեր Երվանդի (ենթադրաբար՝ ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Երվանդ Մոնոֆարյանն է), «Դրոյի» վարչության անդամների վերաբերյալ վկայությունները մնացին չպարզաբանված եւ այլն։
Վերջին եւ նաեւ շատ այլ հանգամանքներ նկատի առնելով՝ այժմ արդեն ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը դեռ վանդակաճաղերի հետեւում մի բան էր անդադար պահանջում իր միջնորդություններում. «Վերսկսել դատաքննությունը եւ իրական ու ամբողջական քննության ընթացքին պարզել իրականությունը»։ Եվ դատավարությունը լուսաբանող լրագրողներս՝ առանց «գրեթեի» պաշտպանում էինք այդ պահանջը։
Լրացուցիչ քննություն չեղավ, գործերը փակվեցին մեծ մասամբ քաղաքական որոշումով եւ դաշնակցական առաջնորդները նախանձախնդիր ու հետեւողական չեղան իրականությունը երեւան հանելու իրենց պահանջների մեջ։ Եվ այժմ էլ, մոռացած այս ամենը՝ ուրիշների վերաբերյալ են նախադեպեր չստեղծելու համար դատավճիռ պահանջում։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ