Երեկ պիտի շարունակվեր Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների Առաջին ատյանի դատարանում ԻՄ դիվանի փոխխոսնակ Նորայր Խանզադյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի։ Այս անգամ Ն. Խանզադյանը ներկայացավ ԻՄ լիազորագրով եւ սակայն, քանի որ հայցն առնչվում է Պ. Հայրիկյանի անձի հետ, դատավոր Վ. Լալայանը «խորհուրդ» տվեց նրան հաջորդ նիստին (նշանակվեց սեպտեմբերի 2-ին, ժ. 12-ին) ներկայանալ նրա անունից տրված լիազորագրով։ Սակայն թվացյալ տեխնիկական անհարթությունը հարթվում էր շարունակ դատավոր Վ. Լալայանին դիմելով։ Ի վերջո, տեղի տվեցին պատասխանող կողմ ճանաչված «Առավոտի» լրագրող Ռուզան Մինասյանի նյարդերը, որը ռեպլիկի կարգով նկատեց, որ դատարանը, մեղմ ասած, փաստաբանական անվճար ծառայություն չէ, եւ խորհուրդ տվեց ԻՄ դիվանի փոխխոսնակին դիմել իրավաբանների օգնությանը։
Մինչ քննությունը սկսելը Ն. Խանզադյանը «ավելացրեց հայցային պահանջների չափը», այն է՝ երկու՝ «Լվից ուղտ շինելու արվեստին ԻՄ-ը կատարելապես է տիրապետում» եւ «Ճիշտը վարունգ հավաքելն է եւ ոչ թե Սահմանադրությունը քանդելը», հրապարակումների առթիվ պահանջելով հերքումներ։ Ի դեպ, երկու հրապարակումների հեղինակների անունները չէին նշված հայցապահանջում եւ պատասխանող «Առավոտը» պահանջեց հրապարակել այն։ Պարզվեց՝ վերջին հրապարակման հեղինակը իրավաբանության դոկտոր Վլադիմիր Նազարյանն է, որը «հանդգնել» էր իր կարծիքն արտահայտել օրաթերթում։ «Առավոտը» հանձն չառավ հանդես գալ դոկտորի «պաշտպանի» դերում եւ գտավ, որ պահանջը ապօրինի է։ Դատարանը մերժեց հայցապահանջն այս եւ սակայն նախորդ «Լվից ուղտը…» ընդունեց, որին ծանոթանալու ժամանակ խնդրեց «Առավոտը»։ Մինչ այդ առաջարկվեց կողմերին հաշտության եզրեր փնտրել։
Սեփ. լր.