Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎՈՏ» ԹԵՐԹԻՑ ՎԱՌՎԱԾՆԵՐԸ

Օգոստոս 31,1999 00:00
Edvard khazaryan

ՀՀ վարչապետի մտադրությունը՝ իր ներկայությամբ պատվել Երեւանի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, առանձնակի ոգեւորություն էր հաղորդել կազմակերպիչների աշխատանքային եռանդին։

Մենք էլ միամտորեն ենթադրեցինք, թե վարչապետն իր այդ քայլով որոշել է կրթությանը պետբյուջեից հատկացվող առանց այդ էլ խղճուկ միջոցները հանուն բյուջեի ճեղքվածքի կրճատելու մեղքը քավել։ Սակայն Վազգեն Սարգսյանը, չթաքցնելով իր իրական նախապատվությունը, գնացել էր զորամասերում շրջելու՝ բավարարվելով քաղաքապետ Ալբերտ Բազեյանի միջոցով իր շնորհավորանքի խոսքը մանկավարժներին տեղ հասցնելով։ Բայց վերջիններս վարչապետից ամենեւին չնեղացան, ավելին՝ գովեստի շռայլ խոսքերով ու նրա ելույթներից մեջբերումներով ապահովեցին Վազգեն Սարգսյանի «ներկայությունը» ողջ խորհրդակցության ընթացքում։ Ֆինանսների բացակայությունից մշտապես դժգոհող մանկավարժները բյուջեի կրճատման առնչությամբ էլ բողոքներ չհնչեցրին՝ զարմանալի ըմբռնումով, ոմանք նույնիսկ խրախուսանքով ընդունելով սույն իրողությունը։ Վարչապետից մեջբերումներ անելու շնորհքով աչքի ընկան նաեւ խորհրդակցությունն իրենց մասնակցությամբ պատված մյուս բարձրաստիճան պաշտոնյաները՝ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, կրթության վարչության պետ Սիլվա Խրիմյանը եւ կրթության ու գիտության նախարար Էդուարդ Ղազարյանը։

Ու չնայած մանկավարժների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունների նպատակը տրամաբանորեն պետք է լինի նոր ուստարվա կազմակերպմանն առնչվող կոնկրետ հարցերի քննարկումը, սակայն գերիշխողը տրաֆարետային, հերթապահ, հուզախառն ու ընդհանուր բնույթի ելույթներն էին։ Ասվում էր այն, ինչ բոլորը գիտեն, ու ինչի արձանագրումից ոչինչ չի փոխվի։

Քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, նաեւ որպես մանկավարժ եւ երեք դպրոցահասակ երեխայի հայր, կրթությունը կարեւորող սիրուն-սիրուն խոսքեր ասաց ու խոստումներ տվեց, սակայն նա եւս կոնկրետ լուծումներ գրեթե չառաջարկեց։ Իսկ իր առաջարկած «բարոյական աջակցությամբ» դժվար թե հնարավոր լինի համակարգը հանել անմխիթար վիճակից։ Այնուամենայնիվ, պարոն քաղաքապետի խոսքին մանկավարժները դահլիճից արձագանքում էին՝ «Այո՛, ճի՛շտ է ասում» ողջույններով։ Ավելի կոնկրետ էր քաղաքապետարանի կրթության վարչության պետ Սիլվա Խրիմյանի ելույթը, որն էլ սակայն գլխավորապես հաշվետվություն էր անցած ուստարում արածի ու չարածի մասին։

Փող ճարելը՝ տնօրենի գլխավոր արժանիք

Ու չնայած իր ելույթի սկզբում տիկին Խրիմյանը խոստացավ «ավելի շատ սեւեռվել չկատարվածի ու իրենց առջեւ ծառացած խնդիրների եւ դժվարությունների վրա», սակայն գերիշխողը «ձեռքբերումների» ու «նվաճումների» հպարտ թվարկումն էր։ Սիլվա Խրիմյանի խոստումը հարգելով ու նաեւ արդարացնելով երեկ հնչած մեղադրանքը, թե մամուլը միայն վատն է արձանագրում, մե՛նք կսեւեռվենք չարածի ու պրոբլեմների վրա։ Հիմնականում դրանք վարչության պետի խոսքից առանձնացնելով՝ ցանկանում ենք պետական այրերի ուշադրությունը հրավիրել այդ պրոբլեմների վրա, թեպետ թերություններն արձանագրելու մամուլի գլխավոր առաքելությունը ոչ ոքի սրտով չէ։

Ամենացավոտ՝ ֆինանսավորման խնդրին անդրադառնալով տիկին Խրիմյանը նշեց, որ «առկա աշակերտական գույքը գտնվում է խիստ անմխիթար վիճակում»։ Իսկ «փափուկ գույքի ձեռքբերման հոդվածով նախատեսված գումարները ինչ-ինչ պատճառներով չեն ֆինանսավորվում, որի հետեւենքով գիշերօթիկ դպրոցների սաները զրկվում են անկողնային պարագաներից եւ հագուստից»։ Տիկին Խրիմյանի խոստովանությամբ՝ բյուջեով նախատեսված գումարները շատ հեռու են բավարար լինելուց, սակայն նույնիսկ այդ հատկացումները ժամանակին ու ամբողջությամբ տեղ չեն հասնում։ 1999 թ. առաջին կիսամյակում կրթական հաստատությունները ֆինանսավորվել են նախատեսվածի միայն 59 տոկոսի չափով։ Պետբյուջեից հույսը կտրած պաշտոնյան խիստ մեղադրական ուղղեց բոլոր այն տնօրեններին, ովքեր այլ աղբյուրներից միջոցներ հայթայթելու շնորհքով աչքի չեն ընկել եւ իրենց համայնքի հետ «ակտիվ չեն աշխատել»։ Տիկին Խրիմյանը նույնիսկ սպառնաց, որ քաղաքապետարանը կաշխատի միայն այն դպրոցների հետ, որոնք ավելի ակտիվ կլինեն։ Անուն առ անուն գովեստի արժանացան «ակտիվ» դպրոցներն ու փնովվեցին «պասիվները»։ Մնում է հուսալ, որ տիկին Խրիմյանի՝ լավագույն տնօրենի պատկերացումներին համապատասխանելու ջերմեռանդությունը տնօրեններին չի մղի դպրոցը պահելու ողջ հոգսը ծնողների ուսերին բարդել։

Վարչության պետը այլ տարբերակներ եւս նախանշեց՝ պարտադրելով առավել ակտիվ լինել տարատեսակ դրամաշնորհներ ձեռք բերելու, բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցելու հարցում։ Նաեւ հիշեցրեց վճարովի ծառայությունների, տարածքները վարձակալությամբ տալու հնարավորությունը՝ չնայած հենց ինքը նշեց, որ այս հարցում մեծապես խոչընդոտ է անհրաժեշտ իրավական դաշտի անկատարությունը։ Ի հակառակ դպրոցների տնօրենների ցանկության՝ տիկին Խրիմյանը չթաքցրեց, որ դպրոցների առնչությամբ «բազմաթիվ ու բազմաբնույթ բողոքների, դիմում-գանգատների ու ահազանգերի, մեծ մասը, ցավոք սրտի, հաստատվել են»։ Նույնիսկ այդ առումով առանձնացած դպրոցները անուն առ անուն թվարկեց՝ թիվ 43, 60, 61, 70, 76, 88, 110, 148 հանրակրթական եւ թիվ 11 գիշերօթիկ դպրոցները։ Վարչության պետը սպառնաց, որ «այս ուստարում եւս կրթության վարչությունը շարունակելու է դնել՝ տնօրենի պաշտոնը որպես շահույթի աղբյուր դիտող, ուսումնադաստիարակչական աշխատանքը լավ չկազմակերպող, տնտեսական եւ մանկավարժական գիտելիքներից զուրկ, ներդպրոցական անբավարար վերահսկողություն իրականացնող, քարացած մտածողությամբ ու միայն իներցիայով շարժվող դպրոցի տնօրենից ազատվելու խնդիրը»։ Այդպիսիք այս տարի եղել են թիվ 11 գիշերօթիկ եւ թիվ 43, 60, 148, 70, 110, 156 դպրոցների տնօրենները։

Կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանը փորձեց շահել ներկաների սրտերն իր այն խոստովանությամբ, թե այս հանդիպմանը պատրաստվել է իր նշանակման օրից։ Սակայն նախարարի պատրաստվածությունը չգնահատվեց եւ Սիլվա Խրիմյանի խրոխտ ելույթը քար լռությամբ ընդունած դահլիճը նախարարի ելույթը համարյա թե չէր լսում։ Սիլվա Խրիմյանը նույնիսկ ստիպված էր մանկավարժներին նկատողություն անել։ Սակայն մանկավարժների պահվածքն էլ մեղադրելի չէ, քանի որ հանրահայտ իրողություններ ներկայացնող նախարարի խոսքը, որ տեղ-տեղ համեմված էր բանաստեղծական հուզախառն շեղումներով, դժվար թե հետաքրքրեր։ Մանկավարժները պետական այրերից ոչ թե պարապ խոսքեր, այլ կոնկրետ լուծումներ ու գործեր են ակնկալում։

Հիմա՝ «Առավոտի» մասին

Սակայն հենց մանկավարժների խոսքն էլ պակաս անորոշ ու ընդհանուր չէր։ Դա իրենք էլ մի քանի ելույթներից հետո զգացին՝ չհանդուրժելով, որ ելույթի համար գրանցված բոլոր տնօրենները խոսեն։ Իսկ նրանք, ովքեր հասցրեցին խոսել, հիմնականում հուզախռով եւ կոնկրետ պրոբլեմներ չարծարծող ելույթներ ունեցան։ Այդ առումով անմրցելի էր առաջին ելույթ ունեցողը՝ թիվ 20 դպրոցի տնօրինուհի Նարինե Հովհաննիսյանը։

Տնօրինուհին իր խոսքը սկսեց երկրապահին ուղղված գովեստի շռայլ խոսքերով՝ ակնհայտորեն անհարմար վիճակի մեջ դնելով Ալբերտ Բազեյանին։ Այդպես էլ անորոշ մնաց երկրապահ-դպրոց զուգահեռի նպատակը, որ բանաստեղծական ճոռում ոգով ու շնչով ներկայացրեց տիկին Հովհաննիսյանը։ Քիչ թե շատ հասկանալի էր Սիլվա Խրիմյանի եւ կրթության նախորդ ու այս նախարարների հասցեին արված գովեստի խոսքերի նպատակը։ Բայց այն, ինչ հաջորդեց դրան, ճիշտ է կրթության իրական պրոբլեմների հետ էլի կապ չուներ, բայց արդեն ոչ թե գովեստի, այլ պարսավանքի խոսքեր էին։ Եթե ինչ-որ մեկը դեռ գլխի չի ընկել, թե ովքեր են մեղավոր կրթության ներկայիս անմխիթար վիճակի համար, ապա ասենք, լուսավորվեք։ Տիկին Հովհաննիսյանի վարկածով միակ մեղավորը լրագրողներն են, ոչ ավել, ոչ պակաս։ Այդ մամուլն է, որ միայն իր բիզնեսով հետաքրքրված ու սենսացիաներ գտնելու ցանկությամբ, չի նկատում, թե որքան բարոյական, անձնվեր, սուրբ ու առաքինի են մեր մանկավարժները։ Ու չնայած վարչության պետի այն պնդմանը, որ ահազանգերը հիմնականում հաստատվել են, թիվ 20 դպրոցի տնօրենուհին ոգեւորված պնդում էր, որ դրամ հավաքելու մասին բոլոր ահազանգերը «անհիմն են, չարամիտ ու չեն համապատասխանում իրականությանը»։

Բնականաբար, դրանք արձանագրող լրագրողներն էլ ազգիս ու կրթության գլխավոր թշնամին են։ Իսկ երբ տիկին Հովհաննիսյանը վկայեց, թե թերթերից մեկի գլխավոր խմբագիրն իրեն ասել է, որ մամուլի գլխավոր խնդիրը հենց թերություններն արձանագրելն է, դահլիճը, որը ողջ ելույթը ընդմիջում էր խրախուսանքի ոգեւորող ծափերով, ակտիվացավ ու բերանից-բերան անցնում էր «Առավոտի» գլխավոր խմբագրի անունը։ Թիվ 162 դպրոցի տնօրինուհի Սիլվա Հակոբյանը, վերցնելով իր գործընկերուհու ձեռքից էստաֆետը, ավելի ոգեւորված մի ելույթ ունեցավ։ Ընդ որում՝ հատուկ բաժին նվիրելով հենց մեր թերթին եւ այն էլ այսպիսի բացումով՝ «Հիմա «Առավոտի» մասին»։ Կարելի էր կարծել, թե «Առավոտի» մասին մի երկու «լավ խոսք» ասելը նախատեսված էր կանոնակարգով։ Մեր ընթերցողներին չենք զրկի տիկին Հակոբյանի խոսքը վայելելու հաճույքից. «Առավոտ» թերթից վառված են շատերը, ես էլ եմ վառված։ Ես չեմ հարգում այդ թերթը։ Այդ թերթի պատճառով մեր դպրոցի կոլեկտիվը մի՜ ամբողջ ամառ չկարողացավ հանգստանալ եւ արձակուրդներն անցկացրեց դպրոցում։ Բամբասող թերթ է»։

«Առավոտի» գրածները հերյուրանքներ որակող տնօրինուհին ինքն իրականությանը չհամապատասխանող մի պնդում արեց՝ պատմելով խմբագրությանում իբր թե տեսած ինչ-որ տեղեկանքի մասին, ուր գրված է. «Լրագրողի աշխատավարձը բարձրացնել 10 տոկոսով, որովհետեւ նրան հաջողվել է երեք հիմնարկ իրար խառնել»։ Վստահ մեր ընթերցողի հումորի զգացողությանը՝ մեկնաբանություններ չենք անի։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031