Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԴԶՈՂ-ՓՉՈՂՆԵՐԸ ԿԱՄ ՆՈՐ «ՉԻՆՈՎՆԻԿԻ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

Օգոստոս 31,1999 00:00
toto

Ասում են, որ մարդկանց համար դժվար է օտար երկրներում, որտեղ իրենց չեն հասկանում եւ իրենք չեն կարող դիմացինին հասկացնել։ Իսկ ո՞վ ասաց, որ մենք՝ հայերս, հասկանում ենք մեկ-մեկու։

Վերջերս ինձ հետ պատահեց մի դեպք, որի հետեւանքով ես կասկածի տակ առա միմյանց հասկանալու հնարավորությունը։

Վճարելով էլեկտրաէներգիայի վարձը, միամտորեն կարծում էի, որ ես ինձ ազատել եմ դրա հետ կապված անախորժություններից։ Բայց մի օր տուն վերադառնալով իմացա, որ նույն ամսվա նույն գումարը մեր տնից նորից են գանձել։

Եվ (երեւի հենց սա էր իմ ամենամեծ սխալը) ուղեւորվեցի էլեկտրացանցի մեր մասնաճյուղ։

Տեսարան 1

Ես– Բարեւ ձեզ։ Կարելի՞ է իմանալ, թե ով է հսկում մեր շենքը։

Նրանք– Որտե՞ղ եք ապրում։

Ես– Նույն փողոցի տասնմեկ համար։

Նրանք (զարմացած իրար նայելով)- Հասցեն ո՞րն ա։

Ես– Քանի որ դուք նստած եք Աղբյուր Սերոբի փողոցում եւ մեր շենքն էլ է այդ փողոցում, ես ասացի «նույն»։

Նրանք– Հա, լավ, բայց համար չունի՞։

Ես– Ունի, տասնմեկ համարն է։

Նրանք– Բնակարա՞ն։

Ես– Տասնմեկ։

Նրանք– Հա, իմացանք տասնմեկ, բա բնակարա՞նը։

Ես– Աղբյուր Սերոբի տասնմեկերորդ շենք, տասնմեկերորդ բնակարան։

Նրանք (նորից իրար մեջ հենարան փնտրելով)- Հիմի ո՞րն ես. երե՞ք, թե՞ տասնմեկ։

Տեսարան 2

Ես– Դուք ի՞նչ իրավունք ունեք գալ իմ տնից փող տանել։

Նա– Յա՜։ Քեզ լավություն եմ արել, գրպանս հո չեմ դրել, ահա կվիտանցիան։ Շոգ օրով գնացել քու տեղը փողը տվել եմ։

Ես– Ոչ, լավություն չեք արել։ Նախ, ես արդեն վճարել էի, եթե նույնիսկ չէի վճարել, ինչո՞ւ եք տնից փող ուզում։

Նա– Քո աղջիկը խնդրեց…

Ես– Հա, իհարկե, եկել եք, ասել եք «Լույսը կանջատեմ», նա էլ վախեցել է, առջեւում էլ կիրակի, տվել է։

Նա– Բա ի՞նչ անեի, անջատեի՞։

Ես– Այո, դա է ձեր իրավունքը եւ ոչ թե փող հավաքել տներից։

Նրա գործընկերը– Լսի, շատ է ուզում անջատես, գնա՝ անջատի…

Տեսարան 3

(Բոլորը գոռում են)

Ես– Դուք ի՞նչ իրավունք ունեք իմ բնակարանը մտնելու։

Նա– Ես քո տուն չեմ մտել, պադեզդում եմ կանգնել։

Ես– Դա նույն բանն է, ինչպե՞ս դուք չեք հասկանում։

Ձայն աջ կողմից– Դե լավ, ինչ ա եղել, կանխավճար թող լինի, մյուս ամիս չեք վճարի։

Ես– Դա ձե՞ր գործն է՝ ստիպել, որ ես կանխավճար անեմ, դա ես եմ որոշում։

Ձայն աջ կողմից– Ի՞նչ ա պատահել, ինչո՞ւ եք ոգեւորվում։

Ես– Ուրեմն այսքան իմ ջղայնանալը ձեզ համար ոգեւորությո՞ւն է։

Ձայն հետեւից– Լավ, մի գոռա, հինգ օրից նորից պիտի վճարես, ի՞նչ տարբերություն։

Բոլորը գոռում են։

Տեսարան 4

(Տեղամասի պետի մոտ)

Ես– Բարեւ ձեզ, ձեր աշխատողը եկել է մեր տուն, իմ բացակայության ժամանակ, իմ վճարած փողը նորից է գանձել։

Նա– Իսկ ձերոնք ինչո՞ւ են տվել։

Ես– Սպառնացել է, որ լույսը կանջատի…

Նա (շատ մեծ հեգնանքով)- Հա, ո՞նց ա սպառնացել, պիստալետո՞վ, ավտոմատո՞վ։

Ես (արդեն լաց լինելով)- Ինչպե՞ս չեք ամաչում։ Սա ինչ դեմագոգիա է։ Դուք չգիտե՞ք, որ այս տասը տարվա կյանքը տեսած երեխաները վախենում են լույսն անջատելուց։

Նա– Հա, լավ, հետո՞։

Ես– Հետոն այս է. փողն անօրինական ձեւով գանձել է, հիմա ասում է՝ «լավություն եմ արել»։

Նա– Դե լավ, ինձ լսեք, ձեր մեջ մարդկային ոչինչ չի մնացել…

Ես– Ուրեմն մարդը դո՞ւք եք եւ ձեր աշխատողները, իսկ ես՝ ոչ։

Նա– Այո, ինձ լսի. մենք նվիրատվության կարգով էդ փողը քեզ կտանք…

Ես– Նվիրատվությո՞ւն։ Դուք ինչո՞ւ եք ինձ վիրավորում։ Ի՞նչ է՝ ես մուրացկա՞ն եմ, ինչ է՝ ես ուրիշի՞ փողն եմ ուզում…

Նա– Դիմենք կոմպրոմիսի՝ փողը մնա, իսկ դուք հետո կգաք, կտանք։

Ես (դուրս եմ վազում՝ սարսափած այդ հեռանկարից)։

Մեր շենքի տեսուչը– Քուր ջան, արի կոմպրոմատի դիմենք…

Ես– Ո՜չ, չե՜մ ուզում…

Նա- Քո աղջկան կանչի, փողը կտամ իրան…

Վարագույր

Ն. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031