Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՍԿԱՆԴԱԼՈՎ

Օգոստոս 20,1999 00:00
brncqamart

Եվ այսպես, Հյուսթոնում ավարտվեց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը, որը պատմության մեջ կմտնի իր բառիս բուն իմաստով խայտառակ մրցավարությամբ։

Այսպիսի պայմաններ երբեք չէին եղել

Հայաստանի հավաքականը Հյուսթոն էր ժամանել դեռեւս օգոստոսի 5-ին ու հանգրվանել էր հյուսթոնաբնակ հայկական գաղութի ամենաակտիվ գործիչներից մեկի, մասնագիտությամբ՝ ատամնաբույժ, էությամբ բարի ու ազնիվ հոգու տեր Ալբրիկ Նազարյանի առանձնատանը։ Ես մրցավայր ժամանեցի օգոստոսի 16-ին։ Հասկանալի է, ինձ առաջին հերթին հետաքրքրում էր, թե մեր բռնցքամարտիկներն ինչպե՞ս են անցել կլիմայափոխությունը, ինչպիսի՞ մարզավիճակում են գտնվում։ Զրուցեցի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Սարգսյանի հետ։

«Հավաքն անցնում է գերազանց,- ասաց նա։- Մեր ազգային հավաքականը երբեք մարզվելու, պատասխանատու մրցման նախապատրաստվելու այսպիսի պայմաններ չի ունեցել։ Ալբրիկ Նազարյանը Կալիֆոռնիայից զանգել է ծնողներին՝ պարոն Երվանդին ու տիկին Խոսրովադուխտին, որպեսզի նրանք հոգան բռնցքամարտիկների առօրյա հոգսերը։ Բացի դա, մեզ մարզումներն ավելի նպատակային անցկացնելու համար տրամադրվում է «Սավաննա քլաբի» բռնցքամարտի դահլիճը։ Համատեղ մարզումներ ենք անցկացրել ամերիկացիների հետ, տղաների պատրաստակամության աստիճանը որոշելու նպատակով փորձամրցումներ ունեցանք նույն ամերիկացիների ու ռումինացիների հետ ու պիտի ասեմ, որ մեր տղաները ոչ միայն չէին զիջում նրանց, այլեւ մեկ գլխով բարձր էին։ Այնպես որ, այս առաջնությունում հաջող հանդես գալու մեծ հույսեր ունենք»։

Օգոստոսի 17-ին Հայաստանի հավաքականը տեղափոխվեց հյուրանոց՝ «Քրաուն պլազա» (այդպես է պահանջում կարգը)։ Հյուրանոցն ամերիկյան չափանիշներով միջին մակարդակի էր։ Բայց առաջին իսկ օրվանից բոլոր հավաքականները, որ բնակվում էին այդտեղ, խիստ դժգոհ էին սննդից։ Եվ ընդհանրապես, բոլորն էլ զարմացած ու զայրացած էին կազմակերպական անթիվ-անհամար բացթողումների վրա։ Ճիշտ է, կազմակերպիչներից մեկ շաբաթից ավելի պահանջվեց որոշ խնդիրների (առաջին հերթին՝ սնունդը) կարգավորելու համար։

Սկիզբն այնքան խոստումնալից էր

Աշխարհի առաջնությունը մեկնարկեց օգոստոսի 20-ին, բայց հայ բռնցքամարտիկներն իրենց առաջին մենամարտերն անցկացնելու էին հաջորդ օրը։

Առաջինը ռինգ մտավ 54 կգ քաշային Արամ Ռամազյանը եւ գեղեցիկ ոճով հաղթեց ֆրանսիացի Բոուիտային՝ ոգեւորելով իր թիմակիցներին։

Ընդհանրապես, բռնցքամարտում մարզիկի հաջողությունը մեծ չափով կախված է նաեւ վիճակահանությունից։ Համեմատաբար հե՞շտ մրցակիցներ կունենաս սկզբում, ճանապարհդ ավելի երկար, իսկ արդյունքներդ՝ ավելի բարձր կլինեն։ Այս առումով, ճակատագիրը բարեհամբույր չէր գտնվել վանաձորցի Վախթանգ Դարչինյանի (51 կգ) հետ, որի առաջին մրցակիցը աշխարհի կրկնակի չեմպիոն, կուբացի Մարիո Մանտիլան էր։ Բայց Վախթանգը, որ մինչ այդ արդեն երկու անգամ պարտվել էր նրան, տրամադրված էր մարտականորեն ու տենչում էր «վրեժխնդիր» լինել այս անգամ։ Ու դա նրան հաջողվեց գերազանց։ Հայ վարպետը, որ այս քաշային կարգում գրանցված 22 մասնակիցներից, գուցե թե, որեւէ մեդալ նվաճելու ամենաարժանի մասնակիցն էր, անվանի մրցակցին գերազանցեց բոլոր առումներով ու արժանիորեն հաղթանակ տարավ։

Այնուհետեւ մրցակցի նկատմամբ իր առավելությունը ցուցադրեց Արթուր Գեւորգյանը (60 կգ), իսկ Հայաստանի հավաքականի հաղթարշավը եզրափակեց 57 կգ քաշային Արտյոմ Սիմոնյանը, որի առջեւ անձնատուր եղավ Պապուա Գվինեայի ներկայացուցիչ Լ. Իպերան։

Մեր թիմի հինգերորդ անդամը՝ 75 կգ քաշային Մխիթար Վանեսյանը, մրցումների նախորդ օրը վնասեց մեջքն ու… այդպես էլ չմտավ ռինգ։

Գերազանց մեկնարկը ոգեւորել էր բոլորիս։ Ի դեպ, «Ջորջ Բրաուն Քոնվենշն ցենտր» հոյակերտ մարզահամալիրի տրիբունաներում մեծ թիվ էին կազմում հյուսթոնաբնակ հայերը, որոնք ամեն օր, թողնելով գործը՝ գալիս էին ոգեշնչելու հայ բռնցքամարտիկներին։ Ավաղ, այդ ոգեւորությունը երկար չտեւեց, ու դրա մեղավորությունն արդեն նշված մրցավարությունն էր։ Հաջորդ օրը, եւ դրանից հետո էլ, այնպիսի համոզմունք ունեցա, որ սպիտակ համազգեստով մրցավարները կուլիսների հետեւում սեւ գործերով էին զբաղված։ Ու կարեւոր չէր, թե մենամարտը (ի դեպ՝ ոչ միայն հայերի) ով է շահում։ Հաղթողը նրանց հայտնի էր մինչեւ բռնցքամարտիկներին ռինգ հրավիրելը։

Մրցավարության առաջին «զոհը» եղավ Վախթանգ Դարչինյանը, որը թեեւ մարտն իրականում շահեց ղազախստանցի Բուլատ Ջումադիլովից, սակայն մրցավարները նաեւ ռինգի ռեֆերիի կոպիտ սխալների (կարծում եմ՝ կանխամտածված) հետեւանքով նախապատվությունը տվին Բուլատին, որն էլ, ի վերջո, դարձավ աշխարհի չեմպիոն։ Հետո, ռինգին հրաժեշտ տվեցին նաեւ Տ. Գեւորգյանն ու Ա. Թամազյանը։ Եվ միայն Արտյոմ Սիմոնյանին հաջողվեց անցնել երկրորդ փուլը։ Երրորդ շրջանում նրա մրցակիցը ռումինացի Օվիդիու Բոբիրնատն էր։ Արտյոմը, ճիշտ է, հենց սկզբում երկու շոշափելի հարված ստացավ, սակայն, այնուհետեւ, հավաքեց ուժերը եւ ուժային պայքարը նախընտրող ռումինացուն կարողացավ պահել պահանջվող տարածության վրա ու շնորհիվ տեխնիկայի նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքն ու այն չզիջեց բոլոր չորս ռաունդներում։ Բայց որքան մեծ եղավ զարմանքը, երբ մրցավարն, ի նշան հաղթանակի, բարձրացրեց ռումինացու ձեռքը։ Բարեբախտաբար, մեր տղաների բոլոր մենամարտերի տեսագրությունը կա ու մարզիչների հետ մի քանի անգամ նայել ենք եւ համոզվել, որ հայ բռնցքամարտիկները ոչ մի մարտ տանուլ չեն տվել։

Միայն Կուբան դա կարող էր անել

Առաջնության կուլմինացիոն կետը եղավ օգոստոսի 26-ին՝ եզրափակիչների առաջին օրը։ 67 կգ քաշային կարգում չեմպիոնությունը վիճարկում էին ռուսաստանցի Տիմուր Գայդալովը եւ կուբացի Խուան Հեռնանդեսը։ Երբ հնչեց մենամարտի ավարտն ազդարարող գոնգը, բոլորը սպասում էին, որ աշխարհի չեմպիոն կհռչակվի կուբացին։ Բայց նույնիսկ այդ օրը մրցավարությունը չզիջեց իր կողմնակալ դիրքորոշումը՝ հաղթող ճանաչելով ռուսին։ Դահլիճը սուլում էր, դժգոհում… Կուբայի հավաքականի գլխավոր մարզիչ Սագարան իր սանին չթողեց ռինգից դուրս գալ՝ եւ ինքը գնաց իր պաշտոնական բողոքն ու ցասումը հայտնելու մրցավարական հանձնաժողովին։ Մոտ կես ժամ տեւած բանակցությունների արդյունքում, որոշվեց մրցումները շարունակել եւ ավարտից հետո անդրադառնալ այդ մենամարտի խնդրին։ Սակայն Կուբայի հավաքականը, որ եզրափակիչներում ուներ հինգ մասնակից, բոյկոտեց առաջնությունը եւ անմիջապես, հենց դահլիճից հեռախոսով կապվելով Ֆիդել Կաստրոյի հետ, հեռացավ առաջնությունից ու նույն գիշեր մեկնեց հայրենիք։

Մրցումները շարունակվեցին։ 91 կգ քաշային կարգում ռինգ հրավիրվեցին ամերիկացի Մայքլ Բեննեթը եւ կուբացի, օլիմպիական եռակի չեմպիոն Ֆելիքս Սավոնը։ Բայց վերջինս, հասկանալի է, չներկայացավ, ու հաղթանակը, ըստ ԱԻԲԱ-ի՝ շնորհվեց մրցակցին։

Ահա այսպիսի մրցակցային պայմաններում աշխարհի չեմպիոն դարձան. Բրայան Վլորիան (48 կգ, ԱՄՆ), Բուլատ Ջումադիլովը (51 կգ, Ղազախստան), Ռայկու Կինուն (54 կգ, Ռումինիա), Ռիկարդո Խուարեսը (57 կգ, ԱՄՆ), Մարիո Կինդելանը (60 կգ, Կուբա)՝ սա հաղթել էր մինչեւ կուբացիների՝ բոյկոտն սկսելը, Մ. Աբդուլաեւը (63,5 կգ, Ուզբեկստան), Մարիան Սիմիոնը (71 կգ, Ռումինիա), Ուկտիբեկ Հայդարովը (75 կգ, Ուզբեկստան), Մայքլ Սայմզը (81 կգ, ԱՄՆ), Մայքլ Բեննեթը (91 կգ, ԱՄՆ), Սիրեն Շամիլը (+91 կգ, Թուրքիա)։ Մրցավարական հանձնաժողովը, ուշադիր դիտելով Գայդարով-Հեռնանդես մենամարտի տեսագրությունը, որոշեց փոխել վճիռը եւ 67 կգ քաշում չեմպիոնի կոչումը շնորհել կուբացուն։

«Սա դավաճանություն է»,- ասում է գլխավոր մարզիչը

Մարզիկի համար ինչ կա ավելի ցանկալի, քան իր նախընտրած մարզաձեւում աշխարհի առաջնության եզրափակիչը դիտելը։ Շատերը կասեն՝ միայն երազել կարելի է։ 60 կգ քաշային Արթուր Գեւորգյանին ավելի շատ ձգում էր Լոս Անջելեսը, ուր նա թաքուն մեկնեց օգոստոսի 26-ին՝ եզրափակիչ մարտերի առաջին օրը։ Թե որքան էին Արթուրի ճակատագրով անհանգստանում մարզիչները, Հյուսթոնում իր տանը հյուրընկալած ու ամբողջ թիմին, նաեւ Արթուրին, ամեն ինչով օգնած Ալբրիկ Նազարյանը, բոլորիս հետ արդեն եղբայրացած հյուսթոնաբնակ հայերը, ավելորդ է ասել։ Նույնիսկ արդեն մտածում էին հայտնել ոստիկանություն՝ չլինի թե անհայտացած մարզիկի հետ ինչ-որ բան պատահած լինի։ Սակայն վերջինս գիշերվա ուշ ժամին զանգահարեց Լոս Անջելեսից։ Ու գուցե թե մարզիչների հետ խոսելու երեսատեղ չունենալով (տա Աստված, որ այդպես լինի) թիմակիցներին հաղորդեց, որ ինքը Լոս Անջելեսում է, եւ ցանկանում է ծանոթանալ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու պայմաններին։ Երկրորդ զանգն արդեն Լաս Վեգասից էր։ Ի՞նչ կլինի հետո, կվերադառնա՞ Արթուրը Հայաստան, թե՞ կմնա Ամերիկայում, դժվար է ասել։ Բայց գլխավոր մարզիչ Ալեքսանդր Սարգսյանը միանշանակ հայտարարեց. «Սա դավաճանություն է», ու ավելացրեց, որ քանի դեռ ինքը գլխավորում է հավաքականը՝ Արթուր Գեւորգյանն այլեւս հեռացված է թիմից։

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Հյուսթոն-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031