Թղթերի կտորների վրա գրված եւ ամրակներով իրար միացված այս ձեռագիրը պատահաբար եմ գտել:
Գիշերը: Տուն վերադառնալիս: Հենց այդ գիշեր էլ կարդացի: Ու զգացի, որ այս, այսպես կոչված, օրագրի հեղինակը խիստ անհասկացող մարդ է: Եթե չասեմ՝ հիվանդ: Պաթոլոգիկ: Բայց, համենայն դեպս, որոշեցի ընթերցողի դատին հանձնել որոշ մտքեր այդ օրագրից: Հիմնականում նրանք, որոնք հարցեր են պարունակում: Թեեւ այդ հարցերի պատասխանները բոլորիս էլ պարզ են: Խնդիրն այլ է՝ թող բոլորն իմանան, թե ինչ տգետ ու հիվանդ մարդիկ կան իրենց շրջապատում: Նաեւ՝ անընկալունակ: Անսկզբունք: Ու, իհարկե, սրբապիղծ:
Ու, որպեսզի ընթերցողին հենց սկզբից պարզ լինի, թե ինչ տիպի մարդու մտքերի հետ գործ ունի, որոշեցի հենց այդպես էլ վերնագրել՝ «ԱՆՀԱՍԿԱՑՈՂ ՄԱՐԴՈՒ ՕՐԱԳԻՐԸ»:
ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ
Կարդացեք նաև
* Նախորդ ապազգային, եթե չասենք, ազգադավ, հանցավոր վարչակարգից դեռ քանի՞ նախարար ու փոխնախարար պետք է կառավարության անդամ, մարզպետ ու բարձրաստիճան այլ պաշտոնյա դառնա, որպեսզի վերջնականապես արձանագրենք, որ ազատագրվել ենք նախկինների ճշմարտատյաց ճիրաններից:
* Ինչու՞ ժողովրդավարության պայմաններում ժողովրդին վստահում ենք միայն հարկ վճարելը (որպեսզի պետությունը մի կերպ գոյատեւի), կաշառք տալը (որպեսզի իշխանավորներից ոմանք լավ ապրեն), իշխանավորներին գովելը (որպեսզի նրանք իրենց բարոյապես վարձատրված զգան) եւ ուրիշ ոչ մի բան: Ենթադրենք՝ ընտրել-ընտրվելը: Կամ մտածելն ու գործելը: Կամ էլ, պարզապես արժանապատիվ ապրելը:
* Երկրիս արտգործնախարարը ամիսներ առաջ հպարտությամբ նշեց, որ վերջապես իր ղեկավարած գերատեսչության պատուհանները բացվեցին Արարատի վրա: Արդյո՞ք դա նշանակում է, որ մեր երկրի քաղաքականությունը տարբեր ոլորտներում այսուհետ միայն ու միայն ճարտարապետներն են որոշելու՝ շենքերի իրենց ճարտարապետական լուծումներով: Եվ ինչ ճակատագիր է սպասվում այն գերատեսչությանը, որի պատուհանները, ենթադրենք, ցերեկն արեւին, գիշերը՝ լուսնին, երբեմն՝ կիսա ու աստղերին են նայում…
* Բոլոր քաղաքական գործիչները, ինչպես իշխանությունները գրեթե միակարծիք են մի բանում՝ իրավիճակը Հայաստանում տխուր է: Եթե փորձենք տարվա 365 կամ 366 օրվա համար էլ տոներ մոգոնել եւ նշել դրանք, Հայաստանի վիճակը ուրախ կդառնա՞…
* Ճի՞շտ է, արդյոք, Մեշա Սելիմովիչը, գրելով. «Երբ մարդիկ մտածում են, որ բարձր են մեզնից, կարող են ազնիվ ու մեծահոգի լինել»: Կամ էլ՝ «Ծանր կացության մեջ է հայտնվում այն մարդը, որը հոգեպես ավելի զարգացած է, քան մյուսները, եթե, իհարկե, նրան չի պաշտպանում դիրքը եւ այդ դիրքի հարուցած վախը: Նա մեկուսանում է, նրա չափանիշներն ուրիշ են, որոնք ոչ մեկին օգուտ չեն տալիս, բայց իրեն օտարացնում են»: Թե՞ այս ամենը ընդամենը հերթական ապազգային քարոզչություն է:
* Կոմունիստները տասնամյակներ շարունակ երազում էին կոմունիզմի մասին եւ մեզ բոլորիս էլ հավատացրել էին դրա մոտալուտ գալուստի անխուսափելիությունը: Այն բնութագրվում էր երկու հիմնական հատկանիշներով. առաջին՝ ապրանքների եւ ծառայությունների անսահման առատությամբ եւ երկրորդ՝ փողի բացակայությամբ: Այս երկուսն էլ Հայաստանում այսօր առկա իրողություններ են:
Ամեն ինչ եւ որքան ուզես կա, փող… չկա: Կարո՞ղ ենք ասել, որ մենք, աշխարհում առաջինն ու միակը, կոմունիզմ ենք կառուցել, եւ, դատելով հեռանկարից՝ հետեւողականորեն շարունակելու ենք կառուցել…
* Արդյո՞ք Վահան Հարությունյանի ցուցմունքներն ու դրանց այսօր արդեն հրապարակումն ու պրոպագանդը ուղղված են դրանցում նշված մարդկանց դեմ: Թե՞ դրանք հստակ ուղղված են այդ հրապարակումներում ընդհանրապես չհիշատակվող անձի դեմ…