Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչի՞ համար է նստած Բլեյանը

Օգոստոս 20,1999 00:00
ashot bleyan

Բլեյանի գործի շուրջ ծավալված աղմուկի մեջ մի գլուխ լսում ենք՝ «գործն ապօրինի է, սարքովի», «պատվիրատուն իշխանությունն է» եւ այլն։ Իսկ թե իրականում ինչ գործ է եւ ինչի համար է նստած պարբերաբար մեր հասարակությունը փոթորկող այդ քաղաքական գործիչը՝ գրեթե չի ասվում։

Ամենալուրջ մեղադրանքը, որ Երեւանի դատախազությունը ներկայացրել է Աշոտ Բլեյանին, այսպես կոչված, թղթի դրվագն է՝ պաշտոնական դիրքի չարաշահում պետական գույքի հափշտակությամբ (հոդված 182)։ Քննվող գործը թեեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում չարաշահումների մասին» անունն է կրում, բայց դրա մեջ է ընդգրկված նաեւ Բլեյանի նախարարական շրջանին վերաբերող վերոնշյալ դրվագը։ Փորձենք ընդհանուր գծերով ներկայացնել այս մեղադրանքի էությունը, որը 6-12 տարվա ազատազրկում է սպառնում լուսավորության նախկին նախարարին։

1995-ի գարնանը, նախորդ տարվա փորձը (սեպտեմբերի 1-ին 4 անուն դասագիրք էր տպագրված) աչքի առաջ ունենալով, լուսավորության նախարարը սկսեց բախել կառավարության դռները դասագրքերի տպագրության համար փող ստանալու խնդրանքով։ Համառ նախարարի դիմումները անպատասխան չմնացին՝ կառավարությունը խոստացավ տրամադրել որոշակի գումար։ Եվ քանի որ 1993-94 թթ. թղթի հայթայթման դժվարություններ կային Հայաստանում, լուսնախարարությունը որոշեց հայտարարել մրցույթ թղթի ձեռք բերման համար։ Նախարար Բլեյանի հրամանով ձեւավորվեց 5 հոգանոց մրցութային հանձնաժողով (փոխնախարարի գլխավորությամբ) եւ հավուր պատշաճի անցկացվեց մրցույթ։ Սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ բյուջեն ոչ դասագրքի, ոչ էլ տպագրական թղթի ձեռքբերման համար փող չունի, ուստի մրցույթը մնաց թղթի վրա եւ դասագիրք տպագրող ոչ մի հրատարակչություն չառաջնորդվեց մրցույթի արդյունքներով։ Ավելի ուշ բոլոր 4 հրատարակչությունները տարբեր ճանապարհներով թուղթ ձեռք բերեցին։

«Նոր դպրոց» հրատարակչությունն էլ պայմանագիր կնքեց ռուսական «Պրիզմա» կազմակերպության հետ, որը ոչ միայն հարմար գնի ու որակի թուղթ էր առաջարկում, այլեւ պայմանագիր կնքելու համար բոլոր հիմնավորումներն ու երաշխիքներն ուներ։ Հետո «Պրիզման» գրավոր պահանջ է ներկայացնում «Նոր դպրոցին», որ իր կողմից կնքված պայմանագրի գումարը փոխանցի իր նշած հաշվի համարին («Սուսաննա» ՍՊԸ-ին)։ Ընդ որում, ներկայացնում է դրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթային ձեւակերպումները։ Երբ պայմանագիրը սկսում է աշխատել, իսկ թուղթը ուշանալ, «Նոր դպրոցը» անհանգստացած գրագրություն է սկսում՝ պահանջներ ներկայացնելով մյուս կողմին։ Մի հսկա թղթապանակ է գոյանում «Նոր դպրոցի» դիմում-պահանջներից՝ ուղղված ե՛ւ Վորոնեժի մարզի ադմինիստրացիային, ե՛ւ դատախազությանը։ Ապարդյուն։ «Պրիզմայից» փողը կամ թուղթը ստանալու համար պետական լծակները պիտի աշխատեին։ Իսկ քանի որ Բլեյանն արդեն նախարար չէր, իսկ «Նոր դպրոցն» էլ արբիտրաժային դատարան դիմելու համար անհրաժեշտ 12 հազար դոլարը չուներ, ուստի հարցը մնում է բաց։

Ի դեպ, այդ 120 հազար դոլարը պետական բյուջետային գումար չէ, ոչ էլ ծնողների բաժանորդագրական գումարներից է (մինչեւ վերջին բաժանորդագրված գիրքը ծնողները ստացել են), այլ հրատարակչության եկամուտներից է, որը պիտի ծառայեր նրա զարգացմանը։ Այսինքն, տուժողը հենց «Նոր դպրոցն» է։ Ընթերցողը կհարցնի. իսկ ինչո՞ւ պետական ատյանները՝ ՆԳ եւ կրթության նախարարություններում չզբաղվեցին այս գումարը բերելու հարցով։ Ինչը այսօր էլ ուշ չէ եւ ռուսական օրենսդրությունը նման դեպքերում նախատեսում է երաշխավոր կազմակերպությունների (բանկի) 100%-անոց պատասխանատվություն, իսկ «Պրիզման» էլ ծաղկող, բարգավաճող կազմակերպություն է։ Պարզ է, որ քաղաքացիա-իրավական կարգով գումարի հատուցման դեպքում Աշոտ Բլեյանին դատական պատասխանատվության ենթարկելու ծրագիրը կտապալվի։ Նաեւ կբացահայտվի տարիներ շարունակ այս գործով զբաղված քննչական խմբերի աշխատանքի ողջ սնանկությունը եւ ակնհայտ կդառնա, որ վեճը զուտ տնտեսական է։ Ուստի ժամանակին այս պատվերը տված եւ պատվերի մեջ ներքաշված դատախազությունը շարունակում է ներկայացնել, որ Աշոտ Բլեյանը հանցանք է գործել, իսկ նրա ստորագրությունը կա միայն մեկ փաստաթղթի տակ՝ մրցութային հանձնաժողով ստեղծելու հրամանի։

Ի դեպ, «Նոր դպրոց»-«Պրիզմա» չկայացած գործարքից առաջին հերթին տուժել է Բլեյանի կրթահամալիրի «Շաղիկ» հրատարակչությունը, որը 95-ին «Նոր դպրոցին» է տրամադրել դասագրքերի տպագրության համար պակասող թուղթը։ Ինչո՞ւ պիտի «յուրացման» համար Բլեյանը վճարեր իր «գրպանից»։ Եվ մի բան էլ. հանրակրթության վերջին տասնամյակների պատմության մեջ եզակի տարիները, երբ մոտ 60 անուն դասագիրք է տպագրվել, բաժին է ընկնում Բլեյանի շրջանին, երբ բյուջեից ոչինչ չէր հատկացվել, իսկ Համաշխարհային բանկն էլ դեռ չէր միջամտել դասագրքաստեղծման պրոցեսին։ Դա այն տարին էր, երբ 120 հազար դոլարի թուղթը չհասավ Հայաստան եւ իր համառության ու տքնաջան աշխատանքի շնորհիվ դասագրքեր տպագրած լուսնախարարին ոչ թե խրախուսեցին ու գնահատեցին, այլ աշխատանքից ազատեցին (96-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո)։

ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031