Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԻԿՈԼԻ «ԳՈՐԾԸ»

Օգոստոս 20,1999 00:00
oragir

Եվ այսպես, հայոց նորանկախ ժուռնալիստիկայի պատմության մեջ առաջին անգամ, չբավարարվելով քաղաքացիական բազմաթիվ հայցերով դատարաններ դիմելուց (եւ ի դեպ, հայցվորների օգտին վճիռներ շնորհելուց), քրեական գործ հարուցվեց «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ։

Որպեսզի մյուս լրագրողներին «դաս լիներ», նրա դեմ դրվեց միաժամանակ մի քանի «դաստիարակչական» հոդվածներ. ՀՀ քր. օր. 131 հոդվածի 1-ին, 3-րդ, 132 հոդվածի 2-րդ մասեր, 208 եւ 1914 հոդվածներ։ Մեծ երգիծաբան Լեռ Կամսարը Նիկոլի վրա «շարված» հոդվածների կապակցությամբ էլ պիտի մտածմունքի մեջ ընկներ, գրելով թե. «Այնուհանդերձ կզգայի, որ գործածը անանկ հանցանք մըն է, որ 208 նոմեր ունի. կնշանակեր գործած հանցանքեն վար 207 հոդված կար, որ ավելի պզտիկ հանցանքներ կնախատեսեր, կնշանակեր թե՝ հանցանքը 208 անգամ ծանր էր համար մեկ հոդվածին հանցանքեն… ու այսպես հաշվելով եկա այն եզրակացության, որ չէ, Նիկոլի բանը բուրդ է»։ Եվ իրոք, 13203099 թվակիր քրգործը բաղկացած է 8 «հատորից», այն է՝ 8 էջից։ «Դեպքը տեղի է ունեցել 20.05.99 թ.», գուժում է քրեական գործը։ Երբ կարդաք այս տողերը, չհուզվեք. դեպք ասելով մեղադրանք առաջադրողները նկատի են ունեցել այն չարաբաստիկ հրապարակումները, որոնք զետեղվել են այդ օրվա «Օրագրում»։

Իսկ «դեպքի» անուններն են. «ժամանակի հրամայական» եւ «Ա. Գեղամյանի ոսկու կարասը»։ Տեղեկացնենք, որ «դեպքի» պատճառով տարբեր կարգի «մարմնական վնասվածքներ» են ստացել եւ տուժող են ճանաչվել Նորիկ եւ Վարդան Այվազյանները (հայ եւ որդի) եւ Անուշ Պլուզյանը։ Երկու հոգի էլ՝ Արայիկ Սահակյանն ու Վարդան Գասպարյանը (հարկադիր կատարողներ) տուժող են ճանաչվել Նիկոլի «կազյոլ» բառօգտագործումից։ Այս «զարհուրելի», «անմարդկային», «հանրության համար խիստ վտանգավոր» քրգործով վկաներ էլ կան, 5-ը։ Ի դեպ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հարգվեց անցյալ շաբաթ «ամբաստանյալ Նիկոլ Փաշինյանի» պաշտպան Տ. Ջանոյանի միջնորդությունը եւ որպես վկաներ դատակոչվեցին 4-ը. 3-ը լրագրողներ, 1-ը՝ մաքսային վարչության պետի տեղակալը (նախկին)։ Ինքնին խոսուն է, համաձայնվեք, որ լրագրող-խմբագիրը ներգրավվում է քրգործի մեջ, որ նրան կոչում են ամբաստանյալ, որ խափանման միջոց է ընտրվում ստորագրություն չհեռանալու մասին…

Ըստ մեղադրական եզրակացության «պարզվել» է, որ ս.թ. մայիսի 20-ի «Օրագիր» թերթի «համարում» «գործով չպարզված ոմն «Ն. Մ.-ի» կողմից ներկայացված նյութի հիման վրա Փաշինյանը տպագրել է նաեւ «Ա. Գեղամյանի ոսկու կարասը» վերնագրով Պլուզյանին եւ նրա ամուսնուն, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանին նշավակող, ակնհայտ զուտ հերյուրանքներ, հայտնելով, թե 1993 թ. Պլուզյանը «… իր հետ վերցրել էր, թերեւս, տան եղած-չեղածը, լավ տարիների ընթացքում կուտակած ողջ ոսկեղենը եւ փորձել էր մաքսանենգ ճանապարհով Հայաստանից դուրս բերել…»։ Նախաքննական մարմինը «ցնցված» է, թե Ա. Պլուզյանին զրպարտելը զուգորդվել է ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրելու հետ… Օգոստոսի 27-ի դատական հերթական նիստի ժամանակ (որին ուշի-ուշով հետեւում են Ամերիկայի իրավաբանների միության ներկայացուցիչները – Ռ. Մ.), Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մինչ այս հրապարակումը, փաստի առթիվ ինքն անձամբ, ինչպես եւ թղթակիցը՝ Նաիրա Մամիկոնյանը, որին անճարակորեն «ոմն Ն. Մ.» է անվանել նախաքննական մարմինը, հանդիպել են մաքսային վարչության նախկին պետ Երջանիկ Աբգարյանի հետ, որն ամենատեղեկացվածն էր եւ «մաքսանենգության ամեն մի դեպք զեկուցվում էր նրան»։

Ե. Աբգարյանն ասել է. «այո, ճիշտ է, դեպքը տեղի է ունեցել» եւ ինքն այդ կապակցությամբ թերթում հղում է արել։ Զարմանալի է եղել այս պարագայում այն, որ Ե. Աբգարյանը «չի անցել» որպես վկա. Նիկոլի կարծիքով «կամ նախաքննական մարմինը մինչեւ վերջ չի կարդացել հոդվածը, կամ չարամտություն է ցույց տրվել…»։ Ընդհանրապես, Ն. Փաշինյանը համաձայն չէ, երբ իր վրա «զրպարտություն» հոդվածն է նաեւ դրվել։ Նրա բնորոշմամբ «զրպարտությունը հուզական կատեգորիա չէ, այլ՝ իրավական», որն ընկալելու կոչ արեց ներկաներին՝ ցիտելով դատավոր Պ. Օհանյանի «լրջացեք» արտահայտությունը։

8 «հատորի» մեջ առկա է նաեւ Ա. Պլուզյանի եւ մաքսային վարչության պետի նախկին տեղակալ Լեւոն Կիզոկյանի (մի տեղ նույնիսկ գրված է՝ Կոզոկյան – Ռ. Մ.) առերես հարցաքննության դրվագի «գնահատականը», «որի ընթացքում Ա. Պլուզյանը պնդեց, որ 30.06.99 թ. «Առավոտ» օրաթերթի համարում եւ իր ցուցմունքում Կիզոկյանը ստել է, ասելով, թե իբր 1993 թ. ինքը թույլ է տվել մաքսային կանոնների խախտում եւ իր մոտից առգրավվել են «երկու հատ փոքրիկ ադամանդե քարեր»… Նախաքննական մարմինը «պարզել» էր, որ Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի 1992-93 թթ. որոշումների եւ նյութերի մուտքի մատյանների զննության արձանագրությամբ Ա. Պլուզյանի անվամբ եւ նրա մոտից առգրավված արժեքների գնահատման համար փորձագետների մոտ ոչ մի փաստաթուղթ կամ նյութական արժեք որեւէ պետական մարմնից չի ստացվել…

Պետք է տեղեկացնեմ նաեւ, որ 1999 թ. հուլիսի 16-ին պաշտպան Տ. Ջանոյանը միջնորդություն էր ներկայացրել հանցադեպի բացակայությամբ գործը կարճելու մասին, ինչը «լրիվ մերժվել» էր։ Այնտեղ նշվել էր, որ Ա. Պլուզյանի «վերաբերյալ հոդվածը հանդիսանում է ինֆորմացիայի տարածում եւ չի կարող առաջ բերել քրեաիրավական հետապնդում»։ Այլ կարծիքի էր ճանաչված իրավաբան, «ՄԱԿ-ի ամբիոններում» ելույթներ ունեցած Ն. Այվազյանը, որը կարծում է. «Մարդասպանին կարելի է արդարացնել, զրպարտչին՝ ի՞նչ արդարացնել»։ Տեսնենք. գնդակահարության պահը մոտենում է։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031