Արձակուրդ գնալուցս մեկ օր առաջ խմբագրություն զանգահարեց հարկայինից մեկը, ներկայացավ եւ տվեց ինձ… ժամկետ՝ (մինչեւ հաջորդ առավոտ, ժամը 10.00-ն) պետական հարկը մուծելու համար։ Որքան էլ փորձում էի հարկայինին «սթափության» կոչ անել, թե ես հարկայինի հետ կապված խնդիր վերջին հազարամյակում չեմ ունեցել, չունեմ, որ ոչ ձեռներեց եմ, ոչ էլ մանր, միջին, խոշոր բուրժուա, որ նույնիսկ հարկայինի տեղը (տվյալ տարածքի) չգիտեմ, որ անհասկանալի է պետական հարկ մուծելու պահանջը, զանգահարողն իր հերթին զայրանում էր, թե «խուսափում ես, հա՞, կգաս, կիմանաս»։
Վերջին հարցս էլ չսթափեցրեց նրան. «Այս հանրապետությունում ուրիշ Ռուզան Մինասյան չկա՞»։
Պատասխանեց.
– Չկա։ Կգաս հարկդ կմուծես, կիմանաս։
Կարդացեք նաև
– Լավ,- զենքերս վայր դրած հարցրի նրան,- ինչքա՞ն է այդ չարաբաստիկ հարկը։
Պատասխանը չուշացավ.
– 10 հազար դրամ…
Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, վիճակս։ Հարկ պետք է գնամ-մուծեմ ու չգիտեմ՝ ինչի համար։ Զանգեցի հարկերից-մարկերից հասկացող ծանոթներիցս մեկին ու ասացի, թե հարկայինից են կանչել։ Նա հանգստացնելու փոխարեն ասաց.
– Քո անունով, հիշի՛ր, կոոպերատիվ կա՞։
– Չէ, ասում եմ։
Նա չի հանգստանում.
– Խանո՞ւթ, խանութի՞կ… Կարող ա որեւէ տեղ գործ ես դրել, եկամուտներդ էլ պետությունից թաքցրել ես։ Ոնց գցում-բռնում եմ, չէ։ Ընդհակառակը, պետությունն է իր եկամուտները իր շարքային քաղաքացիներից թաքցնում, պահում։ Նա չի հանգստանում.
– Անձնագիրդ որեւէ մեկին ձեռի հետ տված կա՞ս։ Ուղեղս քչփորում, դատարկում-լցնում եմ սեղանիս, նման բան չեմ հիշում։
Ծանոթս էլի չի հանգստանում.
– Հաստատ մի բան կա, չգիտես։ Գնա, հանձնվիր։
Էլ ի՞նչ արձակուրդ, ի՞նչ բան։ Ծաղկաձորին մտովի հրաժեշտ եմ տալիս ու պատրաստվում… հանձնվելու։ 24 ժամ աչք չեմ փակում։ Մտածում եմ. հանկարծ ու պարզվի, որ եկամուտ եմ ունեցել, խանութ, խանութիկ, էս բյուջեի ճեղքվածքն էլ վրադիր։ Հանկարծ ու պարզվի, որ էս բյուջեի գրպանը մտնողներից մեկն էլ ես եմ եղել (բյուջեի գող… թու՛, թու՛, թու՛)։ Առավոտն աչքերս ուռած, կախ սրտով, ոչ էն է՝ մեռած, ոչ էն է՝ չթաղված, հարցնում եմ տվյալ տարածքի հարկայինի տեղը։ Բարձրանում եմ երրորդ հարկ։ Բացում եմ դուռը։
Ներկայանում եմ.
– Ռուզան Մինասյան։ Հարկայինի համապատասխան բաժնի աշխատողն ավետում է.
– Դուք ուշացել եք։ Ռուզան Մինասյանը հարկը մուծեց ու գնաց։ Պարզվեց՝ մի ձեռներեց կա, որը հարկ է մուծում, որի հեռախոսի համարը մեր խմբագրության հեռախոսահամարից տարբերվում է երկու նիշով։
Հիմա ի՞նչ եմ խնդրում իմ երկրորդ «եսից». ճիշտ ժամանակին կարգավորիր հարցերը հարկայինի հետ։ Թե չէ չեմ նայի, որ իմ անունն ու ազգանունն ունես…
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ