Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՜ՆՉ ՀԱՎԵՍՈՎ ՉԳՐԵՑԻ ԱՅՍ ԹԵՄԱՆԵՐՈՎ

Օգոստոս 20,1999 00:00
byuje

Հենց «Առավոտը» հայտարարեց արձակուրդ գնալու մտադրության մասին ՀՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ բյուջեի վերանայմանը։ Բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը նորընտիր խորհրդարանից մի շաբաթից պակաս ժամանակ պահանջեց։

Իմ բանջարը քո հանճարին վնաս չէ

Իր աշխատանքային մի քանի օրերի ընթացքում նոր խորհրդարանը փարատեց բոլոր կասկածները։ Նորընտիր երեսփոխանները շատ կարճ ժամանակամիջոցում ծանոթացան օրենքի նախագծի հետ։ Ծանոթացան ու խորապես ըմբռնեցին փոփոխությունների ու լրացումների 180 էջանոց թվախեղդ ու աղյուսակախեղդ փաստաթուղթը։ Փույթ չէ, որ անգամ կառավարության ու նախարարությունների աշխատակազմում ներգրավված տնտեսագետները դրանց պատրաստման համար մի քանի անգամ ավել ժամանակ են կորցրել։

Փաստորեն ոչ մի կասկած չմնաց պատգամավորների ինտելեկտուալ հնարավորությունների մասին։ Նրանց թեթեւ ձեռքով բյուջեն տեղ-տեղ կրճատվեց, տեղ-տեղ փոխվեց։ Միակ ուրախալին թերեւս այն էր, որ մոտ 1 մլրդ դրամով կրճատվեց պետական կառավարման մարմինների ծախսերը։ «Կրճատումը հիմնականում կկատարվի (…) ոլորտների գործունեության համար հույժ կարեւոր նշանակություն չունեցող ծախսերի եւ ծրագրերի գծով»,- գրված է օրենքում։ Հետաքրքիր է նաեւ, որ այդ ոչ հույժ կարեւոր ծախսերի թվարկման մեջ առաջինը գրասենյակային ապրանքների եւ նյութերի ձեռքբերումն է։ Այնպես որ, մինչեւ բյուջետային տարվա ավարտը պետական օղակներ դիմող քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս անպայման գրիչ տանել հետները։ Այլապես չինովնիկները կհրաժարվեն ընթացք տալ ձեր գործերին՝ գրիչ չունենալու պատճառաբանությամբ։

Վարքս վարկիդ վնաս չէ

Խորհրդարանի աշխատանքային շաբաթվա ընթացքում պարզվեց, որ մեր կառավարությունը էներգետիկ նոր վարկերի հույժ անհրաժեշտություն ունի։ Մի քանի օրը բավարար եղավ, որ պատգամավորներն ըմբռնեին երկրի արտաքին պարտքը 100 մլն դոլարով ավելացնելու անհրաժեշտությունը։ Նրանք կրքոտ քննադատեցին նախկին ռեժիմի անարդյունավետ աշխատանքը վարկերի ծախսման ուղղությամբ եւ խոստացան, որ դրանք այլեւս միմիայն արդյունավետ կծախսվեն։ Մանավանդ որ, նոր վարկերը սովորական չեն, այլ արտոնյալ։ Այսինքն տոկոսավճարներն ու բուն գումարը վերադարձվելու են մի քանի տարի հետո։ Պատգամավորներից շատերն առաջին անգամ էին պետական պարտք վերցնում։ «Արտոնյալ վարկ» հասկացությունից շփոթված նրանցից շատերն անգամ չփորձեցին պարզել, թե հին՝ արդեն ծախսված, վարկերի մեջ կա՞ն արդյոք արտոնյալ վարկեր։ Կարելի էր մտածել, թե նման առաջին վարկն էր հաստատվում։

Բերքահավաք

Ամռան վերջին օրերը բառի ուղիղ ու փոխաբերական իմաստով բերքահավաքի շրջան է։ Բերքահավաքը ցավոտ անցավ բոլորի համար։ Գյուղատնտեսության ոլորտը բացառություն չէր։ Գյուղացին հողը վարեց, ցանեց՝ սոլյարկան 2500 դրամով։ Հետո, բերքը հավաքելուց ու իրացնելուց, վառելանյութը 3500 դրամ էր։ Օգոստոսի վերջին ԱԺ-ին ներկայացված փաստաթղթում կառավարությունը հետին թվով ծխախոտի արտադրանքի հաստատագրված վճարների եւ բենզինի բնապահպանական վճարների բարդացման մասին էր գրում։ Ընդորում գրված էր հետաքրքիր ոճով՝ «առաջարկվում է 1999 թ. օգոստոսի 1-ից»։ Փաստորեն օգոստոսի 28-ին առաջարկվում էր «օրինականացնել» այն, ինչ կիրառվում էր օգոստոսի 1-ից։ Արդյունքում բերքահավաքից գյուղացիների փոխարեն ուրիշներն են օգտվում։ Իսկ կիսապաշտոնական տվյալներով տեխնիկայի եւ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով գյուղացին կկորցնի աճեցրած բերքի մոտ 15 տոկոսը։ Ոչ ոք չի հաշվարկի, թե կորուստները որքանով են պայմանավորված վառելիքի թանկացումով։ Մի բան պարզ է. բենզինի գնային պատերազմում պետությունն առայժմ պարծենալու ոչինչ չունի։ Չնայած պաշտոնական կանխատեսումներին՝ բենզինի գինն աճեց եւս 200 դրամով։

Վառելիքի հարցում օգնել չկարողանալով ՀՀ վարչապետը փորձեց գյուղմթերքների մթերումների համար 500 հազար դոլար վարկային միջոցներ հայթայթել բանկային համակարգից։ Փորձեց ու պարզեց, որ դա անհնար գործ է։

Բանկերը մերժեցին վարչապետին ու հպարտացան այդ փաստով՝ «տեսեք, տեսեք անկախ ենք»։ Նորություն էին հայտնաբերել։ Մոռացել էին, որ 1991-ի սեպտեմբերի 21-ից ենք անկախ։ Մերժելուց էլ հաստատ լուրջ փաստարկներ էին բերել։ Չէին ասել, որ բանկային կապիտալի ծավալում հիմնականը ներգրավված միջոցներ են։ Սեփական փող քիչ ունեն։ Ուրիշից ներգրավված միջոցներով տնտեսության արտադրական հատվածը չես վարկավորի։ Ավանդներով միայն կարճաժամկետ՝ առեւտրային (առեւտրական), վարկեր կարող ես տալ։

Այս ու նման մի քանի խնդիրներ «Առավոտը» չլուսաբանեց։ Արձակուրդից վերադառնալով մեր թերթը հանրապետության տնտեսությունը գտավ նույն վիճակում, ինչպիսին թողել էր արձակուրդ գնալուց։ Չնայած խրոխտ կոչերին՝ ավգյան ախոռները ոչ ոք չէր մաքրել։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031