Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՄԻ՛Ր, ԹԵ ՉԷ ԳԼԽԻԴ ԿԼՑՆԵՄ

Օգոստոս 19,1999 00:00
kenac

Երեւանում աստիճանաբար ավելանում են տարբեր երկրների ազգային խոհանոցը ներկայացնող ռեստորաններն ու սրճարանները։ Հիմա, էն խորհրդային տարիների նման այլեւս «ստիպված չենք» մի հատ իտալական պիցցա ուտելու համար «վազել» Իտալիա կամ հնդկական կծու կերակուրները համտեսելու համար էս շոգին-կրակին հասնել Հնդկաստան։ Քաղաքակրթվել, աչքներս բացվել է, չէ՞, էլ ինչ Ֆրանսիա ու Չինաստան, Թուրքիա ու Իրան, երբ այդ երկրների ազգային խոհանոցներն իրենք են եկել մեր քաղաք ու «էստի համեցեք» ասում։

Օրերս Երեւանում ինձ համար հայտնաբերեցի եւս մի ազգային խոհանոց՝ այս անգամ արդեն «Լիբանանյան խոհանոց»։ Սրճարան-ռեստորանի (այս ձեւը միտումնավոր ենք օգտագործում, քանի որ այդպես էլ չկարողացանք պարզել՝ այն սրճարա՞ն է, թե՞ ռեստորան) ցուցանակը շատ գայթակղիչ ու խոստումնալից էր. ահա, մտածում էի ես, ներս կմտնեմ ու իմ առջեւ կբացվի արեւելքի Փարիզի գաղտնիքները։ Անկեղծ ասած, մի փոքր էլ մտավախություն ունեի, թե երեւանյան տապին, եթե գումարվի արեւելյան ջերմությունը՝ հաստատ ճնշումս կիջնի։ Ջերմաստիճանի վերաբերյալ անհանգստությունս ցրվեց սրճարան-ռեստորան մտնելուս հենց առաջին իսկ պահին։ «Լիբանանյան խոհանոցի» ողջ տարածքը գերհագեցած էր օդամղիչներով, ներսում սարսափելի զով էր, այնպես որ՝ դուրս գալուց նույնիսկ թթեւակի մրսածության զգացում ունեինք։ Սրճարան-ռեստորանի մատուցողների ու ողջ անձնակազմի վերաբերմունքը մեզ՝ տեղացի այցելուներիս ուղիղ համեմատական էր սրճարանի ջերմաստիճանին։ Երբ ներս մտանք, «Լիբանանյան խոհանոցում» ընդամենը 2 սեղան էին զբաղված։ Մեզ նախ մոտեցավ առաջին մատուցողուհին, որի դեմքից դժվար չէր կռահել, որ նա քիչ առաջ է լիմոն կերել, ապա II մատուցողուհին, որը դեմքի արտահայտությամբ գերազանցում էր ընկերուհուն։ Մեզ հրամցված ճաշացուցակում մի քանի անվանումներ կային (հիմնականում հայ լայն հասարակայնությանը քաջ հայտնի խորովածներն ու կարտոֆիլ ֆրիներն էին, ինչպես նաեւ ոգելից եւ ոչ ոգելից խմիչքները)։ Այդ տարօրինակ անվանումներից էլ ենթադրեցինք, որ հենց այդ ճաշատեսակներն են լիբանանյան խոհանոցից։ Ու քանի որ ցանկություններս մեծ էր «Լիբանանյան խոհանոցում» համտեսել հենց այդ ազգային կերակուրները՝ օգնություն աղերսող հայացքով դիմեցինք (համարձակություններս բավարարեց) մատուցողուհուն։ Ընդամենը հասցրել էինք հարցնել՝ ինչ ասել է լիբանանյան հաց, որպեսզի պատկերացում կազմենք պատվիրելու համար, երբ մատուցողուհու բարկացած տոնից հասկացանք, որ այլ հարցերը ոչ միայն ավելորդ են, այլ նաեւ վտանգավոր։

«Մենք ձեզ նեղացրել ե՞նք», փորձեցի լարված մթնոլորտը զգուշորեն ցրել։ «Ո՛չ, իմ բնավորությունն է այդպիսին»,- ատամների արանքից շպրտեց գեղեցկուհին։ Լիբանանյան խոհանոցի վերաբերյալ մեր սահմանափակ իմացությունների շրջանակում ինչ-որ կերակուրներ պատվիրեցինք ու սրտատրոփ սպասեցինք դրանց գալստյանը։ Այդ ընթացքում սրճարան-ռեստորանը հյուրընկալեց բավականին թվով օտարերկրացիների՝ հիմնականում պատկառելի տարիքի։ Դատելով նրանց անգլերենից՝ ամերիկացիներ էին, որոնք Հայաստանը չէին կարողանում պատկերացնել առանց «Լիբանանյան խոհանոցի»։ Իբրեւ գաղտնիք, ասեմ, որ այս սրճարան-ռեստորանը իրենց ներկայությամբ պատվեցին նաեւ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր տիկինը։ Օտարերկրացիների (հատկապես միջին տարիքի տղամարդկանց) գալուն պես 180 աստիճանով փոխվեցին մատուցողուհիների ոչ միայն դեմքի արտահայտությունը, այլ նաեւ բնավորությունը։ Ընդհանրապես, տպավորությունն այնպիսին էր, որ սա ոչ թե հասարակական սննդի վայր է, այլ ինչ-որ մեկի սեփական տունը։ Եվ օտարերկրացի հյուրերը շատ սպասված ու հրավիրված մարդիկ էին, իսկ մենք՝ տեղացիներս, այդտեղ էինք հայտնվել անկոչ հյուրի կարգավիճակով։ Ի դեպ, օտարերկրացիներին գրկաբաց ընդունելու տենչով վառվում էին ոչ միայն մատուցողուհիները (նրանց, ով գիտի, իսկի տրված էլ չէր արժանանալ այդ «բարձր» պատվին), այլ սրճարան-ռեստորանի «բարձրաստիճան պաշտոնյաները»։

Խորթ զավակի նման «Լիբանանյան խոհանոցում» ժամուկես «հյուրընկալվելուց» հետո օձիքներս վեր բարձրացրինք ու գլուխներս կախ դուրս եկանք հերթական ազգային խոհանոց գտնելու ակնկալիքով։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ. Գ. Իմ անվերջ աղերսներին՝ իմանալ խոհարարի ազգանունը (ուզում էի գոնե այդպես համոզվել, թե խոհանոցում Լիբանանից մի «հատիկ» կա)՝ մատուցողուհին գուժեց՝ «գաղտնիք է»։ Իսկ երբ նրան պարզեցինք ճանճը մեջը հյութով բաժակը՝ մատուցողուհին այնպիսի խիստ հայացքով նայեց, քիչ մնաց ասեր. «Խմի՛ր, թե չէ գլխիդ կլցնեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031