Դուք երբեւէ տեսե՞լ եք հրաշագեղ մկնիկներին՝ սպիտակաբաշ, մոխրագույն մարմնով փոքրիկ կրծողներին: Ես տեսել եմ, տեսել եմ նաեւ նրանց խրախճանքն ու պարը, սա նույնպես արվեստ է, սակայն արվեստ է ոչ մասսայական, այլ՝ որոշակի թվով մարդկանց համար։
1999 թվականի փետրվար ամսին ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում տեղի ունեցավ գեղարվեստական ղեկավարների հավաք՝ ֆիլհարմոնիկի տնօրեն Գագիկ Ղազարյանի մոտ, որը ամփոփվեց մեկ նախադասությամբ. «Մեզ մոտ վերանորոգում է սկսվում քաղաքապետի հրամանով, փորձերը դադարեցրեք եւ ազատեք փորձասրահները»։ Մենք՝ «Տկզար» պետական համույթի գեղարվեստական ղեկավար Կառլեն Միրզոյան, «Գուսանական եւ ժողովրդական երգի» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Վարդանյան, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Հենրիկ Մանգասարյան, ինչպես նաեւ նշված համույթների տնօրենները հանդիպում ունեցան ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանի հետ։
Նախարարը միանգամից հայտարարեց. «Ընկերներ, անհանգստանալու ոչինչ չկա, մեկ-երկու շաբաթ հանգստացեք, որից հետո կվերադառնաք ձեր փորձատեղերը, բացի երգի-պարի անսամբլի պարային մասից, նրանց մենք կտեղափոխենք մեկ ուրիշ փորձատեղ»։ Մենք՝ միամիտներս, չհավատալով հավատացինք եւ զինվեցինք սպասելու համբերությամբ։ Անցել են օրեր, շաբաթներ, ամիսներ, սայլը տեղից չի շարժվում։ Հետո հասկացանք մեր վերադասների վաղօրոք ծրագրած պլանները։ Շատ թե քիչ հորդորանքներից հետո քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության վարչության պետերի մասնակցությամբ հրավիրվեց խորհրդակցություն՝ գեղարվեստական ղեկավարների մասնակցությամբ։ Ամենակարեւոր ելույթը քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ելույթն էր, որը հայտարարեց, թե ֆիլհարմոնիկ համերգասրահը այսուհետեւ դառնալու է «Էլիտար» դահլիճ, որ այդ դահլիճը խմբերին իբրեւ փորձատեղ չի ծառայելու, իբր թե իրենք մեզ տրամադրելու են փորձատեղեր։
Զարմանալի է փաստը. Արա Երնջակյանը լինելով արվեստագետ, վերջերս սկսել է բիզնեսով զբաղվել, այն էլ՝ «Միսս Հայաստան»։ Բոլորիս միանգամից հասկանալի է՝ ինչ է դառնալու եւ ում է ծառայելու այդ «Էլիտար» կոչված անհասկանալի տերմինով ածանցված խեղճ ժողովրդական երաժշտության միակ համերգասրահը։
Կարդացեք նաև
Մենք միանգամից, առանց ավելորդ բացատրությունների հարց ենք տալիս. այս երկիրը տեր, իշխանություն, կառավարություն ունի՞, թե՞ չունի, այս ժողովուրդը, որ առայժմ տեղակայված է այս հողակտորի վրա, իր ինքնուրույն մշակույթը ունի՞, թե՞ չունի։ Եթե տեր ունի, պետք է հարց տա՝ ժողովրդական երաժշտության միակ դահլիճը ինչպե՞ս եւ ինչո՞ւ հայտնվեց քաղաքապետարանի բալանսում։ Պատասխան՝ որովհետեւ քաղաքապետ Վանո Սիրադեղյանը այդպես էր հրամայել, ուրեմն՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավորը։ Ինչ է կատարվում այս երկրում, այս անմեղ ու խեղճ ժողովրդի հետ, նրա, առայժմ պահպանված, մշակույթի հետ, կա՞, արդյոք, մեկը, ում կարելի է բացատրել, որ անխղճորեն ոչնչացնելով ազգային մշակույթը, շուտով, շատ շուտով մնալու ենք դատարկ, անդեմ, խեղաթյուրված անմշակույթ ցեղ, որը կորցնելով մշակույթը, կորցնում է իր ազգային նկարագիրը, ազգային խիղճն ու հոգին։ Ֆիլհարմոնիկ համերգասրահը մինչեւ այսօր դատարկ է, տնօրենը, տեղակալը, հերթապահներն են մնացել եւ անչափ ուրախ են, քանի որ երաժշտական ձայները լռել են, մնացել են մկնիկների խրախճանքները, որոնք ավելի հոգեհարազատ են արվեստի հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց, որոնք հատուկ հպարտությամբ են արտասանում «Դուք հետ չեք գալու, գալու մասին մոռացեք» բառերը։ Խեղճ Մանթաշյան, եթե այս մասին կռահեր, ժամանակին գուցե չէր կառուցի այդ համերգասրահը։ Ակամայից հիշում եմ պատգամավորական ընտրությունների քարոզարշավներում հնչած ֆրազները… Մենք գալիս ենք ծառայելու մեր ժողովրդին ու նրա մշակույթին։
«Պետք է պրոֆեսիոնալը աշխատի իր իսկական մասնագիտությամբ…»։
ԿԱՌԼԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ