Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՆՍՈՎ ՆՍՏԱԾՆԵՐԸ-3

Օգոստոս 19,1999 00:00
ashot bleyan

Կալանքը որպես խափանման միջոց գերշահույթ ապահովող հուսալի բիզնես է քննիչի, դատախազի ու դատավորի համար։ Առ այսօր որեւէ քննիչ, դատախազ ու դատավոր պատժվե՞լ է ակնհայտ ապօրինի ձերբակալման կամ կալանման համար, երբ քրեական օրենսգրքում կա այդպիսի արարքի համար հատուկ հոդված (հոդված 192)։ Գոնե ուսումնասիրվո՞ւմ է այս պրակտիկան։

Վանո Դավթյանը արդեն օրեր շարունակ ակնհայտ ապօրինի անազատության մեջ է։ Իմ ակնհայտ ապօրինի ձերբակալման ու կալանման մասին շատ է գրվել։ «Մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր (ՀՀ քրեադատավարական օրենսգիրք, հոդված 18)։ Ի հեճուկս քրեադատավարական սկզբունքների՝ մեզանում մեղադրյալի նկատմամբ կիրառվող կալանքը որպես խափանման միջոց կիրառվում եւ ընկալվում է որպես պատիժ։ Ես ու Վանոն այդպես չենք ընկալում։ Սակայն աջուձախ, կալանավորների թե հսկիչների վերաբերմունքում, վարքում նույն պատն է՝ իսկ դու, կալանավոր, ի՞նչ իրավունքով ես օրենքից խոսում, քեզ պատժել են, ու դու իրավազուրկ ես… Հետո՞ ինչ, որ օրենքով ու Սահմանադրությամբ անմեղ ես համարվում, քանի դեռ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը. մանավանդ որ առայժմ չկա, բայց կլինի…

Ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոցը, որ 2 ամիս կիրառվեց իմ նկատմամբ, հասկանալի էր, օրինական ու «պատժի տարրեր չէր պարունակում»։ Բայց պատժել պետք էր, ու ինձ կալանավորեցին։

Պատիժ թիվ 1։ Ոչ միայն կալանավոր հոր, այլեւ երեխաների ու կնոջ համար։ Մինչեւ 5 տարեկան երեխային կալանավորը կարող է հանդիպել ամիսը մեկ անգամ՝ կալանատան պետի թույլտվությամբ, 1-2 ժամով։ Իսկ 5 տարեկանից մեծ երեխային կամ կնոջը կարող է չտեսնել մինչեւ մեկ տարի։

Պատիժ թիվ 2։ Ոչ միայն կալանավորի, այլեւ նրա ընտանիքի, հարազատների, աշխատակիցների, ընկերների համար։ Շատ բնական-մարդկային է թվում «անմեղ համարվող քաղաքացու համար» ընտանիքի, հարազատների, ընկերների, աշխատավայրի հետ հաղորդակցությունը, նրանց մասին մշտական, թարմ տեղեկատվությունը։ Սա երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ. «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ» (հոդված 20)։ Իսկ կալանավորը պատժված-զրկված է անգամ իր ընտանիքի հետ հեռախոսային-նամակագրական կապից։ Ինչո՞ւ։ Հարգելի՛ իրավապահ, պարտավոր ես, ապահովիր քաղաքացու իմ հաղորդակցությունը, իսկ նախաքննության մարմինը թող որպես օպերատիվ հետախուզական միջոցառում միջնորդություն ներկայացնի դատարան՝ կալանավորի հաղորդակցության գաղտնիության իրավունքի սահմանափակման վերաբերյալ։ Թե չէ կալանավորին այլ բան չի մնում, քան «քսիֆը»՝ որպես վճարովի ծառայություն…

Պատիժ թիվ 3։ Օրենքը թույլատրում է կալանավորի խուզարկություն միայն քննիչի պահանջով, իսկ «շմոն» կալանատանը անում է ով կամենա եւ երբ կամենա։

Պատիժ թիվ 4։ Քաղաքացու սահմանադրական իրավունքն է՝ խոսքի ազատությունը, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով (հոդված 24)։ Իմ դեպքում մեկնաբանություններն ավելորդ են. կալանքը գործում է որպես նոր ուղու խափանման միջոց…

Պատիժ թիվ 5։ «Կալանատան վարչակազմը պարտավոր է պաշտպանին եւ օրինական ներկայացուցչին անարգել թույլատրել ներկայանալ կալանքի տակ պահվող անձին, ապահովել նրանց առանձին, կոնֆիդենցիալ տեսակցելու հնարավորությունը» (ՀՀ քր. դատ. օր. հոդվ. 141)։

Պարզ ու հասկանալի։ Ինչո՞ւ այսօր փաստաբանը առանց քննիչի գրավոր թույլտվության չի կարողանում օգտվել իր այս իրավունքից։ Ինչո՞ւ պիտի փաստաբանը ժամերով սպասի, մինչեւ մեկուսարանում տեղ ազատվի իր պաշտպանյալի հետ տեսակցելու համար։ Ոտնահարված արժանապատվությամբ փաստաբանը ինչպե՞ս կարող է պաշտպանել իր պաշտպանյալի խախտված իրավունքները։ Միայն տեսնել է պետք, թե ինչպես է որպես մարդ ոչնչացված դատական նիստից կալանատուն վերադառնում կալանավորը։ Այդ պարզ տանել-բերելու մեջ անգամ քաղաքացու արժանապատվությունը հարգելու նշույլ չկա։ Դատախազական հսկողությունը կալանավորի իրավունքների ու կալանատան գործունեության նկատմամբ ոչ միայն գործուն չէ, այլեւ ձեւական է։ Դատախազությանը ձեռնտու է այս օրենքից դուրս վիճակը, երբ օրենքին փոխարինելու է գալիս դատախազի կամքը… եւ իրականություն է դառնում կալանքի իրական նպատակը։

Կալանքը որպես խափանման միջոց գործում է խափանելու համար մրցակցությունը քրեական դատավարության ընթացքում՝ մեղադրող եւ պաշտպանող կողմերի համար։ Կալանքը այս տեսքով ապահովում է նախաքննության համար արտոնյալ պայմաններ, մեղադրյալին ու իր պաշտպանյալին զրկում իր անմեղությունը օրենքով չարգելված բոլոր միջոցներով ապացուցելու հնարավորությունից։ Սրան գումարեք կողմնակալ ու կախյալ դատաքննությունը, երբ որպես կանոն այն ընթանում է նախաքննության գծած ճանապարհով…

Խորհրդային շրջանում քրեադատավարական օրենսգիրքը ծառայական օգտագործման համար էր՝ հասու միայն դատախազ-դատավորին։ Այսօր այդ գիրքը մատչելի է ամեն մի քաղաքացու։

Թվում էր՝ հրապարակայնությունը, մամուլով-եթերով լուսաբանվող դատավարությունները պիտի զսպեին հրապարակավ երդում կերած դատավորին, նախագահի հրամանագրով նշանակվող դատավորին ու դատախազին…

Արդարադատությունը նախապատրաստողների ու իրականացնողների այս անամոթությունը ապացույց է, որ սրանք օրենքից են անկախացել ու դարձել իրենց նշանակողների կամակատարը։

ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ

Թիվ 1 մեկուսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031