Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԵՂՔՎԱԾՔ ԳՈՒՄԱՐԱԾ ԲՅՈՒՋԵԻ ՍԵԿՎԵՍՏՐԻԶԱՑԻԱ

Օգոստոս 19,1999 00:00
byuje

Նորից անհասկանալի բաներ են կատարվում։ Ու նորից հեղինակը իշխանություններն են։ Ավելի ճիշտ՝ կառավարությունը։ Արդեն որերորդ տարին է բոլոր կառավարությունները «բարեխղճորեն» թերակատարում են բյուջեն։ Թերակատարում են ու մարսում։

Ավանդույթի համաձայն, ոչ ոք լուրջ չի ընդունում բյուջեի կատարման հաշվետվությունը։ Տարիներ շարունակ, որ կառավարությունը ինչ թիվ ուզում նկարում է հաշվետվության մեջ։ Անկեղծության մի բռնկում 1997 թվականին համակեց Ռոբերտ Քոչարյանի կառավարությանը։ Նույնիսկ բյուջեի կրճատման (սեկվեստրի) նախագիծ գրվեց եւ ուղարկվեց խորհրդարան։ Այդ օրերին Բաբկեն Արարքցյանը նեղացել ու աշխատանքի չէր գալիս։ Մի քանի օր հետո, երբ նա վերադարձավ, կառավարությունը հետ կանչեց սեկվեստրի իր տարբերակը։ Հարցը փակվեց՝ գնաց։ Այսօր նոր կառավարությունն ավելի արմատական է տրամադրված։ Վազգեն Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո միանգամից խոսակցություններ սկսվեցին բյուջեի վերանայման անհրաժեշտության մասին։ Հին, շատ բան տեսած փորձագետները լուրջ չէին վերաբերվում այդ խոսակցություններին։ Բոլորին թվում էր, թե բյուջեի վերանայումը կմնա զուտ խոսակցությունների մակարդակում։ Իսկ նոր կառավարությունը բոլոր հների նման սուսիկ-փուսիկ կթերակատարի բյուջեն։ Հետո խոսակցությունները պաշտոնական բնույթ ստացան։ Բայց էլի ոչ ոք չէր հավատում։ Նախ՝ բոլորին թվում էր, թե նոր (թարմ-թարմ) խոստումներով իշխանության եկած նոր կառավարությունը չի գնա նման ոչ պոպուլյար քայլերի։ Երկրորդ՝ նոր կառավարությունը խոստանում էր այնպես կրճատել բյուջեի ծախսերը, որ բնակչությունը չտուժի։ Նման անոմալ երեւույթներ թե՛ բնական, թե՛ հասարակական կյանքում պարզապես չեն լինում։

Իհարկե, որոշ հույսեր կային։ Հույսերն էլ պատմական հիմք ունեին։ Նախորդ տարիներին, երբ կառավարությունները թերակատարում էին բյուջեն, պակաս էին ֆինանսավորում պետական կառավարման այն համակարգերը, որոնք կարող են գոյատեւել որպես ինքնաֆինանսավորվող կառույցներ։ Օրինակ՝ դատական համակարգը 1998 թ. ֆինանսավորվել է 75,8%-ով, 1997-ին՝ 79,2%-ով, 1996-ին՝ 48,6%-ով։ Հույս կար, որ այս ու նման ոլորտների հաշվին «կարելի» էր կրճատել բյուջեն եւ չվնասել բնակչությանը։ Պետական ապարատի ներկայությունը իր առօրյա կենցաղում բնակչությունը համարյա չի զգում։ Հետեւաբար կառավարման ծախսերի կրճատումն աննկատ քայլ կլիներ։ Բայց բյուջեի ճեղքվածքը չափազանց խորն է եւ, բնականաբար, բյուջեի ծախսերի մասի կրճատման նախագիծը համընդհանուր ուղղվածություն ունի։ Գիտության եւ կրթության ոլորտից կրճատվելու է, օրինակ, 2 մլրդ 667 մլն դրամ։ Միայն հանրակրթական դպրոցների ֆինանսավորումը պակասելու է 1 մլրդ 651 մլն դրամով։ Երեւի պետական այրերը լուրջ են ընդունել «Բարի լոտո» հեռուստախաղը եւ ենթադրում են, որ «Բարի լոտոն» կհոգա դպրոցների կարիքները։

Ոչ մի հեռուստախաղ չի զբաղվում հիվանդանոցների վերանորոգմամբ, բայց նախատեսվում է առողջապահության ոլորտի ֆինանսավորումը պակասեցնել մոտ 2,6 մլրդ դրամով։ Ինչ մեթոդով կընթանա բյուջեի կրճատումը՝ պարզ է։ Ում ինչ տվել՝ տվել են։ Պարտք մնացած գումարը կհայտարարեն կրճատված, ու՝ պըրծ։ Անաչառության համար նշենք, որ սոցիալական ապահովագրության եւ սոցիալական ապահովության ոլորտը համեմատաբար քիչ կորուստներ է կրելու՝ ընդամենը 190 մլն դրամ։ Սրան զուգահեռ կառավարությունը պատրաստվում է հոկտեմբերի 1-ին փակել նպաստ-թոշակների գծով կուտակված պարտքերը։ Նոր կառավարությունը չցանկացավ «պայթել» նախորդի դրած բյուջե-ականի վրա։ Գերադասեց նաեւ՝ ոչ թե սուսիկ-փուսիկ թերակատարել բյուջեն, այլ բարձրացնել դրա ծախսային հատվածի կրճատման հարցը։ Այս քայլին նախորդ ոչ մի կառավարություն չէր գնացել։ Նոր կառավարությունը հայտարարում է, որ փորձում է գույքագրել պետության տարիներով կուտակված բյուջետային պարտքերը եւ տարվա ավարտին դրանք բերել զրոյական վիճակի։

Հետաքրքիր է նաեւ, որ բյուջեի սեկվեստրը ձեռք է բարձրացրել ՀՀ նախագահի ամենահարազատ ոլորտի վրա։ Կապիտալ շինարարության ֆինանսավորումը պետական բյուջեում նախատեսված էր 41 մլրդ 433 մլն դրամի չափով։ Այս թիվը կրճատվում է մոտ 13 մլրդ դրամով կամ 30%-ով։ Ամառային արձակուրդի պատճառով «Առավոտը» չի լուսաբանի բյուջեի ծախսային հատվածի քննարկումների ընթացքը։

Փոխարենը խոստանում ենք արձակուրդից հետո ներկայացնել, թե այն ինչ ազդեցություն կթողնի երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031