«Մենք սեղանի վրա այսօր ունենք մի փաստաթուղթ, որն ավելի շատ արտահայտում է մեր տեսակետները, քան Ադրբեջանի». ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը, համահայկական խորհրդաժողովի անցկացման հետ կապված խնդիրների պարզաբանումից հետո։ Նա պատասխանել է առաջադրված հարցերին։
Մեծ Հայրենականի վետերան Ա. Մարտիրոսյանը խնդրել է նախարարին բացատրել, թե ի՞նչ է նշանակում դիվանագիտական շրջանակներում գործածվող «Ինքնավարությունից բարձր, բայց անկախությունից ցածր» բանաձեւը։ ՀՀ արտգործնախարարը հիշեցրել է այն տարբերակը, որը կոչվում է. «ԼՂՀ-ն դե-ֆակտո անկախ է, դե-յուրե՝ ոչ Ադրբեջանի կազմում»։ Նախարարի խոսքերով «Քոչարյանի իշխանության գալուց հետո հնարավոր եղավ նման փաստաթղթի ձեռքբերումը, որն ավելի շատ արտահայտում է հայկական կողմի տեսակետը»։
Պատգամավոր Ա. Առուշանյանի կարծիքով խորհրդաժողովն արդյունավետ կընթանա այն դեպքում, եթե իր աշխատանքները կազմակերպի համապատասխան օրենսդրական դաշտում։ Եռակողմ համագործակցությունն այդ պարագայում կլինի փոխշահավետ եւ հեռանկարային։ Համաձայնվելով այդ մտքին՝ Վ. Օսկանյանը կարծիք հայտնեց, ըստ որի «դա լրացուցիչ պարտականություններ կդնի ՀՀ եւ ԼՂՀ օրենսդիր մարմինների վրա»։ Շարունակելով այդ միտքը, նշել է, որ այսօր Սփյուռքին մտահոգում է երկքաղաքացիության, հողի սեփականաշնորհման եւ տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բ. Առուշանյանի հարցը հետեւյալն էր. «ՀՀՇ-ն ասպարեզ եկավ համարյա նույնպիսի ծրագրերով, խնդիրներով, սակայն ի վերջո դարձավ ամենաթույլ քաղաքական ուժը։ Ի՞նչ է արվելու խորհրդաժողովի կազմակերպիչների կողմից սխալները չկրկնելու առումով»։ Վ. Օսկանյանի խոսքերով՝ ՀՀՇ-ն չի կարելի համեմատել համահայկական այդ միջոցառման հետ, քանի որ առաջինը զուտ հայաստանյան ֆենոմեն է. «Այն, ինչ մենք ենք փորձում անել շարժում չէ, դա համագործակցության, խնդիրների առաջադրման եւ ուժերի համախմբման մեխանիզմ է։ ՀՀՇ-ն, իրոք, գործել է, իշխանություն է ունեցել, նաեւ բազմաթիվ սխալներ է արել։ Մենք պետք է փորձենք սխալներից դասեր քաղել»։
Կարդացեք նաև
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ա. Սարգսյանի հարցին՝ «Հնարավո՞ր է արդյոք խորհրդաժողովի ընթացքում համազգային ընդհանուր ծրագրի կամ գաղափարախոսության մշակման ուղղությամբ քննարկումների ծավալում», Վ. Օսկանյանը պատասխանեց. «Մենք ընդհանրապես խուսափում ենք նման տերմինների գործածությունից։ Բայց իրոք, եթե նախանշված այդ բոլոր խնդիրներն ու նպատակները համընդհանուր հավանության են արժանանում, ուրեմն դա մի յուրատեսակ համազգային ծրագիր է, որը կարող է ընդունվել մեր ժողովրդի բոլոր հատվածների կողմից»։
ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ
Ստեփանակերտ