«Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջեւ չանեք…։ Այլ երբ ողորմություն անես, փող մի հնչեցրու քո առջեւ, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանց կողմից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ է նրանց վարձը։Այլ երբ դու ողորմություն անես, քո ձախ ձեռքը չիմանա, թե ի՞նչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի…»։
Հետաքրքիր է «Լերան քարոզն» ի՞նչ սրտով կկարդան կառավարության ներկայացուցիչները, իշխանավորները եւ մեր ժամանակների բարերարները։ Երեւի կկարդան ու կզարմանան՝ ո՞նց թե, լավություն անեմ ու ոչ ոք չիմանա՞ (խոսքը գաղտնի հովանավորչության կամ «տանիք»-ի մասին չէ)։ Ինչո՞ւ եմ անելու, եթե ոչ ոք պետք է չիմանա։ Բայց եթե ինչ-որ բան չեն անելու, շատ կերազեին, որ ոչ ոք չարածի մասին չիմանա։ Կառավարությունը խոստացել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարության համար երեք միլիոն դոլար հատկացնել։ «Առավոտն» արդեն գրել է, որ այդ փողը դեռ տեղ չի հասել։ Երեկ կառավարական մի պատկառելի խումբ՝ Շահեն Կարամանուկյան, Գագիկ Մարտիրոսյան, Վարդգես Վարդապետյան, եղան կառուցվող եկեղեցում։ Եկեղեցի էին այցելել նաեւ կաթողիկոսական տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը եւ քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։ Եթե այսքան պատկառելի մի խումբ այցելում է փողի կարիք ունեցող օբյեկտ, առաջին միտքը, որ ծագում է՝ փող են տալու (մանավանդ խոստացել են)։ Բայց սա այն դեպքը չէր։
Պարզապես նոր հայերը հերթական անգամ շատ մեծ են բռնացրել եւ վախենում են՝ տակից դուրս չգան։ Առանձնատան մեծն են սարքում, լողասենյակի՝ հսկայականը, մարմարե սեղանի՝ աներեւակայելին։ Ուրեմն ինչո՞ւ պետք է եկեղեցին փոքր բռնացնեին։ Թող մեծ լինի՛, ազա՜տ։ Մեծը մեծ ծախսեր է պահանջում։ Մեծ եկեղեցին նաեւ մեծ շրջակայք է պարտադրում։ Երեկ քաղաքապետն առաջին այցելություններից մեկը կատարեց սուրբ վայր ու նպատակը՝ շրջակա տարածքի տրամադրումն էր։ Ժամանակին եկեղեցու տարածքից քրջի բազարը աքսորվեց, հիմա՝ շրջիկ կարուսելները կաքսորվեն, հավանաբար նաեւ՝ բացօթյա սրճարանը։ Իսկ եկեղեցու կողքին թիվ 182 միջնակարգ դպրոցն է (նախկին Վորոշիլովի անվանը, ինչպես ներկայացրեց տնօրենը)։ Դպրոցը հին է, գրեթե պատմական, չորս հարյուր աշակերտ ունի, ուսուցչական կոլեկտիվ։ Եկել էին քաղաքապետին զգուշացնելու՝ եթե դպրոցը պետք է եկեղեցու պատճառով տուժի, էլ ո՞ւր մնաց մեր պատմությունը։ Եթե այդպիսի բան լինի, դպրոցը կպայքարի, կբողոքի, տարածք չի տա։ Իսկ քաղաքապետը մի տեսակ անհարմար էր զգում քաղաքապետավարի պատասխանել։ Կառավարությունը երեք միլիոնը դեռ չի տա, դեռ եկեղեցու տվածով պետք է բավարարվել։ Փողը կտրվի 2000-ին, կամ՝ 2001-ին։ Կտան էլի, հո չփախան։
Մ. ԵՍԱՅԱՆ