Այս տարվա հուլիս ամսին, թերթերից մեկին տված հարցազրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը վերջին 1-1,5 տարում հիմնադրամին եկող միջոցների սղությունը փորձում է բացատրել այդ ընթացքում երկու գործադիր տնօրեն փոխելու հանգամանքով եւ դրա հետեւանքում՝ մամուլում հնչած «չարակամությամբ» եւ բամբասանքներով։ Իրականում հիմնադրամին եկող միջոցների պակասներն ավելի լուրջ հիմքեր ունեն։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվեց 1992-ին որպես համայն հայության միասնական եզակի եւ աննախադեպ կառույց։ Իր գոյության յոթ տարիների ընթացքում հիմնադրամը հսկայական աշխատանք է կատարել եւ, անշուշտ, կշարունակի իր գործը, եթե չփոխվի դրսի եւ ներսի վերաբերմունքը հիմնադրամի հանդեպ։
Հայաստան-Սփյուռք կապերը չափազանց բարդ են, եթե չասենք՝ խճճված։ 1992-ին, երբ ստեղծվում էր «Հայաստան» հիմնադրամը, նորանկախ Հայաստանը հաստատակամ էր պնդելու, որ ինքն է համայն հայության կենտրոնը եւ այդ կենտրոնի (եթե կուզեք՝ հայրենիքի) հզորացմանը Սփյուռքը պետք է մասնակցություն ունենա։ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ բանն անում էր առանց թաքցնելու, եւ զարմանալի էր, որ նույնիսկ նրա մի քիչ կոշտ վերաբերմունքը չէր վանում Սփյուռքին, եւ վերջինս պատրաստակամ էր օգնել Հայաստանին։ Սփյուռքը բարդ կառույց է եւ նրա բոլոր կնճիռները քննելը չէ մեր նպատակը, սակայն մի բան անտարակույս է՝ բազմակուսակցական եւ բազմաթեւ սփյուռքը շարունակում էր միջոցներ ուղարկել Հայաստան նույնիսկ այն ժամանակ, երբ այստեղ փակվում էր Սփյուռքում գործող կուսակցություններից՝ Դաշնակցությունը։ Ստեղծման օրից մինչեւ 1998 թվականը (մինչեւ գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանի հրաժարականը) «Հայաստան» հիմնադրամ է մուտք գործել 60 մլն դոլար։ 1999-ին՝ մոտ մեկ միլիոն (ընդամենը)։ Մեկնաբանությունները կարող են տարբեր լինել, բայց եւ ավելորդ չեն։ Եթե մինչեւ 1998 թվականը հիմնադրամի մուտքերի միջին տարեկան գումարը կազմել է շուրջ 8-12 մլն դոլար, ապա 1998-ից հետո այն նվազել է գրեթե եռակի։
Այսօրվա գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանն առայժմ չի կարող ասել, թե 1999-ի մուտքը որքան կկազմի, բայց կարող է «վստահորեն ասել, որ կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը»։ Նույն հարցազրույցում պրն Տեր-Ղեւոնդյանը զարմանալի տեսակետ է հայտնում՝ «կարեւորը միտումներն են եւ ոչ անպայման գումարի մեծությունը»։ Տարօրինակ է, թե ո՞ր դրական միտումներն են գործադիր տնօրենին հիմքեր տալիս նման մեծ սպասելիք ունենալ, երբ… չկրկնենք վերեւի նշված թվերի խորը ճեղքվածքը։ Սփյուռքն ակնհայտորեն այլեւս շահագրգռված չէ լուրջ գումարներ տրամադրել Հայաստանին եւ տրամադրել հատկապես «Հայաստան» հիմնադրամի միջոցով։ Սփյուռքում բազմաթիվ կազմակերպություններ են գործում բարեգործական, ընդհանուր, մասնավոր, կուսակցական կամ անկուսակցական կառույցներ, որոնք հանուն իրենց մասնավոր նպատակի եւ անունի առավել տրամադրված են գումարներն ինքնուրույն բերել Հայաստան։ Հիմնադրամի համահայկական համախմբման, կենտրոնացման նախնական նպատակը սկսել է տեղի տալ։ Այս տեղատվության մեջ մեղավորության առյուծի բաժինն անշուշտ իշխանություններին է, կառավարությանը եւ ինչո՞ւ չէ՝ հանրապետության նախագահինը։
Կարդացեք նաև
Թվում է, նախագահ Ռոբերտ Քոչարյանն առավել դեմոկրատ մոտեցում որդեգրեց կուսակցությունների (մասնավորապես՝ Դաշնակցության) նկատմամբ։ Սպասվում էր, որ նաեւ այդ պատճառով Սփյուռքն ավելի շռայլ պետք է լիներ համահայկական կառույցի՝ «Հայաստան» հիմնադրամի հանդեպ։ Բայց այդպես չեղավ։ Ստացվում է, որ Սփյուռքը շահագրգռված չէ այլեւս կառույցին աջակցելու, նախընտրում է իր մասնավոր կառույցներով աշխատել։ Հիմնադրամի տարիների աշխատանքի ընթացքում պետք է պարզ դառնար, որ ճիշտ կլիներ Հայաստանը տեղերում իր ներկայացուցիչներն ունենար։ Վերջիններս կոորդինացնեին այս կամ այն երկրից եկող միջոցները եւ օգնեին, որ դրանք հասնեն հիմնադրամին։ Լավ կլիներ, որ այդ ներկայացուցիչները հայաստանցիներ լինեին, քանի որ գաղտնիք չէ՝ Սփյուռքը բազմադեմ երեւույթ է, եւ դժվար է այնտեղ անվերապահ հեղինակություններ գտնել։
Արմեն Սարգսյանի վարչապետության կարճ ժամանակահատվածում կառավարությունը փորձեց ստեղծել Սփյուռքի վարչություն։ Նամակներ գրվեցին Սփյուռքի կառույցներին՝ առաջարկություններ ներկայացնելու խնդրանքով։ Գործը դեռ չսկսված՝ ավարտվեց։ Նոր վարչապետ Ռոբերտ Քոչարյանը դադարեցրեց այն։
Ի՞նչ կապ կարող էր ունենալ Հայ դատի հարցը կառավարությունում Սփյուռքի վարչություն ունենալու հետ։ Իրականում, այս մեխանիզմը եթե գործեր, ապա «Հայաստան» հիմնադրամը, իրոք, կդառնար (շարունակելով իր նախնական առաքելությունը) Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կենտրոն։
Սեպտեմբերին տեղի կունենա Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովը։ Այն կարող է շրջադարձային լինել։ Հիմնադրամի գործադիր տնօրենը հայտնում է, որ «քաղաքական փոփոխությունները չպետք է ազդեն այս կառույցի հեղինակության վրա»։ Մյուս կողմից ղեկավար մարմինը՝ 30 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհրդում, ուր ներկայացված են Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքական, եկեղեցական, կուսակցական բարեսիրական բոլոր կառույցներն եւ ուղղությունները, եթե ցանկանա ուժ լինել, ապա՝ իրոք, մեծ ուժ է։ Ուժ է ոչ միայն համախմբվելու, այլեւ՝ պառակտվելու իմաստով։
Կարեւոր է, թե Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովում հայաստանյան իշխանությունները ի՞նչ դիրք կբռնեն։ Նրանցից է կախված լինելու Սփյուռքի վերաբերմունքը։ Եթե բոլոր հայերն ի վերջո հասկանան եւ ընդունեն, որ այո, մեկ ազգ, մեկ ժողովուրդ ենք, բայց հայաստանցի հայը մի քիչ ուրիշ է. չասենք՝ ավելի հայ է, այլ ասենք՝ Հայաստանի ճակատագրի իրական կրողն է, ապա շատ հարցեր ինքնըստինքյան կլուծվեն։
Կարճ տեղեկություն
Անցած 7 տարիների ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը իրականացրել է 60.700000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր։ Այդ թվում՝ Աղետի գոտում՝ 6.400.000
Արցախում՝ 18.900.000
Հայաստանում՝ 10.752.000
Ձմեռ՝ 93/94 21.647.000
Մշակութային ծրագրեր՝ 1.051.000
Նպաստներ ազատամարտիկների ընտանիքներին՝ 1.950.000
Սկսվել է «Գորիս-Ստեփանակերտ» ավտոճանապարհի «Շուշի-Ստեփանակերտ» հատվածի շինարարությունը։ Ծրագրի արժեքն է 1.300.000 դոլար։ Աշխատանքները կավարտվեն այս աշնանը։
Կառուցվում են Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի դպրոցի շենքը։ Ծրագիրը ֆինանսավորում է արգենտինահայ բարերար Հովսեփ Թախթան։ Արժեքը՝ 88.500 դոլար։ Արգենտինահայ մի խումբ բարերարների ֆինանսավորմամբ Վաղուհասում վերականգնվել են պատերազմից ավերված 67 տներ։
Ստեփանակերտում ավարտվել է ֆիզմաթ գիշերօթիկ դպրոցի համալիրի շինարարությունը։ Ծրագիրը ֆինանսավորել են արգենտինահայ տիկնանց հանձնախումբը, հիմնադրամի Արգենտինայի հանձնախումբը, ֆրանսահայ Ալեն Մանուկյանը, արգենտինահայ Խորխե Վարդպարոնյանը, ամերիկահայ Բերբերյան ընտանիքը, Տորոնտոյի եւ Մոնրեալի հանձնախմբերը։ Ծրագրի արժեքը՝ 912.500 դոլար։
Աղետի գոտում հիմնադրամն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր։ Սպիտակ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի երկրորդ մասնաշենքը, Սպիտակի թիվ 2 դպրոցի առաջին մասնաշենքը, Արջուտի միջնակարգ դպրոցի շենքը։ Շարունակվում են Գյումրիի «Մուշ1722», «Անի» թաղամասերի, Սայաթ-Նովա փողոցի մի շարք բնակելի տների շինարարությունները։
«Ձմեռ» ծրագրի մասին
Հիմնադրամի «Ձմեռ 93/94» ծրագիրը ըստ էության միայն մեկ ձմեռվա խնդիր չլուծեց։ Իրականում, Երեւանում ջեռուցման կենտրոնացված համակարգից օգտվող բոլոր շրջանները այսօր պարտական են հիմնադրամի այս ծրագրին։ Այս փաստը անիրավացիորեն միշտ անտեսվել է։
Հիմնադրամի ծրագրերը բազմաթիվ են եւ բազմաբնույթ, սակայն դրանցից մի քանիսը կիսատ են մնացել ոչ թե հիմնադրամի, այլ՝ կառավարության մեղքով։
Օրինակ՝ Հալիձոր-Տաթեւ ճանապարհը։ Ըստ ծրագրի, հողային աշխատանքները, հիմնական ճանապարհաշինական գործը պետք է կատարվեին հիմնադրամի կողմից, ասֆալտապատումը՝ կառավարության։ Այդ այն տարիներն էին, երբ վարչապետը Հրանտ Բագրատյանն էր։ Քանի՞ վարչապետ ենք փոխել, բայց ճանապարհը դեռ ասֆալտապատված չէ։ Գորիսի հեռուստակայանի շենքը կառուցված է, բայց աշտարակը, որը պարտավորվել էր կանգնեցնել կառավարությունը. մինչեւ օրս չի երեւում։ Հեռուստակայանի շենքի շինարարության աշխատանքները սկսվել եւ ավարտվել են 1993-95-ին։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ