Ձորաղբյուր գյուղի իր այգում Մարտուն անունով 70-ամյա մի մարդ՝ ջրի կարոտից, այս մեկուկես տարին զբաղված էր փոս փորելով։ Նպատակը՝ այգու ընդերքից ջրի պաշար գտնելն էր։ Հարեւանների կասկածամիտ եւ զարմացած հայացքների ներքո՝ «մեր հայրենակից» Մարտունը շարունակում էր իր տքնաջան աշխատանքը։ Ու, ահա, մեր խմբագրություն զանգահարած 80-ամյա Շուշիկ Աղախանյանը, որը նաեւ Մարտունի անմիջական հարեւանն է, ավետեց. «Մարտունը ջուր է գտել»։ Ջրի ակունքը այգու 23 մետր խորության վրա է հայտնաբերված։ Այժմ՝ ի շահ իր այգու եւ ի բարօրություն Ձորաղբյուրի այգեգործների, Մարտունը ջրում է իր այգին։ Շուշիկ տատիկն առաջարկում էր այս դեպքն անպայման գրանցել Գինեսի ռեկորդների գրքում։ Դրանից ակնկալվող գումարով Մարտունը մի ողջ ջրագիծ կանցկացնի Ձորաղբյուրի եւ հարակից գյուղերի տարածքով։ Չենք խոստանում դա անել, սակայն շնորհավորում ենք Մարտունին՝ իր անդուլ աշխատանքով Շուշիկ տատիկին այսքան մեծ ոգեւորություն պատճառելու համար։
Լ. ԱՎԱԳՅԱՆ