Լենինյան այն համոզումը, թե պետությունը կարող է կառավարել ամեն մի խոհարարուհի, ամուր արմատ է ձգել մեր հոգիներում։ Վերջին դրսեւորումն էլ Աջափնյակի համայնքապետի մոտալուտ ընտրություններն են, որտեղ թեկնածուներից մեկը՝ Լեւոն Գրիգորյանը ստոմատոլոգ է, իսկ մեկ ուրիշը՝ Մկրտիչ Սահրադյանը՝ մաթեմատիկոս։
Երկուսն էլ իրենց ոլորտներում դիրքեր նվաճած մարդիկ են։ Լեւոն Գրիգորյանն է՛լ թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է, է՛լ Հայաստանի ստոմատոլոգների միության նախագահը, է՛լ առողջապահության Ազգային ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանը եւ այլն, եւ այլն։ Իսկ Մկրտիչ Սահրադյանը ոչ միայն մանկավարժական ինստիտուտի ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի եւ նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչն է, այլ, որ ավելի ուշագրավ է, Աջափնյակի ՀՅԴ «Երկաթե շերեփ» կոմիտեի նախագահը։
Եվ ինչ, ձեզ թվում է, թե այս հարգելի մարդիկ հավակնում են համայնքապետի պաշտոնին, քանի որ այն, այսպես ասած, յուղոտ պատա՞ռ է։ Ո՛չ, նրանց մղումները լիովին անշահախնդիր են եւ միակ նպատակն ազգի եւ ժողովրդի Աջափնյակի հատվածին ծառայելն է։ Ասենք, նաեւ Նյու Յորքի ակադեմիայի անդամ Լեւոն Գրիգորյանը «հետամուտ է լինելու» (իր նախընտրական ծրագրից է) «համայնքի վերելակային տնտեսության շտապ վերանորոգմանը» կամ «բնակչության շուրջօրյա ջրամատակարարմանը»։ Իսկ «Երկաթե շերեփի» նախագահը «հետամուտ է լինելու Աջափնյակում վերսկսելու ջեռուցման կենտրոնացված համակարգի վերականգնման աշխատանքները»։ Ի դեպ, Մկրտիչ Սահրադյանի եւ մեկ այլ թեկնածուի՝ Ռաֆիկ Մկրտչյանի նախընտրական ծրագրերի մեջ որոշ խնդիրների թվարկումը կրկնվում է, բայց տարբեր են առաջարկված լուծումները։ Նշենք միայն մեկը, դաշնակցականը պատրաստվում է նախաձեռնել Աջափնյակում գտնվող վթարային շենքերի հիմնական նորոգումը, իսկ արմատական ընդդիմության՝ «Ժողովրդավարական հայրենիքի» ներկայացուցիչը պատրաստվում է «պետական միջոցներ ներգրավել վթարային շենքերի քանդման եւ բնակիչների վերաբնակեցման աշխատանքները կազմակերպելու համար»։
Միայն մի բան է անհասկանալի, եթե այդ պետական միջոցները կան, մինչ այժմ ալարո՞ւմ էին եւ չէին լուծում Աջափնյակի համար թիվ 1՝ վթարային շենքերի խնդիրը։ Իսկ եթե չկան, ինչպե՞ս են թեկնածուները պատրաստվում լուծել այդ խնդիրը։ Ի դեպ՝ նաեւ վերելակների անխափան աշխատանքի ապահովման, ջրամատակարարման, ջեռուցման եւ այլ բազմաթիվ խնդիրների լուծման ֆինանսական կողմն ինչպե՞ս են պատկերացնում։ Թեկնածուներն այդ մասին լռում են։ Առանց որեւէ հիմնավորման կառավարման վերաբերյալ խոստումներ են տալիս, որն, իհարկե, իրոք իրենցից ոչ վատ կաներ ցանկացած խոհարարուհի։
Կարդացեք նաև
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. «Առավոտն» անդրադարձել է «Աջափնյակի» համայնքապետի թեկնածուներից 4-ին միայն։ Ափսոս, որ երկար սպասված արձակուրդը հնարավորություն չտվեց անդրադառնալ մնացած երկուսին էլ։