Երեկ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովը սկսեց քննարկել պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկը։ Կառավարության տեսակետը ներկայացնում էր ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը։ Երեկ քննարկվում էին այսպես ասած մակրոտնտեսական ցուցանիշները։ Բյուջեի ծախսերի հատվածում կառավարության կրճատումների առաջարկը առանձին նիստով է քննարկվելու։
Փոփոխությունների մասին օրենքի նախագիծը պատգամավորներին հենց նիստից առաջ էին բաժանել։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով նախարար Լ. Բարխուդարյանին (հետո՝ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանին) ուղղված հարցերը մի տեսակ թափթփված էին։ Հին պատգամավորները խոսում էին իրենց նախասիրած թեմաներից։ Ժամանակի ընթացքում պարզ կդառնան նաեւ նորերի նախասիրած թեմաները։ Արշակ Սադոյանի թեման, բնականաբար, էներգետիկան էր։ Նա ծիծաղելի անվանեց բյուջետային պարտքերն էներգահամակարգին։
Թալանած-ծախած մազութի գումարներ լափելուց հետո հին իշխանությունները չարտադրված էներգիայի դիմաց, տնտեսությունը պարտքերի մեջ են խրել. մոտավորապես այս սխեմայով խոսեց պրն Սադոյանը։ Նրա կարծիքով, թուրքմենական չստացված գազի դիմաց միմիայն նախկին նախագահի ստորագրությամբ, հանրապետությունը 34 մլն դոլարի պարտքի տակ է ընկել։ Պատգամավոր Հրանուշ Հակոբյանը հիշեցրեց, որ 99 թ. բյուջեն արհեստավարժների կառավարության կողմից որակվել էր «տնտեսության զարգացման եւ բնակչության պաշտպանվածության բյուջե»։ Տիկին Հակոբյանը վստահ էր, որ իրականում այն դարձել է տնտեսության քայքայման եւ բնակչության անպաշտպանվածության բյուջե։
Հարց ու պատասխանի ընթացքում մի քանի հետաքրքիր փաստեր հրապարակվեցին։ Օրինակ, որ իր հաշվարկները կատարելիս կառավարությունը կանխատեսում է, որ ակցիզային նոր դրույքաչափերի պատճառով մոտ 25%-ի չափով կկրճատվի ծխախոտի ներմուծումը։ Վարդան Խաչատրյանի խոսքերով, խորհրդարանի նիստերը սկսելուց հետո նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որը պարզելու է բյուջեի «անակնկալ» ճեղքվածքի առաջացման պատճառները, իրական չափը։ Պատգամավորներից մեկի կարծիքով 33 մլրդ դրամանոց ճեղքվածքի պատճառն այն է, որ անցած տարվա բյուջեն թերակատարվել է, եւ նախկին վարչապետ Ա. Դարբինյանի կառավարությունն այս տարվա սկզբին հավաքած մուտքերն ուղղել է անցած տարվա բյուջեն կատարելուն։ Նման «հավելագրումների» փաստն անուղղակի «ընդունեց» ԱԺ բյուջետային հանձնաժողովի նախագահ Վ. Խաչատրյանը։ Նրա խոսքերով, հունվարի բյուջետային մուտքերից 10 մլրդ դրամ գրանցվել է նախորդ տարվա վրա։ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանը բյուջեի եկամտային մասը որակեց «խիստ լարված». կառավարությունը վերջին ամսիներին ամսական 17-18 մլրդ դրամ մուտք է ապահովելու, եւ դա բարդ խնդիր է։
Կարդացեք նաև
ԱԺ փոխնախագահ Ռ. Միրոյանն այնքան էլ ոգեւորված չէր, որ կառավարությունն իր վրա է վերցնում էներգահամակարգի նկատմամբ տարբեր կազմակերպությունների պարտքերի մի մասը։ Նրա կարծիքով, արտոնյալ պայմաններ են ստեղծվում էներգահամակարգերի համար, եւ «մենք էներգետիկների դայակի դեր ենք կատարում»։ Բյուջեի նախագծի քննարկումները սկսվել են եւ լիագումար նիստերի ընթացքում բացառված չեն նաեւ պոպուլիստական ելույթները։ Դրա նախանշաններն արդեն կային։ Կարծում ենք նաեւ հետաքրքիր կլինի ուսումնասիրել էներգահամակարգի հանդեպ ձեւավորված պարտքերի աղյուսակը (ներառյալ էլեկտրաէներգիա, ջեռուցում, գազ)։
Էներգահամակարգի խոշոր պարտապանները (01.06.99)
բնակչություն- 10 մլրդ 654 մլն դրամ
արդյունաբերություն- 10 մլրդ 642 մլն դրամ
ջեռուցման համակարգ- 10 մլրդ 697 մլն դրամ
բյուջետային կազմակերպություններ- 4 մլրդ 838 մլն դրամ
Ընդ որում սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարների հավաքման համակարգի ամեն մի բարեփոխումից հետո բնակչության պարտքերը տարօրինակորեն ավելացել են։ Իշխանությունները միշտ էլ խնամքով թաքցնում էին այն փաստը, որ սակագների բարձրացումից հետո ավելի քիչ գումար է մուծվում, քան մինչ բարձրացումը։
1998 թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության պարտքը կազմում էր 3 մլրդ 336 մլն դրամ։ Տարիուկես անց «բարեփոխումների» ու սակագների բարձրացումից հետո այդ թիվն աճեց մոտ 3 անգամ՝ դառնալով 9 մլրդ 725 մլն դրամ։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ