Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԲՅԵԿՏ Է

Օգոստոս 19,1999 00:00
Narek Sargsyan

Բայց թույլատրում են կառուցել

Քանիցս արդեն անդրադարձել ենք Թումանյան 9, 11, 11ա, 10 շենքերի բնակիչների բողոքին։ Այդ փողոցների հատման կետում նախկինում թերթի կրպակ էր տեղակայված, սակայն երկու ամիս է, ինչ կրպակը տեղափոխվել է մայթի վրա, իսկ նախկին տեղում ինչ-որ մարդիկ սննդի խանութ են կառուցում։

Բնակիչներն անհանգստացած են. խանութը խանգարում է այդքան շենքերի բնակիչների անցուդարձին։ Բնակիչները հերթով դիմում են տարբեր ատյաններ։ Եվ՝ ոչ մի արդյունք։ Քաղաքապետարանի ճարտարապետական շինարարության վերահսկողության վարչության պետ Գրիգոր Սարիբեկյանը խանութի շինարարության սկզբում բնակիչներին ասել էր, թե կառուցապատողին թույլատրվել է 3 տարով ժամանակավոր կոնստրուկտիվ փոքրիկ խանութի շինարարության իրավունք միայն, եւ իրավունք չունեն թույլ տված չափերից ավելի քանդել կամ կառուցապատել տարածքը։ Բայց շինարարությունը շարունակվում է, 4 մետր թույլատրված բարձրության փոխարեն օբյեկտը 6,5 մետրի է հասել։

Գոյություն ունի քաղաքաշինության նախարարության վերահսկողության բաժին, քաղաքի վերահսկողության բաժին եւ այլ նման բաժիններ, որոնք անտարբեր են քաղաքի տեսքը փչացնող այդ կառույցի հանդեպ։ Իսկ նույն Գ. Սարիբեկյանը վերջերս էլ բնակիչների բողոքներին պատասխանել է՝ արդեն սարքած է, էլ ի՞նչ քանդել։ Բնակիչները համոզված են, որ մինչ այդ իրենց պարզապես խաբում էին, թե թույլատրված չափերը խախտելու դեպքում կքանդեն, որպեսզի շինարարությունը այդ ընթացքում հասցնեն ավարտին առանց աղմուկ-աղաղակի։

Այնուամենայնիվ, օբյեկտի կառուցապատման մասին անհրաժեշտ է իմանալ ճարտարապետի կարծիք։ Այդ օբյեկտի մասին զրուցեցի Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի դեկան, ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ։

«Նախկին թերթի կրպակն իր ճիշտ տեղում էր։ Կրպակի հետեւում կա փոքրիկ կանաչապատ բուլվար, որն ավարտվում է բարձրահարկ երկու շենքերով։ Հնարավոր էր, իհարկե, նույն կրպակի տեղում որեւէ տաղավար կառուցել, բայց պետք է միաժամանակ խստորեն պահպանվեն մասնագիտական պահանջները։ Օբյեկտը նախկին կրպակի տեղից ավելի առաջ են կառուցում, որը շատ անբարենպաստ մի տեղ է, որովհետեւ դա տրանսպորտային կոնֆլիկտային հանգույց է։ Թերթի կրպակում մարդկանց հոսք լինում էր միայն առավոտյան ժամերին, իսկ դա սննդի խանութ է լինելու։ Այդ կետից անցնում են 4 փողոցներ, մեքենաների հոսքը բնականաբար մեծ է, եւ տրանսպորտային տեսակետից կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծված։ Օբյեկտը պետք է ավելի հետ դրվեր, որից այն կարող էր ավելի խոր ընկած լինել եւ նույն մակերեսը կստացվեր։ Բացի այդ, օբյեկտը հետ պետք է դրվեր այն պատճառով, որ վերջինիս աջ եւ ձախ կողմերում 450-ի թեքության շենքեր կան։ Գոյություն ունի քաղաքաշինական հորինվածք (կոմպոզիցիա) հասկացությունը, որին պարոնայք մասնագետները պետք է տիրապետեն. դասական-քրեստոմատիկ ճշմարտություններ, ի վերջո, կան։ Եթե կա 450-ի թեքություն, որը ներս է հրավիրում, ուրեմն շենքը պետք է ավելի ներս դրվի, ոչ թե փողոց դուրս գա։ Փողոցի վրա դրվում է, եթե պարագծային կառուցապատում կա. տարրական բաներ են։ Կողքի շենքը 450-ի թեքությամբ հատուկ ճարտարապետական որակ ներկայացնող ճակատ է։ Տարօրինակն այն է, որ այդ օբյեկտը կառուցել են հետեւի բուլվարին ուղղահայաց, եւ Թումանյան փողոցի նկատմամբ շեղվածք է ստացվել։

Փնթի մի բան է, շենքի համամասնությունները բացարձակ անընդունելի են։ Քաղաքաշինական իրավիճակը պետք է կառուցողին դա թույլատրեր անել շատ ավելի ցածր ու թափանցիկ ձեւով։ Մի մարդ աղտոտում է մեր առանց այն էլ ոչ բարեկեցիկ քաղաքը, եւ որեւէ ուշադրություն չի հրավիրվում այդ փաստի վրա։ Մասնագիտական տեսակետից այդքան խախտումներ թեեւ կան, բայց շարունակվում է կառուցապատումը։ Մասնագիտական պահանջները պետք է խիստ դնել։ Կամ գիտեն ու չեն դնում, կամ ուղղակի չգիտեն այդ տարրական պահանջները։ Քաղաքաշինական հորինվածքի, տրանսպորտային հանգույցի եւ շրջակա շենքերի գեղարվեստական որակի տեսակետներից բացարձակ անընդունելի օբյեկտ է։ Բայց նույն կառուցապատողը նույն այդ ծախսերով կարող էր անհամեմատ ավելի լավ որակ ստանալ»,- ասաց Ն. Սարգսյանը։

Բնականաբար, քրեստոմատիկ այս ճշմարտություններին տիրապետում են ե՛ւ ճարտարապետները, ե՛ւ քաղաքաշինական բոլոր ծառայությունների աշխատակիցները։ Այդ հարցերով զբաղվող պաշտոնյաները լռում են, բանի տեղ չեն դնում՝ մինչեւ որ օբյեկտի շինարարությունը վերջնականապես ավարտվի։ Իսկ որոշ ժամանակ հետո այդ նույն թույլատրողները կմիանան արդար՝ քաղաքի տեսքը փչացնողների դեմ աղաղակներին։

Սա է մեր իրականությունը։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031