Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է, ՀԵՐԸ՝ ԱՆՀԱՅՏ

Օգոստոս 18,1999 00:00
toto

Մեր Սեւանա լիճն իրոք ուրիշ է, սակայն վերջին տարիների ընթացքում պարզվում է, որ նա ավելի ու ավելի շատ «պապաներ» ունի:

Եկանք լճափ, երկար բանակցություններից հետո վերջապես հանգրվանելու տեղն ընտրեցինք եւ սկսեցինք արդեն հարմարվել, երբ մեզ մոտեցավ ռնոն («պապաներից» մեկը) եւ ասաց, որ այս սարն իմն է, այս ծառն իմն է, իսկ բառացի. «Սա իմ տարածքն է»: Մենք արդեն գրեթե ամեն ինչ պատրաստել էինք հաճելի ժամանց անցկացնելու համար, իսկ նրբազգաց Գռնոն ասաց, որ երկար ժամանակ հետեւում է մեզ եւ մոտեցավ այն պահին, երբ մենք «մեր վեշերը հըլը չէինք հանել»: Հարմարվել էինք մի տհաճ տնակի մոտ, եւ «պապան» ասաց, որ նա այստեղ մարդ է ներս թողնում, որի համար փող է ստանում, իսկ մենք փակել ենք ճանապարհը: Սակայն եթե երկու հազար դրամ մուծենք, կարելի է եւ մնալ: Ասաց ու շատ գոհ գնաց «զագառ ընդունելու»: Մինչդեռ Սեւանա լիճը ազգային տարածք է համարվում եւ նման սեփական եկամտաբեր տարածքներն անօրինական են:

Նայեցինք տնակի ստվար վարագույրներից ներս եւ այնտեղ մահճակալ հիշեցնող ինչ-որ առարկայից բացի ոչինչ չտեսանք: Գռնոն արդեն փառավոր դիրքով պառկած էր՝ արեւին տալով բարեմասնությունները: Մոտեցանք եւ՝ կողքին պպզելով, սկսեցինք խնդրելն ու աղաչելը: Նա մեծահոգի էր՝ «բարիշեցինք հազար դրամի վրա»: Ճիշտ է, հետո, երբ խորովածը պատրաստ էր եւ մենք նրան հրավիրեցինք, «ֆիքստուլ» խոսակցության ընթացքում տարբեր պաշտոնավոր մարդկանց շրջանում ընդհանուր ծանոթներ հայտնաբերվեցին, եւ հարբած Գռնոն ցանկացավ վերադարձնել հազար դրամը: Հետո նա հանելուկային ձեւով անհայտացավ, եւ մենք նրան այլեւս չտեսանք: Ասեմ, որ մենք ամեն ինչ մեր հետեւից հավաքեցինք, նույնիսկ՝ ձմերուկի կեղեւները: Իսկ Գռնոն, եթե նա այս տարածքի տերն է, պետք է հետեւի այնտեղի մաքրությանը, ինչի մասին մենք վատ կարծիք կազմեցինք, որովհետեւ իմացանք, թե ինչ էին կերել մեզանից առաջ եկածները, իսկ քամին (երեւի՝ հյուսիս-արեւելյանը) ժամանակ առ ժամանակ անտանելի հոտ էր բերում իր հետ:

Իսկ եղանակը պարզապես հիանալի էր, ասում են՝ ջրի ջերմաստիճանը քսանի էր հասել: Ջուրն իրոք շատ լավն էր՝ ափին սատկած խեցգետիններ էին լող տալիս, որոնց չար երեխաները նետում էին մեզ վրա: Սակայն որքան էլ լավ լինի ամեն ինչ, ծնողները լարված են ու սթափ (հնարավորին չափով), քանի որ պատմում են, որ այս ամառ արդեն քսան հոգի է խեղդվել: Ես Սեւանը որպես կենդանի անհատ եմ ընդունում, բայց, ավաղ, մերթընդմերթ թվում է, որ նա չար է: Հիշենք ջրապտույտները, որոնց առջեւ անզոր են ամենալավ լողորդները, հիշենք փրկարարների սարսափ-պատմությունները, որոնցից երեխաների աչքերը անվերջ լայնանում են, եւ այս ամենը լրացնում են մայրիկների փոքր-ինչ հիստերիկ զգուշացումները: Իսկ «բույոկ» կոչեցյալները տեղադրված են անիմաստ, քանի որ կան այնպիսի ափեր, ուր ջրի մակարդակն անսպասելի շատ է բարձրանում նույնիսկ ափից շատ մոտ տեղերում:

Վերջում մենք տաս- տասներկու հոգով լցվեցինք առագաստանավ, որի ղեկին կանգնածն ասաց, որ այստեղ կարելի է միայն մեկ-երկու հոգով նստել: Քամին համընթաց էր, հարբածներից ոչ մեկը բարձրաձայն գռեհիկ երգ չկատարեց եւ սրտխառնոց չունեցավ, ոչ ոք ջրի հատակ չիջավ, եւ մենք որոշեցինք. քանի դեռ ամեն ինչ լավ է, տուն վերադառնալ: Վարկածներ եղան, որ ավելի լավ է մնալ, քանի որ մեքենայի վարորդը, ճիշտ է՝ պաշտոնյա անձի բարեկամ է, բայց հարբած է: Սակայն Սեւանա լճի մերձակայքում հեռախոսակապը խախտված էր, եւ մենք սլացանք դեպի մեր հարազատ քաղաք:

Այնուամենայնիվ պարզվեց, որ ոստիկանությունը համը հանեց: Կանգնեցնելով մեր մեքենան, նրանք բավականին մեծ գումար պահանջեցին, սակայն, տեսնելով պատկառելի վկայականը, իջան մինչեւ հինգ հազար: Երբ մեր տուգանվածը վերադարձավ, բոլորս վախից պապանձվել էինք, կարծելով, որ հիմա «շների» հասցեին հայհոյանքի երեւէջներ կլսենք: Բայց նա միայն միացրեց «Սեր եմ բերել» երգը, եւ մենք կարող ենք ասել, որ ամեն ինչ լավ վերջացավ:

Մ. ՄԵՐՈՒԺԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031