Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Օգոստոս 18,1999 00:00
xzmalyan

Հարգելի պրն Աբրահամյան.

Վերջերս «Նովոյե վրեմյա» ռուսալեզու թերթում լույս տեսավ «Երեւան» ստուդիայի նախկին տնօրեն ու նախկին խմբագիր Սերգեյ Առուստամյանի «Ահա այսպիսի «Պյերլեկինո» հոդվածը, որը նվիրված է «Երեւան» ստուդիայի այսօրվա իրավիճակին, ինչպես նաեւ ինձ, ստուդիայի ներկայիս տնօրենին։ Ես դիմեցի «Նովոյե վրեմյա» թերթի խմբագիր Ռուբեն Սաթյանին պաշտոնական նամակով՝ պատասխանելով հոդվածում տեղ գտած կեղծիքներին ու աղավաղված տվյալներին։ Սակայն խմբագիրը հրաժարվեց տպագրել իմ պատասխանը, հայտնելով ինձ, որ հեղինակ Առուստամյանը ազատ է արտահայտելու իր կարծիքը։ Քանի որ «Նովոյե վրեմյա» թերթում յուրովի են պատկերացնում խոսքի ազատությունը, դիմում եմ ձեզ խնդրանքով՝ հրապարակել իմ պատասխան հոդվածը ձեր օրաթերթում:

«Նովոյե վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր պրն Ռուբեն Սաթյանին

Հունիսի 27-ին ձեր թերթում «Մշակույթ» խորագրի ներքո տպագրվել է Սերգեյ Առուստամյանի «Ահա այսպիսի «Պյերլեկինո» ծավալուն հոդվածը։ Քանի որ այդ շարադրանքը հիմնականում նվիրված է իմ համեստ անձին, ստիպված եմ նաեւ ձեր թերթի միջոցով պատասխանել։ Անմիջապես ասեմ, որ մտադիր չեմ պրն Առուստամյանի հետ բանավեճի մեջ մտնել արվեստի հարցերի շուրջ, քանի որ այդ ասպարեզում ընդունված է ստեղծագործությամբ պաշտպանել ճշմարտությունը, այլ ոչ թե թերթային փոխվարկաբեկումով։ Պատասխանեմ միայն հոդվածի այն հատվածին, ուր խոսք է գնում «Երեւան» ստուդիայի մասին, որը ես պատիվ ունեմ գլխավորելու 1997 թվականից։

Պրն Առուստամյանի ամենահամարձակ եւ յուրօրինակ թեզիսը հետեւյալ արտահայտությունն է. «Այսօր «Երեւան» ստուդիան փլուզման շեմին է…»։

Ահա ուրեմն այսպես, պետպատվերը երկու-երեք անգամ գերակատարելը, փաստագրական ֆիլմերի միջազգային ընկերությանը անդամագրվելը, ֆիլմերը առեւտրական կլաններին վաճառելը, կես տասնյակից ավելի կինոդեբյուտներ կազմակերպելը, գեղարվեստական կինոնկարների արտադրությունը վերականգնելը… Այդ ամենը փլուզո՞ւմ է անվանվում։ Ի՜նչ արած, դիմենք չոր թվերին։

1998 թ., հնգամյա ընդմիջումից հետո, վերականգնվել էր «Մատենադարան» սերիալը։ Մոսկվայից հրավիրված էր սցենարիստ Կիմ Բակշին, եւ ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի հետ ավարտեցին 19-րդ եւ 20-րդ մասերը։ Մենք համատեղ ուժերով հասանք հանրապետության նախագահի ստորագրած կառավարական որոշմանը՝ «Երեւան» ստուդիայի պետական բյուջետային պարտքի մարման ուղղությամբ, որը վերաբերում էր «Մատենադարան» ֆիլմի տեխնիկական աշխատանքների ավարտին։ Նույն տարում մենք բյուջեով չնախատեսված միջոցներ հայթայթեցինք Ա. Քաջվորյանի «Նկարիչ Էդուարդ Խարազովը» ֆիլմը ավարտելու համար։ 98-ը հոբելյանական էր հայկական սպորտի համար, մենք լույս ընծայեցինք երկու կարճամետրաժ՝ «1973 թ. ֆուտբոլը» եւ «Շախմատն ու արքայի մահը» կինոնկարները՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի հաղթանակի 35-ամյակին։ Երկու ֆիլմերում, որի սցենարիստը ես էի, օգտագործված են տեսարաններ Արտավազդ Փելեշյանի, Լաերտ Պողոսյանի, Ա. Մոկացյանի, Ա. Հովհաննիսյանի ֆիլմերից, ինչը եւ նշվում է տիտրերում։

Ա. Մոկացյանը ֆուտբոլի մասին տեսաֆիլմի համար ոչ թե 30 դոլար է ստացել, ինչպես նշվում է հոդվածում, այլ՝ 200 հազար դրամ, ինչի համար նա ստորագրել է «Երեւան» ստուդիայի հաշվապահական ցուցակում։ Ինչպես նաեւ մյուս գումարների համար պարբերաբար ստորագրել են Ա. Մոկացյանը, Ա. Քաջվորյանը եւ մյուս ռեժիսորները։ Մեր ստուդիայի հաշվապահությունից որպես հեղինակային պարգեւատրում է դա, ինչին որ ձգտում ենք հասնել ֆիլմերի առեւտրական ցուցադրության միջոցով։ Ինչ վերաբերում է իմ հոնորարներին, ինչի համար այդքան անհանգստանում է Ս. Առուստամյանը, ապա երկու սցենարի համար ես ստացել եմ 100 հազարական դրամ, այլ ոչ թե՝ 250 հազարական, ինչպես պնդում է նա իր հոդվածում։ Իսկ այն հայտարարությունը, ըստ որի «ներկայումս այն ֆիլմերի համար, ուր ոչ մի նոր նկարահանում չկա, ընդհանրապես սցենար չի գրվում», իրականում կինոյի պատմության մեջ ստուդիայի նախկին տնօրենի եւ գլխավոր խմբագրի՝ Ս. Առուստամյանի անձնական ավանդն է։ Հետեւելով նրա տրամաբանությանը, օրինակ, համաշխարհային կինովավերագրությունից պետք է ջնջել այնպիսի գլուխգործոցները, ինչպես Ռոմմի «Սովորական ֆաշիզմը» կամ Փելեշյանի «Սկիզբը», քանի որ այնտեղ «նոր նկարահանումների» փոխարեն ամբողջապես օգտագործված են պետֆիլմադարանի արխիվները։

«Այդ բոլոր ռեժիսորներին, օպերատորներին, ասիստենտներին եւ նրանց ընտանիքներին նրա կողմից (այսինքն՝ իմ) աղքատության դուռը հասցրած» ստուդիայի կողմից ճշմարիտ մեկ այլ օրինակ է հանդիսանում «Մենք» ցիկլի քառասուն տեսակլիպի սերիան, որը ստեղծվել է վերջին տարում եւ պարբերաբար ցուցադրվում է Ազգային հեռուստատեսությամբ։ Կուլտլուսավորչական նպատակներից բացի այդ նախագիծը օգնեց լուծելու մեր շատ վերադասների նյութական ապահովության խնդիրը, որոնք այդ ցիկլի մեկ րոպեանոց կլիպի համար ստանում են մինչեւ 50 հազար դրամ հոնորար՝ իրենց նախկին 5 հազար դրամ աշխատավարձի դիմաց, ինչի համար լացուկոծ է բարձրացնում Ս. Առուստամյանը։ Դրա մասին կարող են վկայել այդ ցիկլի իմ համահեղինակակիցները՝ Հովիկ Հախվերդյանը, Ժիրայր Ավետիսյանը, Ստեփան Մարտիրոսյանը, ինչպես նաեւ իրենք՝ պարոններ Ա. Մոկացյանը եւ Ա. Քաջվորյանը, որոնք, չգիտես ինչու են հոդվածի հեղինակից թաքցնում իրենց մասնակցությունը այդ նախագծին եւ հոնորարները։

Ընդհանրապես, հորինված թվերի եւ կեղծ մեղադրանքների հանդեպ ունեցած հակումը խիստ վնասում է դիտարկվող հոդվածի շարադրանքին։ Ավա՜ղ, ստեղծագործական քննարկման, ընկերական քննադատության կամ գովեստի փոխարեն մեր կինեմատոգրաֆիստները նախընտրում են ուրիշի գրպանները եւ կեղտոտ սպիտակեղենը քրքրելը, որը հենց իրենք են աղտոտել։ Ինչ ստեղծագործության մասին է խոսքը, ի՜նչ ելքի մասին՝ ստեղծված իրադրությունից դուրս գալու համար։ Պիտակները պատրաստ են, դրանք չեն նորոգվել «վաղնջական ժամանակներից ի վեր», ինչին կարոտում են հոդվածի հեղինակն ու մեր որոշ ավագ գործընկերներ։ Իմ ծրագիրը «բլեֆ» է կամ «զառանցանք», թե ինչի՞ համար, «ի՞նչ առավելությունների» համար են իմ ֆիլմերը երկու «Գրան պրի» ստացել (1996 թ. Թուրքիայում եւ 1998-ին ռուսաստանյան «Կինոշոկ» փառատոնում)։ Այդ ֆիլմերը նրանք չեն տեսել, ինձ եւս, հոդվածի հեղինակի խոստովանությամբ, «վատ են ճանաչում, կարելի է ասել՝ բոլորովին չեն ճանաչում»։ Ինչպես «անցած ժամանակներում, երբ «աշխատավորության» նամակներ էին կազմվում «Պրավդա» թերթի համար. «Ես Պաստեռնակի վեպը չեմ կարդացել, բայց, կարծում եմ, որ քիչ է այդ սրիկային գնդակահարելը»։

Ս. Առուստամյանի հոդվածի ոճը նույնն է, անգամ սարսափեցնող ակնարկ է պարունակում. «Գուցե մարմիննե՞րը կպարզաբանեն»։ Այն փաստը, որ ես մի երկու ամիս հետո կավարտեմ լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը, որ չնչին ֆինանսավորման պայմաններում մենք կարողանում ենք պարբերաբար աշխատավարձ վճարել ստուդիայի ամբողջ կոլեկտիվին, չգիտես ինչու որոշ մեր գործընկերների մոտ միայն չարություն եւ ատելություն, ինչպես նաեւ՝ մատնագրեր գրելու կիրք է առաջացնում։ Իսկ որ հոդվածի ժանրը հենց մատնագիրն է, ակնհայտ է։ Այլապես ինչի՞ համար է այդ շտապողականությունը. կսպասեին մինչեւ հոկտեմբեր, երբ հնարավոր կլիներ դիտել հայկական նոր գեղարվեստական ֆիլմը՝ նվիրված մեծ ծաղրածու եւ բանաստեղծ Լեոնիդ Ենգիբարովին։ Այն ժամանակ էլ թող հայհոյեն. «Ահա այսպիսի Պյերլեկինո…»։ Բայց ոչ, պետք է շտապել մատնագրեր գրել, չէ՞ որ հենց նոր են նշանակել գրահրատարակչության եւ տեղեկատվության վարչության պետին՝ պրն Էդվարդ Միլիտոնյանին։ Նա էլ տաք-տաք կկանխի Խզմալյանին ու նրա գործընկերներին՝ երիտասարդ, եռանդուն գործընկերներին, որոնք ցանկանում են ժամանակի պահանջներին համեմատ կինո նկարել։ Տեսեք է՜, ջահելներն էլ են ուզում կինո նկարել։

Անցյալ տարի եւս ձեռնարկվել էր նման անշնորհք եւ կեղծ արշավ՝ ստուդիային եւ ինձ թունավորելու համար։ Այն ժամանակ, ճիշտ է, մատնագրերը ուղղված էին նոր նշանակված մեկ ուրիշ պետի՝ պրն Հարություն Կարապետյանին։ Հանձնաժողով ստեղծվեց, ստուգումներից եւ նիստերից հետո որոշեց, որ բոլոր մեղադրանքներն անհիմն են։ Եվ ահա այժմ՝ նորից։ Ի՜նչ արած, այդպես եղել է եւ միշտ էլ այդպես կլինի։ Ոմանք պետք է մատնագրեր գրեն, մյուսները սցենարներ ու ֆիլմեր ստեղծեն։ Յուրաքանչյուրն իրենը թող անի։

ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ

«Երեւան» ստուդիայի տնօրեն, կինոռեժիսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031