Օրերս Վանաձորի համայնքի ավագանին կրկին նիստ գումարեց։ Ինչպես միշտ, դրանից մի հատված տեսանելի եւ «թափանցիկ» ցուցադրվեց տեղական հեռուստատեսությամբ, որը վանաձորցիների մի չնչին մասն է կարողանում դիտել։
Ի տարբերություն նախորդ նիստի, այս անգամ ավագանու 13 անդամներից ոչ թե 3-ն էին մասնակցում (ինչի մասին նշել էինք «Առավոտի» 31.07.99 թ. «Այնպես, ինչպես» հոդվածում), այլ՝ 8-ը։ Ավագանին այս անգամ որոշել էր մի լավ զարմացնել ազգաբնակչությանը իր աննախադեպ ակտիվությամբ, ցույց տալով իր հակառակությունը կառավարությանը՝ «դեմ» կանգնելով աղետի գոտում բնակարանների բաշխմանն առնչվող մի որոշման (նախկին որոշումը չեղյալ համարող), համաձայն որի բնակարաններ բաշխելիս առաջնահերթություն պետք է տրվի երկրաշարժի հետեւանքով բնակարանները կորցրած ընտանիքներին (զարմանալի է, որ մինչեւ հիմա կարող էր այլ կերպ լինել)։ Ավագանու մեծամասնության կարծիքով կառավարության որոշումը «չի բխում քաղաքացիների շահերից» (չենք կարծում, թե կառավարության կարծիքով միայն երկրաշարժից տուժածներն են բնակարանային կարիքավոր, այլ բան է՝ թե առաջնահերթության իրավունք ովքեր ունեն)։ Ավագանու 8 անդամներից միայն մեկն է հավանություն տվել կառավարության որոշմանը (հայրենիքը նրան չի մոռանա)։ «Դեմ» քվեարկողներից միայն մեկի (կոմունիստական թեւի միակ ներկայացուցիչ) հեռուստաելույթից հասկացանք, որ անկախ այն հանգամանքից, թե կառավարությունն ինչպիսի որոշում կընդուներ, նա էլի «դեմ» կքվեարկեր, որպես «արմատական ընդդիմություն», քանի որ նշեց, թե դա իր՝ «մինչեւ էսօր իմացած ամենաանհեթեթ որոշումներից մեկն է»։ «Կողմ» քվեարկողի ելույթից էլ հասկացանք, որ ամեն պարագայում էլ «կողմ» կքվեարկեր՝ որպես «արմատական իշխանամետ»։
Զարմանալի է, որ ավագանու նիստին կառավարությանն առնչվող հարց էր շոշափվում, եւ Լոռու մարզպետը ներկա չէր։ Չէ՞ որ սահմանադրության 107 հոդվածի համաձայն, մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը։ Նշենք, որ համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի 9 հոդվածի՝ «մարզպետը համայնքի ավագանու նիստին կարող է մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով»։ Ինչ վերաբերում է ավագանու՝ ավելի վաղ կայացած նիստին ավագանու անդամների քչությանը, ապա պարզվում է, այդ հարցը հուզել է ոչ միայն «Առավոտին»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը օրերս, մամուլի ասուլիսի ժամանակ, վկայակոչելով «Առավոտի» 31.07.99 թ. հոդվածը, զարմանք հայտնեց, թե ինչպես կարող է ավագանու 3 կամ 4 անդամի մասնակցությամբ որեւէ որոշում կայացվել, երբ տեղական ինքնակառավարման մարմինների օրենքի 9 հոդվածը սահմանում է, որ «ավագանու նիստն իրավազոր է, եթե ներկա են ավագանու անդամների ընդհանուր թվի կեսից ավելին»։ Նա նշեց, որ այդ նիստի ժամանակ որոշվել է Վանաձորի մանկապարտեզներից մեկի շենքը օտարելու հարցը, իսկ դա, առհասարակ, անհրաժեշտ էր բնակչության լայնամասշտաբ քննարկմանը ներկայացնել՝ որպես համայնքի համար հատուկ կարեւորություն ունեցող հարց։ Գրասենյակի ղեկավարը նաեւ նշեց, որ կա ավագանու հատուկ կանոնակարգ, որի համաձայն ավագանու որոշումները պետք է կայացվեն հրապարակայնության պայմաններում, իսկ առհասարակ, իր պատկերացմամբ, դրանք պետք է փակցվեն բնակչության համար տեսանելի մի տեղ, ասենք՝ քաղաքապետարանի 1-ին հարկում, հատուկ ցուցատախտակի վրա։ Ա. Սաքունցը միաժամանակ «խոր վշտով» մտահոգություն հայտնեց լուծարված մանկապարտեզի կոլեկտիվի ճակատագրի հանդեպ (նշենք, որ լուծարվող մանկապարտեզի դեպքը եզակի չէ եւ դարձել է սովորական երեւույթ)։
Կարդացեք նաև
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի «մասնավոր» հետաքրքրությունն ավագանու հանդեպ բխում է ոչ միայն գրասենյակի ուղղվածությունից, այլեւ նրանից, որ վերջինս նախկինում եղել է Լոռու մարզպետարանի տարածքային կառավարման բաժնի վարիչը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ