Մեզ ավելի հեռացնելով քաղաքակրթությունից
Ամառային մամուլը լի է ընդունելության քնոււթյունների մասին հոդվածներով: Այդ մասին գրում են բոլորը. ոմանք շարունակելով արտահայտել իրենց մտահոգությունը հայրենի կրթական համակարգի առնչությամբ, մի մասը՝ հետ չմնալով հանրապետության կյանքում այդ կարեւորագույն «սոցիալ-տնտեսական» միջոցառումից, վերջապես մի փոքր մասն էլ՝ առիթը բաց չթողնելով «վերեւներին» հաճոյամիտ հերթական հեռագիրը ուղարկելու:
Ամռանը ցանկացած երկրում պակասում է քաղաքական ակտիվությունը: Թեժ մարտերից հոգնած մեր քաղաքական կուսակցությունները նույնպես վերականգնում են էներգետիկ կորուստները եվ լրացնում մտավոր կարողությունները, ընդ որում նույնիսկ ԱՄՆ-ում՝ պատրաստվելով աշնանային հարձակումներին: Պառլամենտական մարտերից հոգնած պատգամավորները գնում են վաստակած հանգստի:
Հայաստանի նման երկրներում մասամբ կանգնում է նաեւ արդյունաբերությունը՝ տեխնոլոգիական պայմանները ամառային կիզիչ շոգին չդիմանալու, մրցակցային ապրանքներ չլինելու, վերջապես տեղական, հիմնական սպառողների որոշ մասի ժամանակավոր բացակայության պատճառով, իսկ մեզ մոտ նաեւ հարկային օրենքների «կատարելության» եւ «ոստիկականական» ճնշումների հետեւանքով: Բայց աշխատում են դատարաններն ու դատախազությունները, միշտ արթուն է փառապանծ միլիցիան, հատկապես անխոնջ «ԳԱԻ»-ն: Չէ որ մեր գաճաճ պետությունում կուտակվել են եւ կատարվում են գրեթե գերտերությանը հավասար «գործեր»:
Կարդացեք նաև
Իհարկե, աշխատում են նաեւ կառավարությունը, նրա բոլոր օղակները: Իսկ դրանցից մեկը՝ ԿԳՆ-ն անց է կացնում ընդունելության քննություններ, որոնց պատրաստվել է աշխատանքային 10 ամիսների ընթացքում՝ յուրաքանչյուր օր հղկելով, մշակելով,«քրիստոնեական տեսքի» բերելով 9 տարի շարունակ կիրառվող կենտրոնացված քննությունների գաղափարը: Վերջինս հաջողությամբ կիրառվում է «մեր նման» երկրներում: Պարզից պարզ է: Բարձր դպրոցի ավարտական գնահատականներով բուհ եկող քաղաքացին գրում է դիմում՝ ընդունվելու իր ցանկացած տեղը եւ այդպես, գավառական հայերենով ասած՝ «մտնում կոմպյուտեր»:
Վերջինս էլ կատարում է համապատասխան անաչառ ընտրություն, որին չեն կասկածում ոչ մեկը, նույնիսկ տվյալ պարագայում այդ երկրի քաղաքական ընդդիմությունը ու հնարավոր գործող մաֆիան /իհարկե, այնտեղ ամոթ է կրթության բնագավառում մաֆիայի գոյությունը, քանի որ բոլորն են դողում երկրի ապագայի համար/: Պետք էր տեսնել, թե ինչպիսի հերթեր էին այս տարի գոյանում դիմումները Տոլեդոյի /Կաստիլիա Լա Մանչա, Իսպանիա/ եւ Կոիմբրայի /Պորտուգալիա/ համալսարաններում հանձնելու համար: Ի տարբերություն սառը հյուսիսեվրոպացիների, դիմորդները գալիս էին ծնողների, հարազատների ուղեկցությամբ, առանց դժվարության լրացնում պարզագույն դիմումները՝ վերջին անգամ խորհրդակցելով հարազատների հետ: Փոքր-ինչ ավելի աշխուժություն, նույնիսկ աղմուկ էր տիրում պատասխանները ընթերցելիս, ուր կար դժգոհություն՝ ժառանգի միջնակարգային ցածր առաջադիմության հետ կապված: Այդ պատճառով նա տեղ էր զբաղեցրել ոչ ավելի հեղինակավոր կամ էլ ոչ հայրենի քաղաքի համալսարանական կամպուսում, ուր ծնողներին ավելի հեշտ կլիներ՝ մեզ հայտնի բոլոր «կտրվածքներով»:
Առավել վարկավոր մասնագիտությունների համար՝ բժշկություն, իրավագիտություն, արվեստ, ուր կա երիտասարդության մեծ հոսք, կային թեստային ստուգումներ՝ մրցույթը կանոնակարգելու համար: Մի խոսքով, ամեն ինչ կիրթ, ամեն ինչ քաղաքավարի: Բոլոր պրպտումներս այս կամ այն թերթում /ոչ համալսարանական/ գտնելու հոդվածներ ընդունելության վերաբերյալ, եղան ապարդյուն: Չգտա նաեւ բարձրագույն պաշտոնյաների՝ ընդունելության քննություններին շքախմբային շռնդալից այցելության վերաբերյալ որեւէ տեղեկություն: Հա, Տոլեդոյի քաղաքապետը համալսարանական հնագույն շենքերից մեկում հավաքի ժամանակ նաեւ ողջունեց նոր ընդունվածներին՝ խոստանալով նրանց ուսումնական հիանալի պայմաններ, եւ իհարկե, ուսանողի հանդիսավոր օծում փառահեղ տոնահանդես-կառնավալի ձեւով: 50-60-ամյա գործընկերներս ասում են, որ այդ օրը անմոռանալի է դառնում բոլոր ուսանողների համար: Նրանցից յուրաքանչյուրը հիշում էր իր «օծումը»՝ այդ գեղեցիկ հուշը տանելով մինչեւ կյանքի վերջ:
Նման միջոցառումներ են սպասվում բոլոր իրենց հարգող համալսարաններում՝ Օքսֆորդից մինչեւ Քեյփթաուն, Կիոտոյից՝ Հարվարդ: Վերջապես կյանք են մտնում ԵՐԿՐԻ քաղաքացիները, եվ նրանց պատանեկան ուղեղները պետք է զբաղեցնել գեղեցիկի վեհ գաղափարով, եվ ոչ թե …: Նման բաներ, իհարկե, կարող են հիշել խորհրդային բուհերի՝ հատկապես 50-60-ականների ուսանողները: Իսկ թվարկածս երկրներում, չնայած քաղաքական կյանքի որոշակի անդորրին՝ բուռն աշխատում է հատկապես տասնյակ միլիոնավոր զբոսաշրջիկներին սպասարկող տնտեսությունը: Կրկին ցավալի է տեսնել նրանցից ոչնչով հետ չմնացող բազմադարյան հայրենիքիս անդորրը այդ բնագավառում եւ ժամանող զբոսաշրջիկների վերաբերյալ վիճակագրական ոչ ճիշտ թվերը: Առավել ցավալի էր թերթերում կարդալ Վրաստանին, նրա պատմական հուշարձաններին եվ, իհարկե, քաղաքական ակսակալ Շեւարդնաձեին գովաբանող հոդվածները՝ «էստի /Վրաստան/ համեցեք» գովազդով:
Դե, մենք էլ կրկին ամառեցինք կենտրոնացված ու թափանցիկ ընդունելության քննություններով, նրա հետ կապված ուրախություն-տառապանքներով:
ԳԱԳԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ
Տոլեդո-Կոիմբրա-Երեւան