Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաբերմունքի երկու ստանդարտ

Օգոստոս 18,1999 00:00
standart

Մեր մենթալիտետի առանձնահատկություններից մեկի մասին

Մեր ազգային գռեհկաբանները եւ նույնիսկ ոչ գռեհկաբանները հաճախ փնթփնթում են՝ հայը պետական մտածողություն չունի, հայն էսպես է, էսպես է, ֆլան-ֆստան։ Նման փնթփնթոցներն, իհարկե, տհաճ են։ Բայց, մյուս կողմից, ինչպես ասում են՝ ծուխն առանց կրակի չի լինում։

Խոստովանենք, որ մեր մենթալիտետը ունի այնպիսի առանձնահատկություններ, որոնք գռեհկաբաններին բերան բացելու առիթ են տալիս։ Այդ առանձնահատկություններից մեկն էլ հովանավորչությունն է, որ ոչ հեռավոր անցյալում պաշտոնապես հայտնի էր որպես պրոտեկցիոնիզմ, իսկ ժողովրդական լեզվով՝ ԽԾԲ։ Այսինքն՝ խնամի-ծանոթ-բարեկամ։

Ասում են, որ մենք՝ հայերս, հազարումի ամուր թելերով կապված ենք ընտանիքին, գերդաստանին, տոհմին։ Անչափ սիրում ենք հարազատներին։ Էլ չխոսենք զավակների մասին, որոնց համար պատրաստ ենք մեր մեղավոր հոգին ծախել սատանային։ Կամ՝ ավելի ստոր գնորդի։ Իսկ այդպիսիք կան։ Ընդ որում՝ բնավ ոչ Սադայելի գլխավորած «խմբակցության» կազմում։

Առաջին հայացքից թվում է՝ վատ չէ, երբ մեկի խելքը գնում է մերձավորների համար։ Բայց նայենք մեդալի մյուս կողմը։ Իսկ մինչ այդ, մի պստլիկ անեկդոտ հիշեցնեմ, որ ծնվել է «հարվածային հնգամյակների» ժամանակներում, երբ ԽԾԲ սոցիալական երեւույթը ծլում-ծաղկում էր մեզանում։

Բարձրաստիճան պաշտոնյայի մոտ են գալիս ազգականները, թե մեր Գեւորին գործարանի դիրեկտոր (այդ ժամանակ «տնօրենը» դեռ գործածական չէր) նշանակիր։ Պաշտոնյան հառաչում է. «Եթե նշանակեմ, գործարանի համար լավ չի լինի»։ Ազգականները համերաշխ ծիծաղում են. «Հեչ էլ, թե գործարանի համար լավ չի լինի։ Կարեւորը Գեւորի համար լավ լինի»։

Չեմ կարող ասել, թե ինչպես դասավորվեց տխեղծ Գեւորի կենսագրությունն այդ հանդիպումից հետո։ Բայց կարծում եմ՝ նա, այնուամենայնիվ, նստել է դիրեկտորի աթոռին, եւ այդ առթիվ լավ քեֆ են արել։ Եթե պաշտոնյան մերժեր խնդրանքը, ազգականները նրան չէին ների։ Եվ նույնիսկ չէին գա նրա հուղարկավորությանը՝ «Մարդ չէր, մի բան խնդրեցինք՝ չարեց»։ Մյուսներն էլ փիլիսոփայորեն կնկատեին. «Ի՞նչ տարավ հետը՝ չորս տախտակ»։ Իսկ ինչպե՞ս կդասավորվեին գործարանի գործերը, եթե այնտեղ դիրեկտոր նշանակվեր ընկեր Գեւորը։ Այդ դժբախտ ձեռնարկությունում շուտով նույն վիճակը կստեղծվեր, ինչ հիմա տեսնում ենք մեր շուրջբոլորը։ Գեւորը, առաջնորդվելով ԽԾԲ-ի չգրված կանոններով, շուրջը կհավաքեր մտերիմներին, որոնց համար լավ կլիներ, իսկ գործարանի համար՝ ոչ։

Գործերի նման ընթացքը, իհարկե, միայն արդյունաբերության ոլորտին չի բնորոշ։ Հովանավորչությունը սահմաններ չի ճանաչում։ Սա շռայլորեն ի հայտ է գալիս ամենուր։ Հասարակական գործունեության բոլոր բնագավառներում։ Այդ թվում՝ քաղաքականում, որի շորշոփները հիմա բավականին պարզորոշ ենք տեսնում։ Դե, փոքր երկիր ենք։ Եվ գիտենք, թե ով ում բարեկամն է։ Մի բան էլ ավելացնեմ, որ չկար Գեւորի ժամանակներում։ Խոսքը բազմակուսակցականության մասին է։ Հիմա ազգականների հետ հովանավորում են իրենց կուսակիցներին։ Եվ ԽԾԲ հապավումը խմբագրելով պետք է արդիականացնել՝ դարձնելով ԽԾԲԿ։ Այսինքն՝ խնամի-բարեկամ-ծանոթ-կուսակից։

Կարելի է աչք փակել հովանավորչության վրա, եթե հովանավորողներն ունենան այնպիսի հովանավորյալներ, որոնք գործի հերը չեն անիծում։ Սակայն, չգիտես ինչու, նրանք, ովքեր հովանավորչություն անելու դիրքի են հասնում, հակառակի պես դդմագլուխ, անբան, գռփող խնամիներ, ծանոթներ, բարեկամներ, կուսակիցներ են միշտ ունենում։ Թե ինչու է այդպես, չգիտեմ։

Եթե մեկն իր գործը մարդավարի է անում, ինձ բնավ չի հետաքրքրում, թե նա ում հորեղբոր տղան է։ Այդ դեպքում անկեղծորեն կուրախանայի, թե ինչ հրաշալի է, որ մեզանում նման ընդունակ գերդաստաններ կան։ Տեսեք, մի եղբոր տղան կարգին պաշտոնյա է, իսկ մյուսը՝ կարգին կոմպոզիտոր (ֆուտբոլիստ, նկարիչ, քաղաքական գործիչ, ոստիկան…)։ Եվ կարիք չէր լինի խոսել ԽԾԲԿ-ի, վերաբերմունքի երկու ստանդարտների մասին, որ հատուկ է մեր մենթալիտետին։ Մի ստանդարտը՝ յուրայինների, մյուսը՝ օտարների համար…

ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031