Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐԵՔ ՁԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆՈՒՄ

Օգոստոս 18,1999 00:00
toto

Քաղաքական բառարանները «բլեֆ» տերմինը բացատրում են որպես նպատակադրված խաբեություն։ Քաղաքական մոլախաղի այս ժանրը հատկապես լայն կիրառություն ունեցավ շուկայական Հայաստանում։

Մեր ժամանակները յուրօրինակ են մի քանի իմաստով։ Թերեւս ամենից էականն ու գործունը ցանկացած իրավիճակից դրամ կորզելու «ազգային գործընթացներն» են։ Դրանք սկսվեցին ջիէմզեթյան սկզբնախաղով եւ շարունակվում են աշխատանքի հրավեր ազդարարող հայտարարություններով։

Ընդհանրապես, աշխատանքի հրավերը կարծես թե վեր է ածվել շուկայում դիվիդենտներ ձեռք բերելու փորձված միջոցի։ Սա առավել եւս զարմացնող փաստ է, եթե հիշենք, որ Հայաստանում ցանկացած աշխատանքի հսկայական պահանջարկ է առկա եւ խնամիա-ազգակցական գերմոտ կապեր։ Նշանակում է՝ ավելի քան միամիտ պատրանք է՝ հերթագրվել աշխատանքային պետական կամ մասնավոր բորսաներում եւ սպասել երազանքի իրականացմանը։ Այսուամենայնիվ, այդ բորսաները կան, գործում են, եւ պետք է կարծել՝ բավական հաջող։ Հաջող՝ սեփական եկամուտներ ձեւավորելու առումով, անշուշտ։ Միամիտ մեկը կամ ավելի ստույգ՝ աշխատանքի կարոտից հալումաշ եղած մեկը կարող է դիմել աշխատանքի եւ զբաղվածության հարցերով զբաղվող բորսա, մուծել կանխավճար, որը տատանվում է 1500-5500 դրամի սահմաններում, եւ դառնալ բորսայի աբոնենտ։

Կիրթ ու համբերատար աշխատակցուհիները մանրամասն կբացատրեն քաղաքացու ու ընկերության փոխպարտավորվածության եւ փոխադարձ վստահության պահանջները։ Դրանք խիստ միակողմանի են։ Կանխավճարը մուծելուց հետո, արդեն աբոնենտի կարգավիճակով ձեզ ըստ նախընտրած աշխատանքի գործուղում են տարբեր ուղղություններով։ Դիցուք գրանցվել եք որպես խոհարար եւ ունեք տվյալ բնագավառում որոշակի փորձառություն եւ կարգավիճակ։ Կարող եք ըստ տրված հանձնարարականների դեգերել տասնյակ օբյեկտներում, չընդունվել նրանց տերերի կողմից եւ մեկ-երկու ամիս անց ձեռք թափ տալ եւ բորսայի, եւ այնտեղ թողնված գումարի վրա։ Մյուս տարբերակը աշխատանքի ընդունման մրցույթն է։ Հազվադեպ են ֆիրմաները մրցույթ կազմակերպում իսկապես աշխատակազմը որակյալ կադրերով համալրելու համար։ Մասնավորապես նման տարբերակ է ընտրել «Վալենսիա» ընկերությունը, որի մասնագետները հավաքագրվում են պարբերաբար անցկացվող մրցույթների օգնությամբ։ Հակառակ օրինակները շատ ավելի են։

Մասնավորապես վերջերս մրցույթ հայտարարած «Գրանդ-օթել Անի» ընկերությունը «Անի» հյուրանոցի շենքում մրցույթ էր հայտարարել։ Ընտրության ցանկը բավականին ծավալուն էր։ Պահանջվում էին ե՛ւ տեխնիկական աշխատողներ, ե՛ւ բանվորներ, ե՛ւ անվտանգության աշխատակիցներ։ 0գոստոսի 9-ի առավոտյան «Անի»-ի բակում մի քանի հարյուր մարդ էր հավաքվել։ Հասկանալի է, թե ինչ լարված հոգեվիճակ էր հանապազօրյա հացի փնտրտուքի մեջ հայտնված մարդկանց համար։ Մեծամասամբ այստեղ հավաքվել էին աշխատանքային փորձ ունեցող մարդիկ, հիմնականում՝ միջին սերնդի։ Նախնական ցուցակագրումից հետո սկսվեց խնամիա-ազգակցական էքսպանսիան։ Հերթագրումը կարգավորող բավական ինքնավստահ աշխատակիցները կարծես ձայնները մեկ արած որոնում էին բազմության մեջ իրենց ծանոթ-բարեկամներին եւ ներս հրավիրում։ Ինչպես պարզվեց քիչ անց, այդ մարդիկ առանց բացառության ընդունվում էին աշխատանքի։ Մնացած տարաբախտներին տուն ուղարկեցին՝ հետագայում հրավիրելու բավական մշուշոտ խոստումներով։

Ինչի՞ համար է այս ամենը։ Մի՞թե ջիէմզեթյան խայտառակությունը այդպես էլ չսթափեցրեց մեզ։ Ինչ կարիք կա Հայաստանում օրենքի բոլոր պահանջներին համապատասխան լիցենզավորել աշխատատեղերի ապահովմամբ զբաղվող ընկերությունների, երբ այդ աշխատատեղերը ուղղակի չկան։ Չէ՞ որ այս դեպքում պետությունը ինքն է դառնում պոտենցիալ խաբեության համագործակիցը։ Կամ ինչո՞ւ են պարբերաբար մտացածին մրցույթներ հրապարակվում եւ այնուհետեւ ամփոփվում դրանց արդյունքները, երբ պարզից էլ պարզ է, որ միեւնույն է՝ աշխատանքով ապահովվելու են խնամիներն ու նրանց ծանոթները, ծանոթներն ու նրանց խնամիները։

ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031