Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՐԻՍԻ ԳՈՐԾԸ ԲՐԱԾՈ ՄԱՄՈՆՏԻ ԱՐԺԵՔ Է ՍՏԱՆՈՒՄ

Օգոստոս 18,1999 00:00
Loris Chgnavoryan

Գյուլնազ տատի հնացածությունն ունի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նախկին երաժիշտներ Արտուշ Մուրադյանի, Ալբերտ Գյունաշյանի, Նուշիկ Պետրոսյանի եւ Հարություն Կիրակոսյանի եւ Ճգնավորյան Լորիսի դատական քաշքշվող պրոցեսը։ Ու ոչ մի արդյունք։

Կրկին նույն գործը երեկ քննվում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ռ. Ներսիսյան)։

Հիշեցնեմ հայցվոր երաժիշտների բողոքի բովանդակությունը։ Հայցադիմումը հարակից իրավունքների պաշտպանության, բարեգործական ընկերություններից եւ հովանավորներից ստացած գումարների եւ բարոյական վնասի հատուցման պահանջների մասին է։

Ա. Մուրադյանը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբում աշխատում էր 1977 թվից, Հ. Կիրակոսյանը՝ 1975-ից, Ա. Գյունաշյանը՝ 1979-ից, Ն. Պետրոսյանը՝ 1975-ից։

1989 թվից ՀՖՆ-ն ղեկավարում է Ճգնավորյան Լորիսը, որի ղեկավարության տարիներին նվագախումբը արտասահմանյան մի քանի երկրներում ձայնագրել է տասնյակ լազերային ձայնասկավառակներ, որոնք վաճառվում են արտասահմանում եւ մեր հանրապետությունում։ Սակայն երաժիշտներն առ այսօր այդ ձայնասկավառակների իրացումից գումար չեն ստացել։ Հայցվոր երաժիշտները քանիցս այդ հարցով դիմել են Ճգնավորյանին, բայց նա պատասխանել է, թե այդ ձայնագրությունները կատարվել են բարեգործական նպատակով, չի վարձատրվում, եւ երաժիշտների համաձայնությունը այդ հարցում կարեւոր չէ։ Դա, իհարկե, հակասում է ՀՀ հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին օրենքի պահանջներին։ Հայցվոր երաժիշտներն իրենց գործին են կցել ձայնասկավառակների ձայնագրման անգլիական ֆիրմայի երաժիշտների անունով ուղարկած ֆինանսական հաշվետվությունը (ձայնասկավառակների իրացման)։ Այդ փաստաթղթերը հերքում են Ճգնավորյան Լորիսի վերոնշյալ ասվածը, այսինքն՝ ձայնագրման աշխատանքները բարեգործական հիմունքներով չեն արվել եւ վճարվել են։ Պարզապես Ճգնավորյանին ձեռնտու չէ ձայնագրման հետ կապված պայմանագրերին երաժիշտներին ծանոթացնել։

Եվ, որպեսզի հայցվորները դատարանում իրենց հայցապահանջը կոնկրետացնեն, անհրաժեշտ են այդ պայմանագրերը։ Հայցվորները պահանջում են, որ դատարանը պատասխանող կողմին պարտադրի ներկայացնել արտասահմանյան բոլոր երկրների հետ կնքված պայմանագրերը եւ ֆինանսական հաշվետվությունը։

Հայցվորները պահանջում են 1997-ի դեկտեմբերի 16-ից մինչեւ 1999 թ. հունվար ընկած ժամանակահատվածում իրենց աշխատանքի դիմաց հասանելիք գումարները։ Հայցվոր երաժիշտները դատարանից խնդրում են պարտադրել պատասխանող կողմին դատարան ներկայացնել բարեգործական ընկերությունների եւ հովանավորների հետ կնքված պայմանագրերն ու բոլոր փաստաթղթերը, ինչպես եւ այն անձանց ցուցակը, որոնք ստանում են նշված գումարները։

Այս երեք տարիների ընթացքում Ճգնավորյանը բազմիցս խախտել է հայցվոր երաժիշտների սահմանադրական իրավունքները, հասցվել է բարոյական վնաս, որը երաժիշտները գնահատում են 40.000 դոլար (յուրաքանչյուրին՝ 10.000-ական դոլար)։ Գործին կից, հայցվոր երաժիտները դատարան են ներկայացրել դատարանի երկու վճիռներ (նախկին), հեղինակային իրավունքների ազգային գործակալության գրության պատճենը եւ Անգլիայի ԱՍՎ ֆիրմայի հաշվետվությունը։

Վերադառնանք դատարան

Դատաքննության հենց սկզբում դատավոր Ներսիսյանը հայցվոր կողմին հարցրեց. «Չե՞ք ցանկանում արտադատարանական կարգով հաշտության համաձայնություն կնքել»։ Հայցվոր Ա. Մուրադյանը եւ մյուսները հրաժարվեցին դրանից՝ ասելով, որ պատասխանող կողմը երբեւէ նման առաջարկ չի արել, եւ եթե հայցը ամբողջ ծավալով բավարարվի՝ կընդունեն դատարանի առաջարկը։ Ճգնավորյանի լիազորված իրավաբանը համաձայնեց խոսել հայցվոր կողմի հետ։ 15 րոպե հատկացվեց բանակցությանը։ Արդյունքում՝ կողմերը հաշտության չեկան։ Ճգնավորյանի լիազորյալը դատարան ներկայացրեց հակազդող փաստաթղթեր՝ գործին կցելու համար, պատճեն՝ հայցվոր կողմին։ Հայցվորները դատարանից մեկ շաբաթ ժամանակ պահանջեցին՝ փաստաթղթերին ծանոթանալու եւ դրանց պատասխանելու համար։ Պատասխանող կողմը դեմ էր հայցվորների նշյալ պահանջին, ասելով, թե հայցվորները այդ փաստաթղթերից մի քանիսին ծանոթ են եւ նորից ծանոթանալու հարկ չկա։ Արդեն չորրորդ դատավորն է այս գործը քննում, իսկ Ճգնավորյան Լորիսի դատապաշտպաններն այնքան են փոխվել, որ թիվը ստույգ չենք կարող հիշել։

Երրորդ տարին է ձգվում գործի պատմությունը, սակայն եթե այսպես շարունակվի, այն արդեն հնագիտական արժեք կստանա…

Ինչեւէ, դատարանը բավարարեց հայցվորների՝ դատը հետաձգելու պահանջը մինչեւ օգոստոսի 31-ը։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031