Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրալյուքս»՝ վստահության ճգնաժամ

Օգոստոս 18,1999 00:00
elektronika

Վաճառվում է «Էլեկտրալյուքս» խանութը, ավելի ճիշտ, այն տարածքը, որը մի ժամանակ զբաղեցնում էր էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող այդ խանութը։ Խանութի գեղեցիկ ցուցափեղկերը դատարկված են, եւ այն լքված գեղեցկուհու տեսք ունի։ Այս վաճառքը հետեւանք է հարեւանությամբ գործող «Զիգզագ» խանութի հետ մրցակցության։

«Էլեկտրալյուքսը» չդիմացավ այդ մրցակցությանը եւ փակվեց։ Ընդհանրապես վերջին մեկ տարվա ընթացքում էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվողները անընդհատ խոսում էին վաճառքի ծավալների նվազման մասին։ Այդ երեւույթը նրանք բացատրում էին մի քանի պատճառներով։ Առաջինը՝ վերջին մեկ տարվա ընթացքում բնակչության սոցիալական վիճակի վատացումն է, որի դեպքում մարդիկ իրենց աշխատած փողը ծախսում են հիմնականում սննդի եւ վարձավճարների վրա։ Այսինքն՝ հեռուստացույցի, սառնարանի կամ փոշեկուլի դրամ չի մնում։ Մյուս պատճառն այն է, որ բնակչության գնողունակ շերտը, որը կարող է իրեն ընդհանրապես նման հաճույք թույլ տալ, արդեն բավարարել է իր պահանջները։ Այսինքն մեր նախարարները, վարչության պետերը, գործարարները, դատավորներն ու դատախազները արդեն ամեն ինչ ունեն, իսկ գործազուրկները կամ մանր առեւտրականները չեն կարողանում դրամ կուտակել իրենց 15 տարվա հեռուստացույցը կամ 20 տարվա սառնարանը նորացնելու համար։

«Էլեկտրալյուքսը», իհարկե, «Արմենիա» բանկ չէ, որի սննկացումից հետո սննկանում են հազարավոր քաղաքացիներ։ Սակայն նման խանութների հետեւում կանգնած են հազարավոր պայմանագրային պարտավորություններ։ Քաղաքացին նախընտրել է 20 դոլար ավել վճարել եւ հեռուստացույցը գնել ոչ թե «Հրազդան» տոնավաճառից, այլ «Էլեկտրալյուքսից», որտեղ 2 տարվա երաշխիք են տալիս։ Այժմ, հեռուստացույցը փչանալու դեպքում, ո՞ւմ պետք է դիմի քաղաքացին, ո՞վ պետք է վերանորոգի կամ փոխի հեռուստացույցը։ Այս միջադեպի արդյունքում կարող է սասանվել հավատը նման խանութների եւ նրանց կողմից տրվող երաշխիքների նկատմամբ։ Այլեւս ոչ մի երաշխիք, որ չեն վաճառվի մյուս ֆիրմաների կամ խանութների զբաղեցրած տարածքները։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031