Ավստրիայի արտգործնախարար Վոլֆգանգ Շյուսելի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը
Ինչպես հայտնի է, հաջորդ տարի Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության նախագահությունը ստանձնելու է Ավստրիան: Բոլորովին վերջերս այդ երկրի արտգործնախարար Վոլֆգանգ Շյուսելը «հետախուզական» նպատակներով այցելեց տարածաշրջան: Կարծում ենք, որ հարցազրույցում արտահայտած նրա որոշ մտքեր թույլ են տալիս պատկերացում կազմել ԵԱՀԿ-ի եւ Ղարաբաղյան կարգավորման ապագայի վերաբերյալ:
– Պրն Շյուսել, Դուք պաշտոնական Վիեննայի առաջին բարձրաստիճան ներկայացուցիչն էիք, որն այցելեց մեր տարածաշրջան: Որո՞նք էին հուլիսի սկզբին կայացած Ձեր այցի հիմնական նպատակները:
– Իմ այցը Հայաստան եւ Հարավային Կովկասի մյուս երկրներ ուներ երկու հիմնական նպատակ: Ինչպես հայտնի է, 2000թ. հունվարի 1-ից Ավստրիան նախագահելու է ԵԱՀԿ-ում: Հիմնական նպատակս «առաջին ձեռքից» ստույգ տեղեկություններ ստանալն էր Հարավային Կովկասում առկա բոլոր հակամարտությունների եւ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Այցը նաեւ կոչված էր նոր լիցք հաղորդել Ավստրիայի եւ Հարավային Կովկասի երկրների երկկողմանի հարաբերությունների զարգացմանը: Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան: Հայաստանում գտնվելու օրերին այցելեցի նաեւ Գյումրի, որտեղ Ավստրիան մանկական հիվանդանոց եւ գյուղ է կառուցել 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո: Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների կարեւոր կետերից էր նաեւ «Ավստրիական ավիաուղիների» դեպի Երեւան չվերթի վերաբացման հնարավորությունը, որը ժամանակին կասեցվել էր հայկական կողմի նախաձեռնությամբ:
Կարդացեք նաև
– Ղարաբաղյան հարցը արդեն մի քանի տարի է, ինչ ծառացած է ԵԱՀԿ-ի առջեւ: Որպես այդ կազմակերպության ապագա ղեկավար, ինչպե՞ս եք պատկերացնում բանակցությունների վերսկսման հեռանկարը:
– Լեռնային Ղարաբաղի հարցը իսկապես ամենաբարդ հարցերից է ԵԱՀԿ-ի համար: Ստանձնելով կազմակերպության Գործող Նախագահողի պաշտոնը, Ավստրիան նաեւ Մինսկի խմբում մաս կկազմի եւ կանի ամեն հնարավորը՝ հակամարտության խաղաղ լուծմանը նպաստելու համար: Տարածաշրջան կատարած այցիս ընթացքում տպավորություն ստացա, որ Հայաստանը շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման մեջ, մանավանդ որ Հայաստանի՝ կարգավորման ուղիների վերաբերյալ պատկերացումների մի մասը ընդունվել եւ քննարկվում է միջնորդների կողմից:
– Պրն Շյուսել, արդյո՞ք ուժի մեջ է «Ընդհանուր պետության» գաղափարը պարունակող առաջարկը:
– Ըստ իս, «Ընդհանուր պետությունը» ընդամենը կարգավորման մոդելի անվանում է: Կարեւորը առաջարկների էությունն է եւ ոչ թե անվանումը: Ամփոփելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող բոլոր առաջարկները, ես կարծում եմ, որ առավել ընդունելի բանաձեւը հետեւյալն է. «ավելին, քան ինքնավարություն, պակաս, քան անկախություն»: Ի դեպ, նման լուծումների օրինակներ վերջերս բերել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Վարդան Օսկանյանը: ԵԱՀԿ-ի երկու հիմնարար սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը եւ սահմանների անձեռնմխելիությունը, պետք է բավարարվեն հավասարաչափ: ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում Ավստրիան մտադիր է ոչ միայն նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը, այլեւ խրախուսել տարածաշրջանային համագործակցության զարգացումը Հարավային Կովկասի երկրների միջեւ: Անցյալում Ավստրիայի Խաղաղության ակադեմիան անց էր կացնում տարածաշրջանային սեմինարներ՝ նվիրված Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման ուղիներին, որոնց մասնակցում էին բոլոր շահագրգիռ կողմերը: Մենք մտադիր ենք ապագայում եւս նախաձեռնել նման միջոցառումներ, մանավանդ՝ ԵԱՀԿ-ում մեր նախագահության ընթացքում:
– Կարո՞ղ է Կոսովոյի ճգնաժամը ինչ-որ ձեւով ներազդել Ղարաբաղյան կարգավորման ընթացքի վրա: Հնարավո՞ր է համաշխարհային հանրության կողմից ուժի գործադրումը հակամարտող կողմերից որեւէ մեկի դեմ:
– Բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Ես չեմ կարծում, որ համաշխարհային հանրության կողմից ուժի կիրառումը Ղարաբաղյան հակամարտության որեւէ կողմի դեմ կարող է նպաստել կայունության ամրապնդմանը այս տարածաշրջանում: Աշխարհում բոլորն են կիսում այս տեսակետը, այնպես որ, կարծում եմ, իրադարձությունների զարգացման նման տարբերակը պարզապես բացառված է: Պետք է նշեմ, որ Հարավային Կովկասի հակամարտությունների մասնակից բոլոր կողմերն էլ փորձեցին Կոսովոյի ճգնաժամը ծառայեցնել իրենց շահերին, օգտագործելով այն որպես յուրահատուկ օրինակ՝ սեփական ճշմարտությունը ապացուցելու համար: ԼՂ-ի խնդիրը շատ յուրահատուկ է, եւ այն չի կարելի համեմատել Կոսովոյի ճգնաժամի կամ որեւէ այլ հակամարտության հետ: Լեռնային Ղարաբաղը հատուկ վերաբերմունք է պահանջում: Որպես ԵԱՀԿ-ի ապագա Գործող Նախագահող, կարող եմ վստահեցնել, որ ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության ընթացքում կազմակերպությունը իր ուշադրությունը սեւեռելու է ոչ միայն Կոսովոյի վրա: Գոյություն ունեցող բոլոր հակամարտությունները պահանջում են լուծումներ եւ արժանի են նույնպիսի ուշադրության, ինչպիսին Կոսովոն:
– Կարելի՞ է ենթադրել, որ Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթաժողովը, որը վերջինը կլինի այս հարյուրամյակում, միջազգային քաղաքականության նոր մոտեցումների ծննդավայր կդառնա:
– Ինչպես ցույց տվեցին միջազգային քաղաքականության վերջին իրադարձությունները եւ զարգացումները, ԵԱՀԿ-ի պատասխանատվության գոտում գտնվող անվտանգության խնդիրները լուրջ փոփոխությունների են ենթարկվել: Խիստ անհրաժեշտ է դարձել ճգնաժամերի կանխման նոր մոտեցումների ստեղծումը: Կարծում եմ, որ Ստամբուլում կֆիքսվի ԵԱՀԿ-ի դերի ուժեղացման անհրաժեշտությունը՝ Եվրոպայում կայունության պահպանման գործում: Միաժամանակ, գագաթաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռում պետությունների ղեկավարներին՝ անձնական հանդիպումներ եւ երկկողմանի հարցերի վերաբերյալ բանակցություններ անցկացնելու առումով: Շատ հնարավոր է, որ Ստամբուլում կայանալիք գագաթաժողովի ընթացքում նման հանդիպումների արդյունքում հնարավոր լինի որոշակի առաջընթացի հասնել նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
– Հայ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում ավելի ակտիվ եւ դինամիկ է դարձել:
– Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող եմ բնութագրել որպես բազմակողմանի: Ձեր երկիրը հարաբերություններ է զարգացնում տարբեր ուղղություններով եւ տարբեր գործընկերների հետ: Հայաստանը Ռուսաստանի հուսալի ընկերն է, միաժամանակ, նա հիանալի հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ: Հայաստանը սերտ կապեր է հաստատում եվրոպական կառույցների հետ, չմոռանալով իր պատմական խորը կապերը Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների հետ: Այդպիսով, Հայաստանը յուրահատուկ կամուրջի դեր է ստանձնում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Եվրոպայի Խորհրդի Գլխավոր Քարտուղար նշանակված Ավստրիայի ներկայացուցիչ Ուոլթեր Շվիմերը վերջերս հանդես եկավ Հարավային Կովկասի մնացած երկրների՝ Եվրոպայի խորհուրդ շուտափույթ ընդունման օգտին: Այս հարցում ես լիովին համամիտ եմ նրա հետ:
«ՄԵԴԻԱՄԱՔՍ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝
ՀԱՏՈՒԿ «ԱՌԱՎՈՏԻ» ՀԱՄԱՐ