Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի հանդիպումը ԼՂՀ կառավարության անդամների, պատգամավորների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ ընթացավ սեպտեմբերին կայանալիք համահայկական խորհրդաժողովի նախապատրաստման շրջանակներում։ Նախքան այդ հանդիպումը Վ. Օսկանյանը համահայկական խորհրդակցությունում Արցախի մասնակցության առնչությամբ խորհրդակցություն է ունեցել ԼՂՀ իշխանությունների ղեկավարների հետ։ ՀՀ ԱԳ նախարարը մանրամասնել է համահայկական միջոցառման նպատակներն ու խնդիրները, ընդգծելով դրա կարեւորությունը Հայաստան-Սփյուռք-Արցախ հարաբերությունների զարգացման գործում։ Համահայկական խորհրդաժողովի անցկացման նախաձեռնումը նա գնահատել է որպես պատմական աննախադեպ, բայց եւ ուշացած քայլ Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո։ Նա ընդգծել է, որ սեպտեմբերյան խորհրդաժողովին պետք է մասնակցի Արցախն՝ իր պետականությամբ, առանձին պատվիրակությամբ, իր մտավորականությամբ։ Վերջում նա պատասխանել է առաջադրված հարցերին։
Ավելի մանրամասն՝ վաղվա «Առավոտում»։
ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ
Կարդացեք նաև
Քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ օրերս Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Բաբայանը խորհրդակցություն է հրավիրել մի շարք հրատապ խնդիրներ քննարկելու նպատակով։ Խորհրդակցության մասնակիցները նախեւառաջ մտահոգություն են հայտնել, որ ջրամատակարարման վիճակը մայրաքաղաքում դեռեւս չի գոհացնում։ Դրան զուգահեռ նշվել է, որ ամենօրյա աշխատանք է պահանջվում կապի ծառայության, էներգամատակարարման, փողոցների շքամուտքերի լուսավորվածության եւ այլ հարցերի լուծումն ապահովելու համար։ Խորհրդակցության առանցքային թեման ձմռան նախապատրաստական աշխատանքներն են։ Ջեռուցման դիմաց վարձավճարների գանձումն էլ ընթանում է բավականին դանդաղ։ Խնդիր դրվեց այս ուղղությամբ պայքար ծավալել, նաեւ բացատրական աշխատանք տանել բնակչության շրջանում։
ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԸ ՆՎԱԶԵՑՎՈՒՄ Է
Գործադիր իշխանության վերջին որոշումներից մեկը վերաբերում է ԼՂՀ տարածքում շենքերի, շինությունների համար հատկացվող հողերի ժամանակավոր արժեքներին։ ԼՂՀ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար Բենիամին Բաբայանի պարզաբանմամբ սույն որոշքւմը կայացվել է հանրապետությունում անհատական տների եւ այլ շինությունների շինարարական խթանման նպատակով։ Որոշմամբ հաստատվել են բազմաբնակարան տների, բնակարանների, անհատական բնակելիների, այգետնակների, ավտոտնակների եւ այլ շինությունների համար հատկացվող հողերի ժամանակավոր նոր արժեքներ, որոնք մի քանի տասնյակ անգամ նվազ են մինչ այդ գործող արժեքներից։ Այսպես, եթե Ստեփանակերտում բնակելի տուն կառուցելու համար հատկացվող 1000 քմ հողատարածքի նվազագույն արժեքը կազմում էր 600 հազար դրամ, ապա համաձայն նոր որոշման այն կազմում է 10 հազար դրամ։
ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ,
Ստեփանակերտ