Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշնակցությունը չի ուզում դաշտը թողնել բարձիթողի»

Օգոստոս 18,1999 00:00
hyd

Աջափնյակ թաղամասում համայնքապետի ընտրությունները տաք ամառվա շոգի հետ ավելի տժտժան է դառնում։

Որպես համայնքապետի թեկնածու գրանցված են վեց աջափնյակցիներ։ Բազմակուսակցական այս վեցյակի առաջին հորիզոնականը գրավում է Ռաֆիկ Մկրտչյանը, որն այս պահին թաղապետի պաշտոնակատարն է։ Եթե նախորդ, չարաբաստիկ ընտրություններից առաջ թաղապետի պաշտոնակատար Արծրուն Խաչատրյանը թեկնածու դառնալուց հետո արձակուրդ գնաց, այսինքն՝ ըստ էության, հրաժարվեց օգտագործել թաղապետի պաշտոնակատարի իր լծակները, ապա Ռաֆիկ Մկրտչյանը ոչ միայն արձակուրդ չի գնացել, այլեւ հարմար առիթը բաց չի թողնում պաշտոնն իր օգտին ծառայեցնելու համար։ Պարոն Մկրտչյանը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ է եւ չճշտված աղբյուրները վկայում են, որ իշխանությունները հանգուցյալ Եգորյանին խոստացել էին այս տեղը տալ իր կուսակցությանը։ Ի դեպ, մինչեւ Հրայր Կարապետյանի Արագածոտնի մարզպետ դառնալը, Ռաֆիկ Մկրտչյանը եղել է Արագածոտնի փոխմարզպետ։ Դաշնակցական մարզպետի գալուց հետո, մոտ մեկ տարի պարոն Մկրտչյանն անգործ էր։

Հաջորդ տեղում (տեղերը խիստ պայմանական են, առանց հետին մտքի) ՀՅԴ ներկայացուցիչ Մկրտիչ Սահրադյանն է։ Թաղապետի առաջին ընտրություններին դաշնակցությունը խաղի մեջ չէր մտել։ Իրենց ասելով, նախորդ ընտրությունների դառը փորձից անհանգիստ, դաշնակցությունը որոշեց մտնել խաղի մեջ եւ դաշտը բարձիթողի չթողնել։ Այս փաստը շատերի համար անսպասելի էր։ Ի դեպ, Երեւանի ոչ մի թաղամասում դաշնակցական թաղապետ չկա, իսկ մարզպետներից միայն Հրայր Կարապետյանն է ՀՅԴ անդամ։

Մկրտիչ Սահրադյանի նախընտրական շտաբի պետ Սմբատ Բալասանյանի ասելով, իրենց թեկնածուի գովազդային լուսանկարները գիշերները պատռվում են խորովածի շշով։ Շտաբում գիտեն նաեւ այդ գործով զբաղվող անձանց անունները եւ ավտոմեքենայի համարը։ Շտաբում դժգոհ էին նաեւ ընտրողների ցուցակներից։ Մի քանի անգամ ուղղված եւ շտկված ցուցակները դարձյալ շատ վատն են։ Ստուգվել է 10 փողոցների ցուցակ, բոլորում թերություններ կան, բացակայում են շենքեր, մուտքեր, մեռած մարդկանց անուններ են գրված, ողջերի անունները չկան։

Թաղապետի պաշտոնակատարի թեկնածուներից մյուսներն են անկուսակցականներ Մարգարիտ Մկրտչյանը, Լեւոն Գրիգորյանը (ՀԺԿ-ի աջակցությունն ունի), «Օրինաց երկրից»՝ Գագիկ Արզումանյանը, ԱԺՄ-ի անդամ Աշոտ Միքայելյանը։ Այս թեկնածուներից երեքը հանդարտ են վերաբերվում ընտրություններին եւ առանձնապես ակտիվ չեն։ Թաղամասում լուրեր են պտտվում, թե կիրակի օրվանից հետո նոր քամիներ են հայտնվել եւ այդ պատճառով Արծրուն Խաչատրյանը կարծես թե խաղի մեջ է մտնում։ Նա արդեն առանց թաքցնելու պաշտպանում է ԱԺՄ ներկայացուցիչ Աշոտ Միքայելյանի թեկնածությունը։ Նա նույնիսկ ելույթ է ունեցել ընտրողների առաջ եւ հայտարարել, թե ինքն Աշոտի կողմնակիցն է։ Թեպետ, Արծրուն Խաչատրյանի նախկին շտաբներում այժմ Ռաֆիկ Մկրտչյանի շտաբներն են տեղավորված։

Ակնհայտ է, որ եկող կիրակի Աջափնյակում պայքարն ընթանալու է Ռաֆիկ Մկրտչյանի, Մկրտիչ Սահրադյանի եւ Աշոտ Միքայելյանի միջեւ։ Թե այս թեկնածուներից ո՞ւմ նյարդերը տեղի կտան եւ ո՞վ առաջինը կրակը կթեժացնի, դեռեւս դժվար է ասել։ Մինչ թեկնածուները պատրաստվում են կենաց եւ մահու պայքարի, ընտրազանգվածը զզված եւ հիասթափված ժողովրդավարական իր իրավունքից թատրոն սարքելու իշխանությունների կամ որոշ անհատների անզուսպ ցանկությունից, ձեռքերը ծալել է եւ մի կողմ քաշվել։ Ժողովուրդն ընտրության չի գնա։ Համենայնդեպս, մեր հարցումներն առայժմ այդպիսի հետեւություն անելու իրավունք տալիս են։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031