Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՇԱՏ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆ»

Օգոստոս 18,1999 00:00
dataxazutyun

Այսպես է ավարտվում ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության տեղեկանքը, հաստատված վարչության պետ Ս. Մանուկյանի, ավագ դատախազ Վ. Մարգարյանի կողմից, որում ամփոփված էր տնտեսական եւ պաշտոնական հանցագործությունների բացահայտման եւ այլ բնույթի գործերի նկատմամբ դատախազական հսկողության վիճակը։

Ըստ վերոնշյալ վարչության, ավարտվել է 1998 թ. եւ 1999 թ. առաջին կիսամյակի արդյունքների ամփոփումը։

1997 թ. համեմատությամբ փաստորեն 1998 թ. արձանագրված տնտեսական հանցագործությունների ընդհանուր քանակը, փառք Աստծո, նվազել է… 6 դեպքով։ 1998 թ. հանրապետությունում արձանագրված տնտեսական հանցագործությունների 41,2 տոկոսը (126 դեպք) կատարվել է Երեւանում։ Ի դեպ, տեղեկանքում բերված է Արմավիրի մարզի օրինակը, որտեղ տնտեսական հանցագործությունների 19 դեպք, Մալաթիա-Սեբաստիա համայնքներում՝ 23, Էրեբունի-Նուբարաշեն համայնքներում 16 դեպքեր են գրանցվել։ 1998 թ. նույն ժամանակահատվածի համեմատ 1999 թ. առաջին եռամսյակում գրանցված տնտեսական հանցագործություններն աճել են 17 դեպքով։

Պաշտոնական-պաշտոնեական «խախտումներ»

1998 թ. հանրապետությունում գրանցված ընդհանուր հանցագործությունների 1,3 տոկոսը (140 դեպք) կազմել են պաշտոնեական հանցագործությունները։ Երեւանը դարձյալ փայլում է այս հանցատեսակով՝ 44 դեպք (1998 թ.), իսկ ընդհանրապես, համաձայն վարչության տվյալների 1999 թ. առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցված պաշտոնեական հանցագործությունների քանակն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «համարյա թե երկու անգամ»։ «Միեւնույն ժամանակ հանրապետությունում 6-ով նվազել են անփութության դեպքերը»։ Առհասարակ, 1999 թ. առաջին եռամսյակում աճել են Երեւանում, Կոտայքի մարզում, Սյունիքում պաշտոնեական հանցագործությունները, «հակառակ դրան Լոռու մարզում նվազել են 6 դեպքով»։

Տեղեկացանք, որ տնտեսական եւ պաշտոնեական հանցագործություններից 14-ը կատարվել են հանցավոր խմբի կողմից։ Հետաքրքիր իրավիճակ է սակայն ստեղծվել նախաքննությամբ ընթացք տրված գործերի ճակատագրում. պարզվում է, որ 1998 թ. ընթացք տրված 38 քրեական գործեր կասեցվել են… մեղադրյալների քննությունից թաքնվելու պատճառաբանությամբ։ 1999 թ. առաջին եռամսյակում նույն հիմքով կասեցվել է 1998-ից բաժին հանած 20 քրեական գործերի նախաքննությունը։

Փոխարենը, ավետում է գլխավոր դատախազության վարչությունը, որ 1999 թ. առաջին եռամսյակում «գրանցված տնտեսական եւ պաշտոնական հանցագործությունների չբացահայտված դեպքեր չեն արձանագրվել»։

«Անուն հանած», «հնչեղ» գործերը

Առավել «ասլան» գործերի մեջ նշվում էր Արագածի տարածքի Մելիք գյուղի բնակիչ Արարատ Ասլանյանի կողմից գինու կետից ստացված 10 հազար շիշ 2.800.000 դրամ արժողությամբ «Հարություն» տեսակի օղի հափշտակելու դեպքը։ Նաեւ՝ Գավառի տարածքի պետապի տեսչության նախկին պետ Հայկ Պետրոսյանի գործը, երբ նա խախտելով վարկերի տրամադրման, գրավի ընդունման, պահպանման, իրացման կարգը (1994 թ. Ե. Ղանդիլյանին եւ Լ. Մարգարյանին տրամադրվել է 800 հազար եւ 150 հազար դրամի վարկ, առանց գրավի առարկան ապահովելու)։ Վերոնշյալ քաղաքացիները վարկը չէին կարողացել մարել եւ «տեսչությունը զրկվել է պատճառված վնասը գանձելու հնարավորությունից»…

Լրացուցիչ նախաքննության ուղարկված գործերից հնչեց Իսկուհի Եփրեմյանի եւ Հասմիկ Սուվարյանի նկատմամբ քր. գործը, որոնք աշխատելով «ՀՀ երկաթգծի» թիվ 39 մանկապարտեզում (առաջինը՝ տնօրեն, երկրորդը՝ խոհարար), Արմավիրի հացի գործարանի թիվ 13 հացի խանութից մանկապարտեզի սաներին կերակրելու պատրվակով ստացել են 1 միլիոն 384 հազար 988 դրամ գումարի ավել հաց, վաճառել եւ գումարը յուրացրել, Գորիսի «Արփա» պետական ձեռնարկության տնօրեն Ս. Համբարձումյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որը մեղադրվել է 300 ռուլոն մետաղյա ցանցերի եւ այլ նյութական արժեքների պակասորդի համար։

Այս գործի նախաքննության ժամկետը երկարացվել է 4 անգամ, կալանքի տակ ոչ ոք չի եղել։ Ընդ որում լրացուցիչ նախաքննության արդյունքներով վերաորակվել է հանցագործությունը։ Արդյունքում… դատարանի վճռով Ս. Համբարձումյանն արդարացվել է։ Այս դեպքերում դատախազական ներհսկողությունը պատասխանատվության թե ինչ զարգացումներ պիտի ունենար, պատասխան չկա։ Փաստորեն, անփութության համար պատասխանատվության չեն ենթարկվել մեղադրանք առաջադրողները։ Էլ չենք խոսում խոշոր ձկների մասին, որոնք բաց օվկիանոսում անփութորեն դեռ լողում են…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031