Ըստ ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ 98-ին դատապարտված զինծառայողների թիվը 785 է։
97-98 թթ. ընթացքում գրանցված զինվորների մահերից 14.6%-ը հակառակորդի գնդակից է, 10.6%-ը՝ ականի պայթյունից, 16.2%-ը սպանվել է, 10.6%-ն ինքնասպան է եղել, 10.1%-ը զենքի կանոնների խախտման զոհ է, 2.2%-ը՝ ոչ կանոնադրային հարաբերությունների, 17.9%-ը՝ վթարի, 10.1%-ը՝ հիվանդությունների, 7.3%-ը՝ դժբախտ պատահարների։ 1999-ի առաջին եռամսյակի համեմատ 53%-ով նվազել են զինվորների մահվան դեպքերը։ 98-ին դատապարտվել է 785 զինծառայող։
Անգամ ա՛յս թիվը որեւէ կերպ չի ազդել «Զինվոր եւ իրավունք» հասարակական կազմակերպության 37 անդամների վրա, որոնք կորցրել են իրենց որդիներին ազգային բանակում։ Նրանց տղաների սպանությունները մինչ այժմ բացահայտված չեն։ Անգամ հանրապետության զինվորական դատախազությունում, այլ դատարաններում սպանությունների իրեղեն ապացույցները վերացնելու փորձեր են արվում։
Հանրապետության նախագահի նստավայրի մոտ երեկ ցույց էր կազմակերպել վերոնշյալ կազմակերպությունը։ Որդեկորույս ծնողները «Առավոտին» ներկայացրին բազմաթիվ փաստեր, տվեցին այն դատավորների, դատախազների ու քննիչների անունները, որոնք իրենց որդիների սպանությունը փորձում են «դժբախտ պատահարի» կամ «ինքնասպանության» քողի տակ ներկայացնել։ Հատկապես հաճախակի էին հիշատակվում Ղարաբաղի Մարտունիի ավագ քննիչ Գեւորգ Խաչատրյանի, Էրեբունի համայնքի տարածքային դատավոր Յուրա Ռաշիկյանի, քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր, նախագահող Սամվել Օհանյանի, Սիսիանի դատախազության քննիչ Վռամ Պողոսյանի, Զանգեզուրի դատախազ Էդիկ Հայրապետյանի, հանրապետության զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի եւ շատ ուրիշների անունները։
Կարդացեք նաև
Սեւանի կայազորի նախկին դատախազ Շահում Տիգրանյանը եւ քննիչ Գնել Մանուկյանը 1996-ին Կարեն Ոսկանյանի սպանությունը, ըստ Ոսկանյանի ծնողների, «քողածածկել» են եւ ներկայացրել որպես «դժբախտ դեպք»։ «Ու եթե այսպես չվարվեին, Սեւանի կայազորի Զոդի N զորամասում չէին սպանվի եւս 11 զինվոր։ Այժմ Շահում Տիգրանյանը աշխատում է Արաբկիրի դատախազությունում»։
Էմմա Պետրոսյանի միակ որդին՝ Գեւորգ Պողոսյանը, 1996-ին զորակոչվել է Հոկտեմբերյանի N զորամաս, երկուսուկես ամիս անց մայրը ստացել է որդու դիակը։ Սվետա Խաչատրյանի որդուն՝ Հունան Խաչատրյանին, 96-ին ապօրինի զորակոչել են Ղարաբաղի Հադրութի N զորամաս, ուր նա հիվանդացել ու մահացել է։ 98-ի մարտի 17-ին Մարտակերտում սպանվել է Էդգար Գրիգորյանը, 96-ի օգոստոսի 1-ին Վարդենիսի շրջանի Կարճաղբյուր գյուղում գազանաբար սպանվել է Աիդա Ադամյանի որդին։ 98-ի հուլիսին Խաչիկ Պետրոսյանի որդուն Էջմիածնի N զորամասում սպանել են, իսկ Էջմիածնի զինվորական դատախազության քննիչ Յուրա Բադալյանը «չի թողնում, որ գործը բացահայտվի»։ Նոյեմբերյանի Բաղանիս գյուղում 97-ին սպանվել է Իշխան Բադալյանը, որի գործը մինչ օրս Գագիկ Ջհանգիրյանի մոտ է։ Ղարաբաղի Մարտունիի զորամասում 99-ի հունվարի 1-ին սպանվել է Հովհաննես Համլետի Եղիազարյանը։ 98-ի հոկտեմբերի 22-ին Թալիշում (Մարտակերտի շրջան) սպանվել է Հարություն Բախշիկի Մուսայելյանը։ Այս տխուր վիճակագրությունը դեռեւս ամբողջական չէ։
Որդեկորույս ծնողները հանրապետության նախագահից պահանջում են, որ նա՝ «Ավետարանի վրա իր երդման համաձայն» պաշտպանի իրենց իրավունքները։ Ռոբերտ Քոչարյանը թեեւ արձակուրդում է, սակայն ցուցարարները համոզված են, որ իրենց դիմումը անպայման նրան կհասնի։ Իրենց որդիներին կորցնելու վտանգից ցուցարարներին էին միացել հիվանդ ու զինվորական ծառայությանը ոչ պիտանի զորակոչիկների մայրեր Լուսիկ Նազարյանն ու տիկին Աթյանը։ Առաջինի որդին՝ Արարատ Վարդանյանն, արդեն հինգ ամիս է հոսպիտալում է։ Բժիշկներն արձանագրել են, որ նա ուղեղի ցնցում ունի, երիկամներում՝ քար, դեղորայքի հանդեպ՝ ալերգիա եւ այլ հիվանդություններ։ Սակայն Կենտրոնական զինվորական հանձնաժողովը (ЦВК) տղային համարում է առողջ եւ ծառայության համար պիտանի։ Կենտրոնական հոսպիտալում է Սարգիս Միշայի Աթյանը։ Նա եւս ճանաչված է ոչ պիտանի (սեռական օրգաններում ջուր է հավաքվում, երկու անգամ վիրահատվել է եւ այլն), սակայն նրան եւս՝ որպես առողջ զինվորի, զորակոչել են բանակ։ «Առավոտը» դիմում է ՀՀ պաշտպանության նախարարին խնդրանքով՝ իր ուշադրության տակ առնել այս ծնողներին եւ հնարավորինս օգնել նրանց։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ