Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կրակեմ՝ կընտրես» կարգախոսը չաշխատեց

Օգոստոս 17,1999 00:00
spanutyun

Աջափնյակ թաղամասում սիրում են ընտրությունների առիթով ձախ գնալ։ Սա Երեւանի այն բացառիկ թաղամասերից է, որտեղ յուրաքանչյուր վեցերորդ բնակիչն իրեն պոտենցիալ թաղապետ է զգում։ Վարդավառի թրջված ու չկայացած ընտրություններից հետո նոր ընտրությունները պետք է կայանային օգոստոսի 15-ին։ Հիմա էլ նախորդ չորսի դիմաց վեց թեկնածու հայտնվեց։ Սակայն այս թաղամասի գլխին սուրբ օրերը հարմար չեն գալիս։ Նախորդ վարդավառյանից հետո այս նոր ընտրությունները նշանակված էին սբ. Մարիամի տոնին։ Այս օրը նաեւ խաղողն է օրհնվում։ Հավանաբար, չուզելով պղծել սուրբ օրը, նաեւ ամբողջ տարին խաղողի համը չհանելու նպատակով, ընտրությունները տեղափոխվել էին եկող կիրակի (օգոստոսի 22-ին)։ Տեղափոխել էին, բայց հրապարակայնությունը չէին ապահովել։

Առանձնապես երջանիկ չէի, որ կիրակիս ստիպված էի Աջափնյակի փողոցներում եւ ընտրական տեղամասերում անցկացնել, մյուս կողմից էլ, նախորդ անգամվա կրակոցներից, վիրավորներից ու կռիվներից մի լավ դաս էի առել, բայց ոչինչ չէի կարող անել։ Մնում էր գնալ եւ լուսաբանել ժողովրդավարական երկրի ժողովրդավարական ընտրությունները։

Իսկ թաղամասում զարմանալիորեն խաղաղ կեսօր էր։ «Տեսնես ինչո՞ւ չեն կրակում, այսպիսի անկրակ ընտրությո՞ւն»։ Զարմացած եմ, մի քիչ էլ հիասթափված։ Նյութիս մեջ «ատամ» չի լինելու։ Ժամացույցների վերանորոգման կրպակում վարպետին հարցնում եմ. «Դուք արդեն ընտրե՞լ եք»։ Ասում է՝ «չեմ ընտրել, չեմ էլ ընտրելու, մի անգամ ընտրեցի, ի՞նչ հասկացա»։ Այսպիսի պատասխան տալիս էին բոլոր զրուցակիցներս։ Ու ոչ մեկը չէր ասում, որ այսօր ընտրություն չկա, ընտրության օրը հետաձգված է։ Շարունակում եմ ինձ ու ինձ զարմանալ՝ այս թաղապետացուները կամ կրակելու շնորհք չունեն, կամ էլ՝ դեռ շուտ է։ Թաղերից մեկում, արեւածաղկի սերմ վաճառողի շուրջը հավաքվել էին մի խումբ պապիկներ։ «Դուք ընտրության գնացե՞լ եք»։ Ծեծված հարցս եմ կրկնում։ «Գնացել ենք, բալա ջան, էն անգամ գնացինք՝ Արծրունին ընտրեցինք, բայց ի՞նչ ստացվեց։ Էլ ոչ մի ընտրության չենք գնալու»։ Կոկորդը հենց նոր վիրահատված մի պապիկ իր կիսատ ձայնով հազիվ հասցրեց ասել. «Եկող կիրակի կգաս, կտեսնես, որ ոչ մեկս ընտրության չենք գնացել, բայց իրանց մարդուն են դրել»։ Ո՞նց թե եկող կիրակի, էս ի՞նչ է խոսում։ Հա, հենց էլ եկող կիրակի, էս սուրբ օրը հո կրկին չէի՞ն պղծելու։

Աջափնյակն անթաղապետ կմնա եւս մեկ շաբաթ։ Թե ինչ կկատարվի դրանից հետո, դեռ պարզ չէ։ Իսկ ընտրողներն արդեն ընտրությունից զզված են եւ չեն ուզում գնալ ընտրության։ շատերը վստահ են, որ «իրանց ուզած» մարդուն են դնելու (ոչ թե ժողովրդի ընտրյալին), եւ իշխանություններին թվում է՝ «ժողովուրդն էշն է, իրենք՝ փալանը, կարող են ընկնել ժողովրդի մեջքին ու քշել»։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031