Եվ ոչ միայն Սկսվե՜ց։ Դուռս թակեցին ու հանդիսավորապես ինձ փոխանցեցին Աջափնյակի համայնքապետի թեկնածու Գագիկ Արզումանյանի «Խոսք ընտրողիս» անվանյալ ստեղծագործությունը։
Քանի որ այլ թեկնածուներ դեռ չէին հասցրել զզվեցնել իրենց բուկլետ-մուկլետներով՝ անընդմեջ ընտրությունների այս տարիների ընթացքում ձեռք բերած սովորույթիս հակառակ՝ սույն երկը աղբարկղը չնետեցի։ Առաջին «ծիծեռնակիս» նետված թռուցիկ հայացքն իսկ ստիպեց զղջալ ավանդույթիս դավաճանելու համար։ Ես, իհարկե, գիտեմ, որ սույն խոսքը դժվար թե ազատ ձեռներեց Գագիկ Արզումանյանն անձամբ ինքը գրած լիներ։ Հաստատ ինքը չի շարել եւ տպագրել «Դավիթ» ֆիրմայի տպարանում։ Բայց գոնե ազդօրինակը պատրաստ լինելուց հետո չի՞ կարդացել, թե իր ինքնագովազդով ինչպես է ներկայանում ընտրողներին։ Ասենք, գրված է՝ «իմ խորհին համոզմամբ»։ Երկու անգամ են գրել նույն արտահայտությունը, որ ոչ մի տարակույս չունենաս, թե բուկլետը կազմողներն իսկապես համոզված են («ոչ ոք չի կարող ինձ հակառակն ապացուցել»,- ինչպես գրված է այստեղ) որ խորին բառը հենց «հ»-ով էլ գրվում է։
«Սիրելի աջափնյակցիներ» կոչից հետո ե՛ւ բութ են դրել, ե՛ւ ստորակետ։ Թերեւս վերջնական համաձայնության չեն եկել՝ որն է ճիշտ եւ որոշել են երկուսն էլ կիրառել։ Հաջորդող մի նախադասության մեջ հարցական երեք նշան կա։ Եվ ընդհանրապես, ողջ տեքստում հե՛չ պատկառանք չի զգացվում կետադրության նկատմամբ՝ տեղի-անտեղի ստորակետ ու միջակետ է կիրառվել։ Եվ սա դեռ բոլորը չէ։ Բա բուկլետում թեկնածուի ազգանո՞ւնն էլ տառասխալով գրված լինի՝ «Արզումայնան»։ Սատանան ասում է, պաշտոնի եւ փողի կռիվներին չմասնակցելու որոշմանդ հակառակ՝ չգնա՞ս ու մասնակցես համայնքապետի ընտրություններին ու քվեաթերթիկիդ մեջ նրա ազգանունի ձեւը փոխես այնպես՝ ինչպես այստեղ է։
Նման կիսագրագետ (եթե չասենք ավելին) եւ անկազմակերպ (կարող էր, չէ՞, մի բանասերի խնդրել, որ սրբագրի տեքստը) ձեւո՞վ է ուզում ընտրվել։
Կարդացեք նաև
Բայց գրագիտությունը եւ կրթվածությունը, մանավանդ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, վճռորոշ հանգամանքներից ամենավերջինն են։ Ավելի կարեւոր է, թե ինչ է խոստանում ընտրողներին տվյալ թեկնածուն եւ, եթե ավելի անկեղծ լինենք, ինչ է արդեն իսկ տալիս։ «Ի՞նչ եմ խոստանում ընտրողներիս», հատվածում «Արզումայնանը» մասնավորապես գրում է. «Խոստանում եմ շատ խոստումներ չտալ»։ «Խոստանում եմ լինել ուշադիր»։ «Խոստանում եմ լսել Ձեր (սա էլ է հետաքրքիր, «Ձեր»-ն ամեն տեղ մեծատառով են գրել, իսկ «Դուք»-ը՝ փոքրատառով- Ա. Ս.) խոսքը եւ սատար կանգնել ու լինել կարեկից»։ Անձամբ իմ տպավորությունն այս խոստումներից այս էր, թե նա չի խոսելու, բայց մե՜ծ ուշադրությամբ լսելու է։
Եվ վերջապես, ամենակարեւոր խոստումը. «Ես համոզված եմ՝ մենք միասին շատ բաների կհասնենք։ Եկեք միասին արժանավայել քայլենք դեպի 21-րդ դար, քանի որ «Ճանապարհը կհաղթահարի գնացողը»։
Ահա մի խոստում, որն անպայման կկատարվի՝ շուտով 21-րդ դար կհասնենք՝ անկախ նրանից, թե ով կլինի Աջափնյակի թաղապետը։
ԱՆՆԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ