Շարունակվում է բյուջեի ճեղքվածքի մեղավորների անհանգիստ փնտրտուքը։ Կառավարության վերջին նիստում պարզվեց, որ հիմնական մեղավորները թաքնված էին Լոռու, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում։
Ու քանի որ կառավարության ձեռքերը երկար են, այդ մարզերի համայնքների որոշ ղեկավարներ ազատվեցին աշխատանքից։ Հեռուստախցիկի առջեւ խրոխտ կեցվածք ընդունելով եւ աշխատելով հնարավորինս համոզիչ լինել՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանը իր վրա վերցրեց որոշումը հիմնավորելու գործը։ Ասաց, որ գյուղապետերը ոչ միայն կարգին հարկահավաքությամբ չեն զբաղվել, այլեւ իրենք են խուսափել վճարել պետությանը հասանելիք հարկերը։ Այսինքն՝ գյուղապետերը չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը՝ ի տարբերություն, ասենք, Խոսրով Հարությունյանի, կառավարության մյուս ազնիվ ու, ինչու չէ, անբասիր ու մաքրամաքուր անդամների։
Ինչ խոսք, մարզերում համայնքների ղեկավարներն առաջնորդվում են միջնադարյան, ճորտատիրական մեթոդներով։ Արդարացնելու համար իրենց կամայականությունները՝ նրանք միամիտ գյուղացիների մոտ վերհուշներ են պատմում, թե ինչպես են վարչապետ Վազգեն Սարգսյանի ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի հետ նույն սեղանի շուրջ լուրջ զրույցներ ունեցել, թե ինչքան են իրենք հարգված Երեւանում եւ նման հեքիաթներ։ Որոշ գյուղապետեր՝ մարզպետների ու համապատասխան նախարարների համաձայնությամբ, անգամ՝ դրդմամբ, իրենց ճաշակով են տնօրինում համայնքի բյուջեն։
Ու ահեղ դատաստանն իրեն սպասեցնել չտվեց. վատ գյուղապետերը ազատվեցին աշխատանքից։ Վարչապետը կարծիք հայտնեց, թե նրանց ընտրության մեխանիզմն իրեն չի արդարացնում. պիտի կառավարությունը վերանայի պետական կառավարման համակարգը եւ ինքն էլ նշանակի համայնքների ղեկավարներին։ Ու նրանք հենց կառավարության առջեւ պատասխանատու լինեն։ Պարզ է, որ կառավարությունն՝ ի դեմս վարչապետ Սարգսյանի, մահու չափ սարսափազդու է (նաեւ) գյուղապետերի համար։
Կարդացեք նաև
Այս մոտեցումը (կառավարության կողմից համայնքների ղեկավարների նշանակումը) որոշակիորեն դեմ է եվրոպական կառույցների, այսպես կոչված, դեմոկրատական, ապակենտրոն սկզբունքներին։ Այն միանշանակորեն չեն ընդունում նաեւ կուսակցությունները։
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյան.
-Բոլոր բարդությունները կապված են սահմանադրական փոփոխությունների հետ։ Մի կետ փոխելը որեւէ դրական կամ բացասական արդյունքի չի բերի։ Իսկ Սահմանադրության մասին մեր վերաբերմունքը գիտեք։
Կոմկուսի երկրորդ քարտուղար Վլադիմիր Դարբինյան.- Այդ հարցի շուրջ մենք դեռ չենք խորհրդակցել։ Կուսակցությունը միայն կոլեկտիվ որոշման արդյունքը կարող է ներկայացնել։ Իսկ իմ անձնական կարծիքով՝ մարզպետները պետք է ընտրվեն, գյուղապետերը՝ նշանակվեն։ Սա ասում եմ՝ հաշվի առնելով մեր ժամանակի առանձնահատկությունը, ծառայական կարգապահությունը։ Կան գյուղապետեր, որոնք ընտրվել են եւ ոչինչ չեն անում։ Մարզպետը պետք է լիազորված լինի ժողովրդի կողմից, որպեսզի լիարժեք աշխատի։
ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյան.
– Տեղական իշխանությունների խնդրով դաշնակցությունն ի սկզբանե ներկայացրել էր իր տեսակետները, որոնք տեղ են գտել նաեւ ՀՅԴ-ի նախընտրական պլատֆորմում։ Խնդիրը մեզ համար հստակ է. տեղական ինքնակառավարման բոլոր օղակներում, ինչպես նաեւ մարզպետների պարագայում, պետք է լինի ընտրություն, եւ իշխանությունները պետք է ձեւավորվեն ընտրությունների միջոցով։
ԻՄ դիվանի փոխխոսնակ Նորիկ Խանզադյան.
-ԻՄ-ը դեռեւս հարցը չի քննարկել, բոլորն արձակուրդում են։ Սակայն ԻՄ-ը դեմ է նշանակելուն։ Մենք միշտ ձգտել ենք, ձգտում ենք եւ ձգտելու ենք, որ ամեն ինչ լինի ընտրովի։ Բացի զոքանչից։
Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյան.
-Կուսակցությունը դեռեւս հարցը չի քննարկել, բայց համամիտ եմ, որ գյուղապետերի այսօրվա անկախությունը գործին որեւէ օգուտ չի բերել։ Մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ այդ ինստիտուտը հաստատվի։ Եթե չգտնվեն լծակներ, որով համայնքն իր ընտրածին կարողանա վերահսկել, ավելի լայն հնարավորություն պետք է տալ կառավարությանը, որ նա՛ իր լծակներն օգտագործի։ Սրանք կուսակցությունների կարծիքներն էին։ Վարչապետ Վազգեն Սարգսյանի ելույթներից, հատկապես կոլխոզ-սովխոզների մասին նրա հիշատակումներից երեւում է, որ նա որոշակիորեն ազդված է ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի հայացքներից։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ