Լրահոս
Օրվա լրահոսը

Օգնեք գտնել ինձ

Օգոստոս 17,1999 00:00
glux

Ես՝ Լուիզա Սարգսյան, Լուիզա Մանուկյան, Սիրիկ Մանուկյան եւ մի շարք այլ անուններ ունեմ, որոնցից ոչ մեկը երեւի իմը չէ։ Ես չգիտեմ որտեղ եմ ծնվել եւ կորցնելով ծնողներիս՝ 9 ամսական հասակում տեղափոխվել եմ Կամոյի մանկատուն՝ Լուիզա Մանուկյան անուն-ազգանունով:

Չորս տարեկանից հաճախել եմ Կամոյի թիվ 5 միջնակարգ դպրոց, մինչեւ 5-րդ դասարան։ 5-րդ դասարանից ինձ տեղափոխել են Մեղրիի «Լիճք» մանկատուն։ Երեք տարի սովորել եմ տեղի մանկատան դպրոցում։ 8-րդ դասարանում ասացին, որ «Լիճք» մանկատունը փակվում է եւ նորից տեղափոխեցին Կամո, որտեղ մնացի մեկ տարի, բայց դպրոց չհաճախեցի։ Այնուհետեւ մանկատան տնօրենը հայտնեց, որ նախարարությունը (անհայտ է, թե որ) ասել է, որ տեղափոխվեմ Երեւան։ Երեւանում բնակվելու տեղ հատկացրին Էրեբունու կլինիկական հիվանդանոցի 9-րդ հարկում (վկաներ կան)։ Այդ ընթացքում սովորել եմ Էրեբունու թիվ 160 ֆրանսիական թեքումով միջնակարգ դպրոցում։

Ավարտական քննություններից առաջ ես նամակ ստացա կրթության եւ գիտության նախարարությունից, որում ասվում էր, որ ես՝ Լուիզա Սարգսյանս, Աստծո կամքով ընդունվել եմ Էրեբունու բժշկական կենտրոնի ինստիտուտ, որտեղից հետո ինձ տեղափոխեցին Երեւանի բժշկական համալսարան։ Այնտեղ սովորել եմ մինչեւ 1999 թ. ապրիլ ամիսը, այսինքն այնքան ժամանակ, մինչեւ ռեկտոր Քուշկյանը ինձ, կանչելով իր մոտ, տեղեկացրեց, որ ես պիտի դուրս գամ իմ դիմումի համաձայն, բայց ես դիմում չգրեցի։ Նա ասաց, որ նախարարությունն է այդպես կամեցել։ Էրեբունիում ապրել եմ մինչեւ առաջին կուրսի վերջը, հետո ինձ երեք ամսով տեղափոխեցին Մաշտոցի պողոտայում իրենց վարձած բնակարանը։ Այդ ընթացքում ինձ ապահովում էին գումարով։ Ամեն առավոտ սպիտակ գույնի «Հոնդան» ինձ էր սպասում, որպեսզի համալսարան տանի եւ այսպես մինչեւ 2-րդ կուրս, մինչեւ մեքենայի վարորդի կասկածելի մահը։

Այնուհետեւ ինձ մանկատան մյուս երեխաների հետ տեղափոխեցին Նոր Նորքի 2-րդ մանկատան հանրակացարան, որտեղ, անձնագիր չունենալու պատճառով, ինձ չգրանցեցին, ի դեպ, մի քանի անգամ դիմումս մերժել են՝ պատճառաբանելով, որ ծննդականը կեղծ է։ Շեշտում էին նաեւ, որ «վերեւից» հրամայված է ինձ անձը հաստատող փաստաթուղթ չտալ։ Ապրել եմ Նորքի Զանգվածի եւ Զեյթունի հանրակացարաններում՝ մեծ քաշքշուկների գնով։ Վերջապես ո՞վ եմ ես, ո՞վ է ինձ հովանավորում, ո՞վ է այս ամենի հետեւում կանգնած։

Ս/թ օգոստոսի 11-ին, ժամը 20-ի սահմաններում Նոր Նորքի 2-րդ զանգվածի ուսանողական ավանի 5-րդ մասնաշենքի պարետը՝ Վարդանը, ոստիկանի համազգեստով ինչ-որ մարդու հետ մտան ընկերուհուս սենյակ (513), ինձ հայտարարեցին օտարերկրյա լրտես՝ շեշտելով իմ հանրակացարանում անլեգալ մնալու հանգամանքը, սպառնացին որպես լրտեսի տանել բանտ, իսկ ընկերուհուս, որպես լրտեսին թաքցնողի՝ վտարել հանրակացարանից։ Խնդրում եմ օգնության ձեռք մեկնել։

ԼՈՒԻԶԱ ՍԱՐԳՍՅԱՆ

(Լուիզա Մանուկյան, Սիրիկ Մանուկյան)

Այս նամակի հեղինակը թեեւ պարզ խոսում էր հայերեն, սակայն որոշակի առոգանությամբ։ Իր մասին ավելի մանրամասն տվյալներ նա խուսափում էր հաղորդել, թեեւ մեզ հաջողվեց որոշակի տվյալներ եւս ստանալ, բայց դրանք ավելի խճճեցին այս պատմությունը. «Երբ ինը տարեկան էի, չեմ հիշում, թե որ թվականն էր դա, ինձ ասել էին իմ տարիքը, բերեցին Երեւանի դատարաններից մեկը եւ դատ կազմակերպեցին, իբրեւ Կամոյի մանկատնից փախածի։ Մեքենայի վարորդ Յուրային, որին այդ դատից հետո բանտ նստացրին եւ երրորդ օրը նա մահացավ, խնդրեցի ասել, թե ով եմ ես եւ ինչ տարօրինակ պատմություններ են պտտվում իմ անձի շուրջ։ Նա ասաց, որ մեկը մինիստր դառնալու ճանապարհին է եւ դու կանգնած ես այդ մարդու ճանապարհին։ Նա ինձ ասաց, որ այս պատմության մեջ կարող է օգնել Մանուկյան Սուրենը, որն աշխատում է Մյասնիկյանի ԶԱԳՍ-ի բաժնում։ Հետագայում ես գտա նրան։ Նա ինձ ասաց, որ կարող է օգնել ինձ եւ մի աղջկա հետ ծանոթացնելով, որն ինձ գաղտնաբար կմտցնի արխիվ։ Այսպես գիշերվա ժամը 3-ին մտա արխիվ, որտեղ անցկացրեցի 5 րոպե։ Թղթապանակից ես կարողացա վերցնել ծնողներիս նկարները, որոնց մասին Յուրան պատմել էր, որ մահացել են, բայց ոչ սեփական մահով։ Պարզեցի, որ մայրս բժիշկ է եղել, գերմանացի հրեա, իսկ հայրս՝ նազարեթցի արաբ հետախույզ։ Արխիվում իմ իրական անուն ազգանունը Սալի Սանտանջելա էր։ Այդպես էլ չկարողացա պարզել, թե ինչպես եմ հայտնվել Հայաստանում»։

Մենք որոշել էին այս նյութը տպագրել մի քանի մանրամասներ ճշտելուց հետո։ Սակայն մտավախություն ունենք, որ հետապնդումների արդյունքում կարող է վտանգվել Սիրիկ Մանուկյանի անվտանգությունը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031